Հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում են կառույցի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։
Ինչպես գիտեք, անցյալ սեպտեմբերից Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը, այս տարվա աշնանը, առավել հստակ՝ հոկտեմբերին, Հայաստանում կայանալու է Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, ուստի մեր այսօրվա հանդիպմանը քննարկեցինք պետությունների ղեկավարների գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, նրանց հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերի նախագծերը։ Առաջին հերթին, մեր ուշադրության կենտրոնում էր ՀԱՊԿ 2025թ. հավաքական անվտանգության ռազմավարությունը, որը ներկայացվելու է Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի հաստատմանը:
Այսօրվա նախարարական խորհրդի նիստը մեզ հնարավորություն ընձեռեց՝ քննարկելու նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, 2015թ. սեպտեմբերին և հոկտեմբերին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրագործումը, ինչպես նաև հայաստանյան նախագահության առաջնահերթությունների իրականացումը։
Կարդացեք նաև
Հայաստանը մշտապես ակտիվ և նախաձեռնող է եղել կազմակերպության շրջանակներում փոխգործակցության կատարելագործման, միջազգային ասպարեզում նրա դերակատարության ակտիվացման, անդամ երկրների միջև համագործակցության սերտացման, արտաքին քաղաքականության համադրման մեխանիզմների զարգացման առումով։ Կազմակերպության նախագահության շրջանակներում մենք շարունակեցինք ակտիվ քայլերը վերոհիշյալ ուղղություններով։ Մենք բոլորս համակարծիք էինք, որ կառույցի փոխգործակցության մեխանիզմների կատարելագործումը կախված է առաջին հերթին կազմակերպության անդամ երկրների՝ իրենց անդամակցությունից բխող պարտավորությունների լիակատար իրականացման հետ:
Մեր նիստի օրակարգում էին միջազգային հանրության առջև ծառացած հիմնական մարտահրավերներից մեկի՝ ահաբեկչության, ծայրահեղականության դեմ պայքարին առնչվող հարցեր։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև կազմակերպության կանոնադրական մարմինների աշխատանքներին, քննարկվեցին ՀԱՊԿ անդամ երկրների միջև միջազգային տարբեր ձևաչափերում համագործակցության ակտիվացումը, արտերկրում և միջազգային կազմակերպություններում մեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին հավաքական հանձնարարականների պարբերական թարմացումը, 2016-2017թթ. քաղաքական, պաշտպանական և անվտանգության հարցերով խորհրդակցությունների անցկացման ժամանակացույցը:
Նախարարական խորհրդին հավանություն տրվեց մի շարք փաստաթղթերի նախագծերի, ընդունվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և սիրիական ճգնաժամի վերաբերյալ հայտարարություններ։
Թերևս, այսքանով սահմանափակվեմ և խոսքը փոխանցեմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։
ՀՀ ԱԳՆ