Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր սահմանադրության անցման դժվարություններն ի հայտ են գալու 2017-ի աշնանը». Էդմոն Մարուքյան

Հուլիս 04,2016 18:02

Սահմանադրության ոչ բոլոր դրույթներն են հունվարի 1-ից ուժի մեջ մտել:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն այս առիթով նկատեց. «Չենք կարող ասել, որ ամբողջությամբ նոր սահմանադրությամբ ենք ապրում: Հիմա մեզ մոտ նորմերի կոլիզիա կա հին ու նոր սահմանադրությունների կիրառության միջև»:

Տիկին Տիգրանյանը փաստեց, որ նոր սահմանադրությամբ ՀՀ ԱԺ տարբեր հանձնաժողովների գործառույթների հատման հետ կապված, տարբեր ինստիտուտների` դեպի նոր սահմանադրության անցման հետ կապված խոչընդոտներ կան:

A discussion ahead of the Constitution Day on the topic of 'Transition to the new Constitution. Problems and prospects' took place at the Media Center

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանը, շնորհավորելով հուլիսի 5-ին նշվող Սահմանադրության օրվա կապակցությամբ, նշված մտահոգությունների հետ կապված պարզաբանեց. «Սահմանադրությունը փոխվեց որոշ ամբողջական մասերով, բայց սա նոր սահմանադրություն չէ. սա հին սահմանադրության փոփոխված տարբերակն է»:

Տիկին Եսայանը մտահոգություն հայտնեց, որ ներկայումս գրախանութներում դժվար է գտնել սահմանադրությունը` փոփոխված տարբերակներով, և լավ կլինի` ՀՀ քաղաքացին փնտրի փոփոխություններով սահմանադրությունը և այն գտնի բոլոր կրպակներում:

Մարգարիտ Եսայանը մտահոգություն հայտնեց նաև, թե գրանցված 80 կուսակցություններից ներկայումս առյուծի բաժինն անգործության են մատնված: Սակայն ըստ Մարգարիտ Եսայանի` դա չի խանգարում, որ ՀՀ-ում շարունակվեն ստեղծվել նոր կուսակցություններ. «Դա նշանակում է, որ ՀՀ քաղաքական դաշտում տեղի է ունենում գաղափարախոսությունների, հայացքների, ասելիքի մաքրում, տեղավորում: Մենք ի վերջո պիտի հասնենք նրան, որ ՀՀ-ում լինեն կուսակցություններ համախմբված և կոնկրետ գաղափարախոսություն ունեցող: Որևէ մեկի մտքով այլևս չի անցնի, նույնիսկ, եթե շատ փող ու հնարավորություն ունի, հանկարծ սեփական հաճույքի և ցանկությունների համար կուսակցություն ստեղծել: Սա մաղվելու գործընթացն է»:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը փաստեց, թե մեր հասարակությունը երբեք չի զգացել, որ Սահմանադրությունն իրենն է: Դառնալով ընտրական օրենսգրքին` Էլինար Վարդանյանն ասաց. «Իմ գնահատմամբ` այն հնարավորություն չի տալիս, որ բոլոր կուսակցություններն ունենան հավասար հնարավորություն քաղաքական դաշտում իրենց գործունեությունը ծավալելու համար»:

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատում է, որ այսօր եղած նոր քաղաքական ուժերն ավելի շատ հնարավորություններ ունեն մրցակցել գործող իշխանության հետ, քան եղած 20-25 տարվա կուսակցությունները. «Կարծում եմ` ուղղակի ընտրական օրենսգրքով այնպիսի անհավասար պայմաններ են ձևավորվել, որ իշխող կուսակցությունը մյուս կուսակցություններից մի քանի քայլ առաջ լինի»:

Էդմոն Մարուքյանի կարծիքով` անցումային փուլի դժվարությունները ի հայտ են գալու 2017-ի աշնանը, երբ նախագահի լիազորություններն ավարտվեն, և խորհրդարանն ամբողջությամբ ստանձնի պառլամենտական խորհրդարան լինելու հանգամանքը. «Հնարավոր է, որ այս փուլում ցնցումներ ունենանք, և շատ կարևոր է, որ բալանսավորված խորհրդարան ունենանք»:

Էդմոն Մարուքյանը, դառնալով Մարգարիտ Եսայանին, ասաց, թե՝ «Ձեր փոխարեն այդքան ջանասիրությամբ այս համակարգը չէի պաշտպանի», այնուհետև նշեց. «Կուզենամ, որ 6-րդ գումարման ԱԺ-ում Դուք, Ձեր տեսակի մարդիկ լինեն, բայց եթե Ձեզ հետ հանկարծ ՀՀԿ թաղապետ, օլիգարխ առաջադրվի, իմացեք, որ լուրջ խնդիր կունենաք»:

Մարգարիտ Եսայանն արձագանքեց. «Ես ոչ թե ջանասիրաբար այս կամ այն ուժին եմ պաշտպանում, այլ երբ հնչեցվում է կարծիք, որի դեմ ասելու բան ունեմ և դա իմ համոզմունքն է, ես պարտավոր եմ դա ասել անկախ կուսակցական պատկանելությունից: Եթե ասեք, որ որևէ երկրում ընդդիմությունն ավելի շատ լծակներ ունի, քան իշխանությունը, ես կզարմանամ: Երբ դուք գաք իշխանության, դուք նույնքան լծակներ եք ունենալու, որքան ունի այս իշխանությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031