Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Հովհաննիսյան. «Ադրբեջանցիների կողմից կեղծ տվյալների արտահոսք կա»

Հուլիս 04,2016 19:07

Օրերս Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիեւը ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել էր, որ հայտնաբերել են ադրբեջանցի 127 անհետ զինծառայողների գերեզմաններ:

Այս նիստին նաեւ հայտարարվել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ աշխատանք է տարվել անհայտ անձանց վերաբերյալ տվյալները ճշգրտելու եւ ցուցակում անհամապատասխանությունները շտկելու վերաբերյալ: Ըստ նույն աղբյուրի, 213 անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզվել են, նրանց անունները դուրս են բերվել ցուցակներից, բացահայտվել է նաեւ, որ նախքան հրադադարի հաստատումը 11 հոգի անհայտ կորել է:

Թե որտեղ են հայտնաբերվել այդ գերեզմանները, ոչինչ չեն հայտնում:

Aravot.am-ի հետ զրույցում թուրքագետ, ադրբեջանագետ եւ razm.info կայքի փորձագետ Տարոն Հովհաննիսյանն ասաց, որ այդ գերեզմանները, ենթադրվում է, արցախյան 1-ին պատերազմի տարիներին իրենց կողմից անհետ կորած հայտարարված անձանցն են:

Ըստ Հովհաննիսյանի, ադրբեջանցի անհետ կորածների ցուցակները շատ բացեր ունեն եւ կան շատ անհամապատասխանություններ: Ցուցակների բացերի մասին ադրբեջանական կողմն էլ է նշում:

«2014-ի դեկտեմբեր ամսին նույն հանձնաժողովի ղեկավարը ադրբեջանական «Ինտերֆաքսի» հետ զրույցում հայտնել էր, որ իրենց ցուցակներով կա 4016 անհետ կորած. սա արցախյան պատերազմի տարիներին եւ հրադադարից հետո մինչեւ 2014 թվականի դեկտեմբերը: Նույն մարդը հայտնել էլ, որ ինչ-որ տվյալներով կարող են ապացուցել 877-ի անհետ կորած լինելու հանգամանքը: Իսկ մնացածի վերաբերյալ ինչ-որ փաստաթղթեր չունեն: Նա նաեւ նշել էր՝ շատ հնարավոր է այդտեղ կրկնվող անուններ կան, շատ հնարավոր է այդ մարդիկ գնացել են նախկին Խորհրդային տարբեր երկրներ եւ իրենք տեղեկություններ չունեն, կամ իրենց սխալ տվյալներ են հասել: Այսինքն, ըստ էության, ինքն էլ նշել է, եւ հենց իրենց խոսքերից է ստացվում, որ ցուցակներն անհասկանալի են եւ անհիմն բաներ կան»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը:

Նրա ներկայացմամբ՝ այն ժամանակ ադրբեջանցի նույն պաշտոնյան խոսում էր, որ իբր հայկական գերությունից ազատել են 1428 անձի, այս անգամ նրանք խոսում են 1436 անձի մասին. «Այսինքն, 2014 թվականի դեկտեմբերից մինչ օրս ընդամենը 8 հոգու, բայց նույն ազատվածների մեջ նշում են այն ադրբեջանցի կնոջ անունը, որն այս տարվա հունիսին անցել էր սահմանը, իբր ազատել են նրան: Իրականում կինն ինքն էր անցել մեր սահմանը եւ 2 օրվա ընթացքում մերոնք վերադարձրել են»:

Տարոն Հովհաննիսյանի կարծիքով, ադրբեջանական այս իրար հակասող թվերն ու հայտարարությունները, խոսում են այն մասին, որ իրենց մոտից կեղծ տվյալների արտահոսք կա, որով փորձում են արդյունքների հասնել եւ մինչ օրս, ինչպես ասաց Հովհաննիսյանը, ինքը որեւէ ապացույց չի գտել ադրբեջանական կողմից:

Որպես իր ասածների հիմնավորում, պարոն Հովհաննիսյանը նշեց այն, որ ադրբեջանական կողմը մինչ այժմ հայտարարել են, որ արցախյան 1-ին պատերազմից հետո բազմաթիվ մարդիկ կան, որոնց հետքերը չեն կարողանում գտնել, գերեզմանները չեն կարողանում գտնել, եւ իբր այժմ գտել են 127 հոգու գերեզման, բայց կոնկրետ տվյալներ չեն հաղորդում:

«Նայելով իրենց զեկույցները, տվյալները, հասկանալի է, որ սա կարող է լինել զուտ իբր իրենց աշխատանքը ցույց տալու փորձ, իբր այս հանձնաժողովն աշխատում է, քանի որ նրանք բավականին լուրջ ֆինանսավորում են ստանում, եւ իրենք խնդիր ունեն արդյունքներ ցույց տալու»,-ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ ադրբեջանական այդ նույն նյութում էլ այնքան բացեր կան, ու այնքան են տվյալները ներկայացրել, թվերն էլ անհասկանալի են.«Բազմաթիվ անհամապատասխանություններ կան: Ասում են ապրիլյան պատերազմական դեպքերից հետո հայկական կողմն իրենց է հանձնել 13 զինծառայողի դի, մի քանի տող հետո էլ գրում են, որ մինչեւ հրադադարի բանավոր պայմանավորվածությունը իրենք 11 անհետ կորած ունեն, այս 11 կորածները ընդհանուր թվում չեն երեւում: Ասում էին 4016 անհետ կորած կար, հիմա ասում են՝ 3803, 213-ի ճակատագիրն էլ ճշտել են: Մեր կողմում մնացած ադրբեջանցի զինծառայողների դիերը իրենք համարում էին անհետ կորածներ, բայց հետո իրենք ստացել են դիերը: Մի խոսքերով, իրենց կողմից խաբկանք ստեղծելու փորձ է արվում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031