Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Սահմանափակե՛ք հրդեհավտանգ տարածքներում հրավառությունների կազմակերպումը»

Հուլիս 04,2016 18:00

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ  մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման, այգիների մաքրման և ծառերի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ըստ ժամանակացույցի շարունակվում են նաև չորացած և ընկնելու վտանգ ներկայացնող ծառերի նկատմամբ մասնագիտական միջամտությունները, ինչպես նաև խոտհնձի աշխատանքները: Նաև զեկուցվել է, որ ավարտվել են 2016 թվականի ծրագրով նախատեսված ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել հետևողական աշխատանքներ տանել մասնավորապես ծաղկապատ տարածքների խնամքի ուղղությամբ:

«Անհրաժեշտ է առավել հետևողական լինել ծաղկապատ և կանաչ տարածքների խնամքի ուղղությամբ, առավել ևս, որ տարեցտարի ընդլայնում ենք ոռոգման ցանցն ու, ըստ էության, ապահովել ենք պատշաճ խնամքի համար անհրաժեշտ հիմնական պայմանները: Նաև որոշակի ոճային մոտեցում ցուցաբերեք ծաղկապատման աշխատանքներում, որպեսզի տպավորություն չլինի, թե ով ինչ ծաղկատեսակ ունեցել, այն էլ տեղադրել է հարակից հատվածում, այդ թվում նաև տնտեսվարողները: Հատուկ ուշադրության կենտրոնում պահեք նաև խոտհնձի աշխատանքները, որպեսզի խուսափենք չորացած խոտի այրման հնարավոր դեպքերից», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև անդրադարձել է հրավառությունների հետևանքով խոտի այրման հնարավոր դեպքերի կանխարգելմանն ու հանձնարարել է խստորեն վերահսկել նմանատիպ տարածքներում հրավառությունների կազմակերպումը:

«Հատկապես ամռանը հրավառությունները կարող են խոշոր հրդեհի պատճառ դառնալ, ուստի անհրաժեշտ է ուշադիր և հետևողական լինել: Ըստ այդմ, համապատասխան մարմինների հետ համագործակցելով՝ խիստ վերահսկողություն սահմանեք այդ ուղղությամբ և սահմանափակեք հատկապես հրդեհավտանգ տարածքներում հրավառությունների կազմակերպումը: Բացի այդ, խիստ հսկողության տակ պահեք նաև զվարճանքի օբյեկտներից հնչող երաժշտության և աղմուկի բարձրությունը, որպեսզի սահմանված ժամից հետո այն որևէ կերպ չխանգարի մեր համաքաղաքացիներին: Անշուշտ, հաճելի է, որ մեր հայրենակիցների ուրախանալու առիթները շատ են, բայց դրանք չպետք է լինեն մեր մյուս համաքաղաքացիների հանգստի ու անդորրի հաշվին», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031