Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. Ինչո՞ւ Սեյրան Օհանյանը Ադրբեջանի հարձակումն ապացուցող տեսագրությունը միջազգային ատյաններ չի ներկայացրել

Հուլիս 04,2016 18:12

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձել էր համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ երեւում է, թե ինչպես է ադրբեջանական զորքը մոտենում ԼՂՀ սահմաններին:

Aravot.am-ը խնդրեց Անդրիաս Ղուկասյանին, որը տարածել էր տեսանյութը, մեկնաբանել նախարարի հայտարարությունը: Նա պատասխանեց, որ համաձայն է Սեյրան Օհանյանի մեկնաբանության հետ. «Տեսանյութը մենք ուշադիր զննել էինք, որովհետեւ երբ ներկայացնում էինք ՄԱԿ-ին, մանրամասն ներկայացրել ենք՝ թարգմանված անգլերեն: Տեսագրված է, որ երբ զինվորները բացահայտում են ադրբեջանական զինվորների ներթափանցումը մեր պաշտպանական դիրքերի թիկունք, նախապատրաստվում են մարտի:

Ջոկի հրամանատարը, հավանաբար, հրահանգ է տալիս կրակել, փոքր-ինչ հետո արձանագրում է, որ անհետեւանք մնացին կրակահերթերը: Տեսագրությունը ավարտվում է նրանով, որ ջոկն անցնում է մարտի, երբ հակառակորդի եւ մեր զինվորների միջեւ հեռավորությունը ավելի կրճատվում է: Այն բոլոր խոսակցությունները, մեկնաբանությունները, որոնք որ առաջացել էին, հավանաբար, առաջացել էին այդ տեսանյութի ոչ ուշադիր զննումից»:

Սակայն, Անդրիաս Ղուկասյանը համարում է, որ կարեւոր հարցը դա չէ, ըստ նրա տեսանյութի շուրջ խոսակցությունները շեղվել էին այլ ուղղությամբ: Գլխավոր հարցն այլ է՝ ինչո՞ւ հայկական զինուժը տիրապետելով հստակ ապացույցներ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ, այդ տեսագրությունը չի ներկայացրել միջազգային ատյաններ. «Սեյրան Օհանյանը պարտավոր էր այս տեսագրությունը ապրիլի 5-ին հանձնել Անջեյ Կասպրշիկին, որը որ իրականացնում է եւ գլխավորում է մոնիթորինգի ծառայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում: Սեյրան Օհանյանը դա չի արել: Ոչ ոք հարց չի տալիս, թե ինչու չի արել: Տեսագրությունը բանակը ուներ, Սեյրան Օհանյանը իր մեկնաբանությամբ հաստատում է, որ այն իսկական է:

Եվ կարեւոր հարց է Սերյան Օհանյանին՝ ինչո՞ւ ինքը այդ տեսագրությունը ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ պաշտոնակատարին չի ներկայացրել: Եթե ինքը դա ներկայացներ, բնականաբար, ոչ Վիեննայում, ոչ դրանից հետո Մինսկի խմբի համանախագահները Շտայնմայերը՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահը, չէր դնի հավասարության նշան Ադրբեջանի եւ Հայաստանի եւ Արցախի միջեւ այս քառօրյա պատերազմի հետ կապված: Ո՞նց կարող էր ստացվել, որ տիրապետելով այդպիսի ապացույցներ հայկական կողմը չկարողացավ ապացուցել, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը եւ միջազգային իրավունքի լրջագույն խախտում է թույլ տվել: Սա է հարցը»:

Անդրիաս Ղուկասյանի համար մեծագույն հարց է, թե ռազմական ղեկավարությունը ինչով էր զբաղված ապրիլյան պատերազմի ընթացքում. «Պետք է հետաքննություն անել այդ հարցի համար. այստեղ, իհարկե՛, հենց շան գլուխն է թաղված՝ Հայաստանի պահվածքը քառօրյա պատերազմից հետո: Ինչո՞ւ Ադրբեջանը չճանաչվեց ագրեսոր: Այս հարցի պատասխանատունները անձամբ Սեյրան Օհանյանն եւ Սերժ Սարգսյանն են: Սերժ Սարգսյանի մասով մեզ հասկանալի է՝ դիվանագիտական ատյաններում շրջանցվում է, որ կոռումպացված է եղել Սերժ Սարգսյանը Ալիեւի կողմից: Բայց Սեյրան Օհանյանը ինչո՞ւ է իրեն այդպես պահում դա հարցական է ե՛ւ հանրության համար, ե՛ւ բանակի համար, ե՛ւ այն մարդկանց համար, որոնք այս հարցով հետեւողական զբաղվում են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031