Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Վարդանյան. Ասֆալտի վրա ու առաջնագծում. Ես միշտ կլինեմ իմ բաժին ճրագը վառողը

Հուլիս 04,2016 17:40

Անցյալ տարի ամռանը Բաղրամյանի ցույցերի ժամանակ Գերմանիայից Հայաստան էր գործուղվել լրագրող ընկերներիցս մեկը` հայաստանյան ցույցերի մասին նյութ պատրաստելու: Ընկերոջս օգնում եմ կողմնորոշվել տեղանքում. զարմանում է՝ մի շարժում, որ այսքան մարդու է փողոց հանել, հստակ առաջնորդ չունի: Հանկարծ օպերայում տեսնում եմ փոքր, նիհարիկ, լույս ճառագող Նարինեին: Պինդ գրկում եմ ու ծանոթացնում ընկերոջս հետ. «Ծանոթացիր, Հայաստանի ամենասիրուն քաղբանտարկյալն է»: Նարինեն ծիծաղում է, գիտի՝ կատակ եմ անում: Նարինեն մեկն էր այն երիտասարդներից, որ «Ջրցանի օրը» բիրտ կերպով բերման ենթարկվեց ոստիկանություն: Հաջորդ իսկ օրը, ազատ արձակվելուց հետո, միացավ ընկերներին՝ Բաղրամյանում:

Նարինեն Տավուշից է, սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղից: Հակառակորդի կրակոցների տակ մեծացած ու ապրելու գինը հասկացող: Լրագրող է, հասարակական ակտիվիստ:

Գյուղից քաղաք՝ հայրենիքը մեծացնելով

Դպրոցում լավ էի սովորում, ու բարձրագույն կրթության հարցն անգամ չէր էլ քննարկվում: Պապս ասում էր՝ գրող պետք է դառնամ, բայց ես մեծացա, «գրող» բառն էլ մեծացավ, դարձավ «լրագրող»: Երևի մասնագիտությունս էլ կապ ունի, որ ուզում եմ ամեն տեղ լինել, ներսից զգալ իրադարձությունները, հասկանալ տրամադրությունները: Երևանն ինձ շատ փոխեց, երբեմն՝ ոչ այնպես, ինչպես կուզենայի: Բայց Երևանն ինչ-որ առումով մեծացրեց հայրենիքս: Եթե այն ժամանակ հայրենիքս Տավուշն էր, սիրտս ամենաշատը Տավուշի, մեր գյուղի համար էր ցավում, հիմա հայրենիքս ձգվել-մեծացել է: Հիմա գիտեմ՝ որտեղ էլ ապրեմ, պետք է փորձեմ մի քիչ ավելի լավը դարձնել կյանքն այդտեղ: Ես այլ տարբերակ ուղղակի չեմ տեսնում: Երևանը շատ ձևակերպումներ հղկեց ինձ համար, հնարավորություն տվեց ծանոթանալու մարդկանց հետ, ովքեր գիտեն՝ ինչպես և հանուն ինչի արժե պայքարել:

Փոխել՝ սիրելով

Մի քանի տարի առաջ ցույցերի գնացող ու անընդհատ բողոքող մարդու կերպարն ինձ համար ինչ-որ բացասական երանգավորում ուներ: Հիմա եմ հասկանում՝ վանողը համընդհանուր ատելության զգացումն էր՝ երկրի, իշխանությունների, կողքի մարդկանց նկատմամբ ու առհասարակ:

Shahen Harutyunyan_Narine VardanyanԵս երբեք, որևէ մեկին չեմ ատել: Նույնիսկ ջրցանից հետո, երբ մենակ էի մնացել Օպերայում, երբ տեսնում էի, որ կողքիս ոստիկանը մազերից քաշելով բարձրացնում է մի աղջկա… այդ ժամանակ մեջս ինչ-որ հիասթափություն կար, ինչ-որ անբացատրելի ցավ, ցասում, գուցե՝ նաև ատելություն, բայց դա անհասցե էր: Մարդիկ պատմում են, որ այդ օրն ինձ տեսել են Օպերայում ասֆալտին նստած, բարձր ինչ-որ բաներ բղավելիս, լաց լինելիս, բայց ես չեմ հիշում: Տեսնում էի, որ ոստիկանները հավաքում են ընկերներիս, մտցնում մեքենաները: Ուզում էի խնդրել, որ ինձ էլ տանեն, որովհետև զգացողությունը, որ քեզ կիսել են ամբողջից, անտանելի էր, անդամահատված վերջույթի ցավի նման: Չգիտեմ՝ ինչպես բացատրել:

Բախտս բերեց, ինձ էլ տարան: Այդ ժամանակ, լուսադեմին, զարմանալի էր, Օպերայի հատվածում ինչ-որ բաց խանութներ կային: Երկու տղա դուրս վազեցին, մոտեցան ինձ, մեկը շապիկը հանեց, հագցրեց ինձ, մյուսը թեյ բերեց: Չեմ հիշում՝ շնորհակալություն ասե՞լ եմ նրանց, թե ոչ: Հետո շատ եմ մտածել նրանց գտնելու, շնորհակալություն ասելու մասին: Ոչ այնքան այդ պահին այդ հոգատարության դրսևորման համար, որքան մեջիս եղած այդ ատելությունն իրենց սիրով չեզոքացնելու համար: Պայքարի ու փոխելու մի ձև կա՝ սի-րե-լով:

Մենք իրար հետ ասֆալտ ենք կիսել

Բաղրամյանի ցույցերի ժամանակ մարդիկ երջանիկ էին, որովհետև հավասար էին բոլորը: Մարդիկ ունեին ընդհանուր երազանք ու գիտեին դրան հասնելու հստակ ձևը: Անկախ նրանից, թե ինչ եղավ հետո, ես չեմ ափսոսում այնտեղ անցկացրած որևէ վայրկյանի համար: Մեզ ոչ ոք չէր խոստացել, որ մարդիկ չեն փոխվելու, չեն կոտրվելու, չեն համոզվելու, որ պայքարը չի քաղաքականացվելու, որ դավաճաններ չեն լինելու… Բայց ես հստակ գիտեմ՝ մարդիկ, որ սկսեցին պայքարը, երազանք ունեին: Ես իրավունք չունեմ նրանց չհավատալու: verjin payqar_Narine VardanyanՄենք «իրար հետ ասֆալտ ենք կիսել»: Ես գիտեմ՝ ինչ են խոսում մարդիկ, գիտեմ՝ ում մասին: Բայց նաև գիտեմ՝ մեր՝ իրար հետ սկսած պայքարն արդար էր ու սիրուն: Ինչ եղավ հետո՝ ես չեմ քննարկում, նույնիսկ ներքուստ, որովհետև ինձ համար արդյունքը մեկն էր՝ մենք գտել ենք իրար՝ մարդկանց, որ խիզախություն ունեն խավարի մեջ մի լույս վառելու: Ես հավատում եմ իմ սերնդին, ու այդ հավատը շոշափելի է ու արդարացված:

Մայիսի 27-ին, երբ տեղի ունեցավ առաջին երթը, ես գնացել էի՝ ընկերներիս կողքին լինելու: Հետո հասկացա՝ ես այս շարժվող մարդկանց, ընդհանուր երազանքի մի մասն էի: Ես համընդհանուր երջանկության կրողն էի: Ուրեմն, ինչպե՞ս չհավատամ նրանց: Ես հիշում եմ՝ երբ հայտարարվեց, որ մենք հաղթել ենք, որ էլեկտրաէներգիայի սակագինը չի թանկանալու, մարդիկ, տղաները, որ պինդ էին և ուժեղ, լալիս էին երջանկությունից: Ես ինչպե՞ս չհավատամ նրանց աչքերին:

Ես չեմ նեղանում

Ես չեմ նեղանում Հայաստանից: Դա նույնն է, որ նեղանամ ծնողներիցս: Ծնողներս էլ, Հայաստանն էլ ինձ տվել են այնքան, որքան կարողացել են: Մեկ-մեկ հայրս սրտնեղում է, որ ինձ համար մի քիչ ավելին չի արել: Բայց ես ինչպե՞ս նեղանամ նրանից: Ինչի՞ց նեղանամ, որ չմնաց Ռուսաստանում ու հետ եկավ իր գյուղ, որտեղ պատերա՞զմ էր, որ իր տունն անտեր չթողե՞ց: Ես նեղանալու ոչինչ չունեմ, հակառակը՝ շնորհակալ եմ, առաջին հերթին՝ անկախության համար, և՛ Հայաստանին, և՛ հորս:

Առաջնագծում․ գնդի դուստրը. զուգահեռներ

Ապրիլյան լարված օրերը սկսեցին: Ապրիլի 2-ին Տավուշ գնացի, 4-ին՝ վերադարձա Երևան: Գնացի համոզվելու, որ տանն ամեն ինչ կարգին է, որ Տավուշն անվտանգ է: Տանն ասացի՝ գուցե Արցախ գնամ: Ծնողներս առանձնապես չընդդիմացան: Կարծում էին՝ լրագրողական այց է լինելու: Հետո անդամագրվեցի «Արծիվ» մահապարտների կամավորական ջոկատին: Սկզբում ասացին՝ Ճամբարակ ենք գնալու: Սիրտս նեղվեց: Հետո, բախտս բերեց, գնացինք Արցախ: Այդ ընթացքում ինձ համար միևնույնն էր, թե ում հետ, ինչպես կգնամ Արցախ: Ուղղակի զգում էի՝ պետք է այնտեղ լինեմ: Պետք է տեղում հասկանամ՝ ինչ է կատարվում: Այդ ժամանակ, իհարկե, գիտակցում էի, որ ինձնից առանձնապես օգուտ չի լինի, բայց հիմա գիտեմ՝ գոնե տեխնիկապես արդեն պատրաստ եմ այնտեղ լինելու, երբ պետք լինի. գոնե լավ կրակում եմ ու առաջին օգնություն կարող եմ ցուցաբերել:

Narine Vardanyan_BanakԵթե համեմատելու լինենք պայքարն այստեղ ու սահմանի վրա, կարող եմ ասել՝ առաջին բանը, որ ընդհանուր է այստեղ պայքարողների ու սահմանը պահողների միջև, ցանկությունն է՝ մի քիչ ավելի լավը դարձնել կյանքն այնտեղ, ուր հիմա կանգնած ես: Հետո՝ պատասխանատվության զգացումը: Սահմանին կանգնած զինվորը գիտի՝ պատասխանատու է իր կյանքի համար, հետո՝ նաև մյուսների: Նա հստակ գիտի՝ եթե իր հերթապահության ժամանակ ուշադիր չեղավ, քնեց, սրտացավ չեղավ, իրեն փոխարինողն էլ չի լինի: Նա հստակ գիտի՝ ճիշտն էլ, սխալն էլ, ապահովությունն էլ, վտանգն էլ նախևառաջ իրենից է սկսում: Ինքը գիտի՝ հանձնեց մի դիրք՝ կհանձնվեն բոլորը: Նույն պատասխանատվությունն այստեղ է՝ ցույցերի ժամանակ: Մենք հստակ գիտեինք՝ եթե ջրցանի հաջորդ օրը չվերադառնանք, հանձնենք մեզ հասանելիք 20 սմ ասֆալտը, կհանձնենք պայքարը, ամբողջը:

Ընդհանուր է նաև հոգատարությունը: «Արծիվի» կամավորներն ասում էին՝ գնդի դուստրն եմ: Ինձ որպես իրենց երեխայի էին վերաբերվում: Ում գրպանում մի հատիկ կոնֆետ կար, գիտեին՝ իմ բաժինն է: Նույնն էլ Բաղրամյանում էր: Ջրցանի ժամանակ ջրի մի շիթը տապալեց ինձ: Ուզում էի ոտքի կանգնել, բայց հասկանում էի, որ չեմ կարող: Մեկ էլ հանկարծ մի տղա պինդ գրկեց մեջքիցս ու մայթ հանեց ինձ: Այդ պահին վախի զգացողություն չկար. մի տեսակ խենթություն էր, ազարտ ու նաև ապահովություն, որովհետև գիտեի՝ ինչ էլ լինի, միևնույն է՝ մեջքիցս գրկող, մայթ հանող կլինի: Ցույցերի ժամանակ ու առաջնագծում ես նույն զգացողությունն ունեմ, որ հենց այդ պահին, այդտեղ ես ինչ-որ կարևոր բան եմ փոխում:

Օրհնանքի արժանի

Երթուղայինն ինձ համար հասարակության սեղմված տարբերակն է: Բաղրամյանի օրերին թռուցիկներ պետք է փակցնեի: Գործս ավարտեցի, նստեցի երթուղային: Մարդիկ տեսան թռուցիկները, հարցրին՝ ցուցարա՞ր եմ: Ասացի՝ այո: Բոլորը սկսեցի օրհնել Բաղրամյանում հավաքվածներին: Բախտս բերեց, այդ օրհնանքից ինձ էլ բաժին հասավ: Հետո էլ վարորդը փակ փողոցներով, ինչ-որ զարտուղի ճանապարհներով ինձ հասցրեց Բաղրամյան, որ շատ չքայլեմ, չհոգնեմ: Գումարն էլ չվերցրեց:

Նույնը մի քանի օր առաջ եղավ: Այնպես էր ստացվել, որ ուսապարկս շփոթել էի, ու քաղաքացիական հագուստս մնացել էր Արցախում, զորամասում: Ստիպված էի Երևանում մի քանի ժամ զինվորական համազգեստով քայլել: Նստեցի երթուղային, մարդիկ նայում էին ցեխոտ բատինկաներիս, համազգեստիս, որ հագովս մեծ էր: Սկսեցին հարց ու փորձ անել, ով եմ, ինչ էի անում Արցախում: Ասացի, որ կամավոր էի: Այս անգամ էլ զինվորի օրհնանքից ինձ բաժին հասավ:

Սահմանադրական բարեփոխումներ

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ դիտորդ էի մեր գյուղում: Մարդկանց թվում էր՝ եկել են «այո» կամ «ոչ» ասելու իրենց գյուղապետին: «Այո» ասում էին համայնքի ղեկավարների մտերիմները, «ոչ»՝ երկրի իշխանություններից բողոք ունեցողները:

Ոմանք բողոքում էին, որ այս անգամ ընտրակաշառք չէր բաժանվել, ոմանք բողոքում էին, որ բաժանվել է՝ ինչ-որ սեղմ շրջանակում:

Երբ մարդկանց հարցնում էի՝ ինչո՞ւ են ընտրության եկել, ի՞նչ հույսեր ունեն, ասում էին՝ «մեկ ա, էս երկրում բան չի փոխվելու»: Բայց դա վատ պատրանք է. հենց այդ միտքը: Եթե ամեն մեկն իր, իր ընտանիքի կյանքում, իր երկրում իր բաժին փոփոխությունն անի, մի օր ամեն ինչ կփոխվի:

Հայրենիքի սահմանը՝ ես

Տավուշում կրակոցներ շատ են լինում: Մեր տունը մի կողմով ուղիղ ադրբեջանական դիրքին է նայում: Երկու տարի առաջ՝ օգոստոսին, երբ սահմանին ահավոր լարված էր, մարդիկ փորձում էին իրենց երեխաներին գոնե ապահով պատսպարել: Կրակում էին անդադար, գիշեր-ցերեկ: Մերոնք չկարողացան ինձ տանից դուրս հանել: Միայն մի անգամ պապիս տուն տարան՝ մեր տնից մի 50 մետր հեռու: Ես գիտեի՝ եթե այդ պահին տնից դուրս գամ, հետ չեմ կարողանա գալ: Կամաչեմ: Գնում էի, վառում ադրբեջանական դիրքին նայող սենյակի լույսը, որ հաստատ իմանան՝ ես տանն եմ ու չեմ գնալու: Նույնն էլ Հայաստանից գնալու հարցում: Ես չեմ գնալու:

Հանուն Հայաստանի Հանրապետության, որում երեխաներս են ապրելու

Ես համոզված եմ, որ իմ երեխաների Հայաստանն ավելի լավն է լինելու: Ես ուզում եմ, որ այդ Հայաստանում մարդիկ ստիպված չլինեն համազգեստի պատճառով իրար չսիրել: Ես ընկեր ունեմ, որը ուժային կառույցի ծառայող է: Բաղրամյանի օրերին ասում էր՝ ես վախենում եմ, որ ինձ կբերեն Բաղրամյան, ու դու կլինես բարիկադի մյուս կողմում: Ես ուզում եմ, որ իմ երեխաների Հայաստանում բարիկադի տարբեր կողմեր չլինեն: Ես ուզում եմ, որ այդ Հայաստանում կյանքը սահմանի նման լինի՝ հավասար: Սահմանին նժարները հավասարվում են, բոլորը, անկախ սոցիալական վիճակից, նույն զենքից ունեն ու նույն քանակի փամփուշտ: Ուզում եմ, որ երեխաներս իմ նման ամեն առավոտ վախով չարթնանան: Վախով, որ ինչ-որ բան կորցրած եմ արթնանալու:

Ս․Մ․

 

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308:

Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից:

Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար:

Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով, email: [email protected],

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 

   
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031