Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանի համոզմամբ, հայ արտահանողների համար Հարավային Օսիայով ճանապարհը դեպի Ռուսաստան, պարզապես «միֆ է» եւ Վրաստանը ոչ մի գնով չի համաձայնի այն, որպես Վերին Լարսին այլընտրանք, տրամադրել:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մխչյանն ասաց, որ այս օրերին փոքր ու միջին բիզնեսով զբաղվող գյուղացիների «հարյուրավոր տոննաներով» բեռները Լարսի անցակետում կանգնած են եւ փչանում են, քանի որ Փոթիի նավահանգստի լաստանավերը խոշոր ընկերությունների կողմից ամբողջությամբ զբաղեցված են եւ միայն մեծ բեռնատարներին է առաջնահերթությունը տրվում. «Խեղճ գյուղացին ամբողջ տարին չարչարվել է եւ ամիսներով մեծացրած միրգը ստիպված թափելու է: Աղոթում ենք, որ օր առաջ Լարսը բացվի, որպեսզի գյուղացին իր մթերքը տեղափոխի»:
Թե ճանապարհի պատճառով գյուղացիները, որքան կորուստներ են կրել պարոն Մխչյանն ասաց, որ դեռ չեն հաշվարկել եւ վնասի չափը պարզ կլինի մի քանի օրից, երբ ամբողջը ամփոփեն:
«Ցանկացած այլընտրանք լավ տարբերակ է, եթե ելք է այս իրավիճակից: Բայց քանի որ հարցը քաղաքական է, դժվար է ասել, բանակցությունները արդյունք կտան թե` ոչ: Կարծում եմ չեն տա»,-ասաց պարոն Մխչյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ կառավարության հունիսի 30-ի նիստում տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում վրացական եւ ռուսական կողմի հետ այլընտրանքային ճանապարհի` Հարավային Օսիայով երթեւեկելու համար, սակայն դեռ նորություն չկա:
Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե ի՞նչ նորություն կա այլընտրանքային ճանապարհի բանակցություններից, տրանսպորտի եւ կապի նախարարությունից ասացին` որ նախարարի պատասխանից հետո որեւէ զարգացում չի եղել:
Նկատենք, որ այս պահին Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը Լարսն է, որի փակման հետեւանքով տարին մի քանի անգամ մեր քաղաքացիները, գործարարները հսկայական վնասներ են կրում, սակայն շահում են լաստանավի բիզնեսով զբաղվող ընկերություններն ու ռուսական ավիաընկերությունները, որոնք այս օրերին ավիատոմսերի գները կրկնակի բարձրացրել են:
Մասնագետների խոսքերով, Հարավային Օսիայով ճանապարհը օգտագործելու դեպքում գործարարները կշահեն, քանի որ բնական աղետները` գետի վարարում, տեղումներից ճանապարհի փակվել եւ այլն, ինչպես որ տարին մի քանի անգամ լինում է Լարսի պարագայում, այդ ճանապարհի դեպքում քիչ հավանական է:
Այսօր տրանսպորտի եւ կապի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ ժամը 17-ին Լարսի մի հատված փորձնական բացվելու է 4×4 թեթև մարդատար մեքենաների համար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ