Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը

Հուլիս 04,2016 17:23
qnnutyunner

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Լևոն Մկրտչյանը: Նիստի սկզբում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը ներկայացրել է ընդունելության առաջին փուլի նախնական արդյունքները: Հունիսի 24-ին ավարտվել է միասնական քննությունների առաջին փուլը, այժմ ընթանում են միասնական քննությունների երկրորդ փուլը, ինչպես նաև բուհերում շարունակվում են բանավոր և ներբուհական քննությունները: Միասնական քննությունների առաջին, հիմնական փուլին հայտագրվել են 11375 դիմորդ, որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 428-ով: Երկրորդ փուլին հայտագրվել են 989 դիմորդ: Ներբուհական քննություններ հանձնելու է 892 դիմորդ: Ըստ բնակավայրերի դիմորդների ամենամեծ հոսքն եղել է Երևանից՝ 3610, հաջորդը Շիրակի և Լոռվա մարզերն են՝ համապատասխանաբար 939 և 930: Ամենաքիչ դիմորդներն եղել են Վայոց Ձորի մարզից՝ 238: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից այս տարի բուհերը ստացել են 877 հայտ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 73-ով:

Ըստ առարկաների ամենամեծ թիվն եղել են հայոց լեզու և հայ գրականություն առարկայի դիմորդները՝ 6266: Երկրորդ տեղում մաթեմատիկայի դիմորդներն են, որից քննություն են հանձնել 5328 դիմորդ, երրորդ տեղում անգլերենն է՝ դիմորդների 4822 թվով: Ամենաքիչ թվով դիմորդներն եղել են իսպաներեն և իտալերեն առարկաներից՝ համապատասխանաբար 8 և 1 դիմորդ, իսկ պարսկերենից միասնական քննություն հանձնող չի եղել: Ըստ բուհերի ամենամեծ թվով դիմորդներ, ինչպես և նախորդ տարիներին ունի Երևանի պետական համալսարանը՝ 3193 դիմորդ: Նախորդ տարվա համեմատ ԵՊՀ դիմորդների թիվը նվազել է: Երկրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ 1083 դիմորդ: Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի պետական բժշկական համալսարանի դիմորդների թիվն այս տարի աճել է և այդ բուհերն առաջին հայտով ունեն համապատասխանաբար 971, 956 և 932 դիմորդ: Ընդունելության վերջնական արդյունքները պարզ կլինի քննությունների ավարտից հետո: Ինչպես ընդունող հանձնաժողովին տեղեկացրել է ԳԹԿ տնօրենը առաջին փուլում 1117 դիմորդ բացակայել է քննություններից, որոնցից 49-ի դեպքում քննությունները բժիշկի միջնորդությամբ՝ առողջական պատճառներով ընդհատվել են, 7 դիմորդ ծածկագրից և հեռախոսներից օգտվելու համար հեռացվել է քննությունից: Ստացած անբավարար միավորների պատճառով մրցույթից դուրս են մնացել 1530 դիմորդ: Միջին միավորները նախորդ տարվա համեմատությամբ չեն փոփոխվել: Մաթեմատիկայի, ֆիզիկայի քննական թեստերում այս տարի կատարվել են որոշ փոփոխություններ՝ փոխվել են ոչ թե առաջադրանքների և խնդիրների տեսակները, այլ թվային արտահայտությունները: Գ. Մելիքյանի զեկուցմամբ՝ նախնական վերլուծություններով փոփոխությունների արդյունքները տեսանելի են հատկապես մաթեմատիկայի քննության պարագայում:

Անդրադառնալով միասնական քննությունների ընդհանուր պատկերին ԿԳ նախարարը նշել է, որ արդյունքների վերաբերյալ պետք է կատարվի վերլուծություն. <<Մենք պետք է դիտարկենք առանձնացված ավագ դպրոցների, բուհերին կից վարժարանների և միջնակարգ դպրոցների միասնական քննությունների արդյունքները: Մեզ համար շատ կարևոր է հասկանալ, թե որ դպրոցների շրջանավարտներն են ավելի բարձր միավորներ ապահովել, որպեսզի դա կարողանանք ներդնել հանրակրթության ոլորտում հետագա քաղաքականության հիմքում,- նշել է նախարարը և հավելել,- Մենք ունենք մասնագիտություններ և մասնագիտացումներ, որոնք չեն համալրվում՝ աշխատաշուկայում այսօր պահանջված չլինելու պատճառով: Մենք չենք կարող թույլ տալ, որ կրթությունն ու գիտությունը ծառայեն սոսկ աշխատաշուկայի պահանջների սպասարկմանը: Մենք ունենք մասնագիտական կարևոր ուղղություններ, որոնց ինքնապահպանումն ինքնին արժեք է>>,- նշել է նախարար Լևոն Մկրտչյանը և բուհերի ռեկտորներին հանձնարարել ներկայացնել պետական հոգածության անհրաժեշտություն ունեցող այն մասնագիտությունների ցանկը, որոնք կարևորված են ինչպես հեռանկարային զարգացման, այնպես էլ մասնագիտական դպրոցի պահպանման առումներով:

Նախարարն առաջարկել է ռեկտորների խորհրդի առաջիկա նիստերից մեկում քննարկման դնել այդ առաջարկությունները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բարձրագույն և հետբուհական կրթության մասին նոր օրենքի նախագիծն արդեն թևակոխել է քննարկումների փուլ:

Նիստի ընթացքում ռեկտորները մտահոգություն են հայտնել ընդունելության համակարգի մի շարք խնդիրների առնչությամբ՝ շեշտելով, որ դիմորդների քանակի ընդհանուր նվազումն անդրադառնում է բուհերի ֆինանսական կայունության, զարգացման հեռանկարի և կրթության որակի վրա:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031