Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան հիմնախնդիրը եւ դրա ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա

Հուլիս 04,2016 17:00

 ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Մամուլի ազգային ակումբի նախագահ

Հայաստանի ներքաղաքական զարգացումներում ղարաբաղյան հիմնախնդիրը և դրա կարգավորման ուղիների որոնումները եղել և շարունակում են մնալ կարևոր ու ազդեցիկ քաղաքական գործոն, որը մեծապես պայմանավորել է ՀՀ ներքաղաքական զարգացումների ուղղությունը և քաղաքական քարտեզի փոփոխությունները: Դեռ երկար ժամանակ ղարաբաղյան հիմնախնդիրը կմնա ՀՀ ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքաղաքական, ներհասարակական օրակարգի առանցքային հարցերից մեկը՝ դառնալով ներքաղաքական փոփոխությունների շարժիչ ուժը:

 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի արտակարգ նստաշրջանը որոշում ընդունեց, ըստ որի՝ «Ընդառաջելով ԼՂԻՄ աշխատավորների ցանկություններին՝ խնդրել Ադրբեջանական ԽՍՀ ԳԽ-ին և Հայկական ԽՍՀ ԳԽ-ին ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի խոր ըմբռնման զգացում և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին հարցը, միաժամանակ ԽՍՀ Միության ԳԽ առաջ միջնորդել ԼՂԻՄ-ն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցնելու հարցի դրական լուծման մասին»1: «Որոշման տաղտուկ լեզվի հետևում քողարկված էր ճշմարիտ հեղափոխականություն: 1988-ի փետրվարյան այդ օրերին խորհրդային պաշտոնյաներից շատերը զգացին, որ գետինն իրենց ոտքերի տակ այնքան հաստատուն չէ, որքան իրենք կարծում էին»,- այդ օրերի մասին գրում է Թոմաս դե  Վաալը «Սև այգի» գրքում2:

Տասնամյակներ շարունակ հանրային կյանքի բոլոր ոլորտներում ենթարկվելով ազգային խտրականության, էթնիկ զտումների մշտական վտանգին դեմ հանդիման՝ Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչությունը ստորագրահավաքներ էր կազմակերպել՝ Հայաստանի հետ վերամիավորվելու խնդրանքով դիմելով ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին: Այդ խնդրով Մոսկվային էին դիմել նաև Խորհրդային Հայաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդները:  Բոլորն ապարդյուն:

Գորբաչովյան վերակառուցման քաղաքական տաք քամիները ԼՂԻՄ-ի հայ բնակչության մոտ Հայաստանի հետ վերամիավորվելու նոր հույսեր արթնացրեցին: ԼՂԻՄ մարզխորհրդի որոշմանն աջակցելու նպատակով Ստեփանակերտում և Երևանում ծայր առած շարժումն աստիճանաբար վերածվեց համաժողովրդական շարժման, որը հայ ժողովրդի նորագույն պատմություն մտավ «Ղարաբաղյան շարժում» ձևակերպմամբ: Փետրվարի 20-ի որոշմամբ Հայաստանում և Ղարաբաղում քաղաքական փոփոխութունների սկիզբը դրվեց, և ղարաբաղյան հիմնախնդրի ձևակերպման-ձևավորման 1-ին փուլի սկիզբն ազդարարվեց: Ղարաբաղյան հիմնախնդիրը ձևավորվեց որպես Հայաստանի ներքաղաքական զարգացումները պայմանավորող հզոր և ազդեցիկ գործոն:

Շարժումը մի քանի շաբաթների ընթացքում ահռելի թափ հավաքեց: Շարժման հիմնական կարգախոսներն էին՝ «Միացում», «Ղարաբաղը մերն է», «Լենին, պարտիա, Գորբաչով»: Այս վերջինն աստիճանաբար դուրս մղվեց Շարժման ծավալման և Մոսկվայի՝ հիմնախնդիրը կարգավորելու անընդունակությանը զուգընթաց:

Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը սկզբնապես ուժգնորեն դիմակայում էր Շարժմանը: Սակայն հասարակության ճնշմամբ 1988թ. հունիսի 15-ին ՀԽՍՀ ԳԽ-ը, ընդառաջելով ԼՂԻՄ-ի մարզխորհրդի դիմումին, համաձայնություն տվեց մարզը ՀԽՍՀ-ի կազմի մեջ ընդգրկելու և այդ հարցը լուծելու խնդրանքով ԽՍՀՄ ԳԽ դիմելուն: Այդ խնդրով 1988թ. հուլիսի 18-ին Մոսկվայում հրավիրվեց ԽՍՀՄ ԳԽ նախագահության նիստ, որին մասնակցեցին նաև Ադրբեջանի, Հայաստանի, ԼՂԻՄ-ի ներկայացուցիչները: Հայկական կողմի խնդրանքը մերժվեց: Ի նշան բողոքի՝ Հայաստանի և Ղարաբաղի ողջ տարածքում ծայր առան զանգվածային գործադուլներ:

Ղարաբաղյան խնդիրը Հայաստանում խոր քաղաքական ճգնաժամ առաջացրեց: ՀԽՍՀ ղեկավարությունը չէր տիրապետում իրավիճակին: Երկրում փաստացի ձևավորվել էր երկիշխանություն. պաշտոնական իշխանությունը կոմկուսինն էր, իսկ հասարակական իշխանությունը գլխավորում էր Շարժումը ղեկավարող «Ղարաբաղ» կոմիտեն: Ղարաբաղյան խնդիրն ի սկզբանե լրջորեն ազդում էր քաղաքական փոփոխությունների վրա՝ ավելի հաճախ նաև ուղղորդելով դրանք:

1989թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂ Ազգային խորհուրդը համատեղ նիստում միաձայն ընդունեցին ՀԽՍՀ և ԼՂԻՄ վերամիավորման մասին որոշումը: Սա Հայաստանում փետրվարի 20-ին սկզբնավորված քաղաքական մեծ փոփոխությունների 1-ին փուլի ավարտը կարելի է համարել: Այս փուլը մի կողմից առանձնանում էր հասարակական-քաղաքական զարգացումների վրա ղարաբաղյան գործոնի ազդեցության աճով, մյուս կողմից՝ քաղաքական որոշումների ընդունման վրա հասարակական գործոնի ազդեցության կտրուկ մեծացմամբ:

Ղարաբաղյան հիմնախնդիրը Խորհրդային Հայաստանում քանիցս դարձավ քաղաքական իշխանության փոփոխության պատճառ: Շարժման երկու տարիների ընթացքում Հայաստանում փոխվեցին ՀԿԿ կոմկուսի թվով հինգ ղեկավարներ: Խորհրդային Հայաստանի 70-ամյա ողջ պատմության ընթացքում թվով 15 1-ին քարտուղարներից հինգը փոխվել է 1988-90թթ.: Այսօրինակ աննախադեպ իշխանափոխության գործընթացը պայմանավորված էր հետևյալ հանգամանքներով.

 

  1. ՀԽՍՀ ղեկավարությունը չէր վերահսկում քաղաքական իրավիճակը Հայաստանում, ինչն առաջացնում էր Կենտրոնի դժգոհությունը:

2.Խորհրդային ղեկավարությունը չէր կարողանում Հայաստանի ու Ղարաբաղի հանրության պահանջները և հիմնախնդիրը Մոսկվային ներկայացնել պատշաճ կերպով, ինչն առաջացնում էր Հայաստանի հասարակության դժգոհությունը:

  1. Շարժման պահանջներին ավելանում էին Հայաստանի ժողովրդավարացման, բնապահպանության, կաշառակերության հաղթահարման պահանջները, որոնք ի զորու չէին լուծել ժամանակի հարափոփոխ իշխանությունները:
  2. Սրվում էր իրավիճակը նաև Ղարաբաղում և նրա շուրջ, և ՀԽՍՀ ղեկավարությունն այս կամ այն չափով պատասխանատվություն էր կրում նաև Ղարաբաղի համար:
  3. ՀԿԿ ղեկավարությունը նաև չէր ցանկանում և չէր կարող դեմ գնալ հասարակության ձգտումներին: Այս և այլ պատճառները Հայաստանում քաղաքական ղեկավարության փոփոխությունների շղթային նոր օղակներ էին ավելացնում:

 

Շարժումն ալեկոծել էր նաև նախկին ԽՍՀՄ մի շարք հանրապետություններ: Տարիներ շարունակ խեղդված ազգային խնդիրները լուծում էին պահանջում, սակայն խորհրդային ղեկավարությունն անկարող գտնվեց դրանք լուծելու հարցում:

Հետագայում անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Միխայիլ Գորբաչովը նկատում է. «Պետք էր պայմանավորվել դեռ այն ժամանակ՝ 80-ականների վերջին, մենք կարող էինք ինչ-որ ձևով լուծել Ղարաբաղի խնդիրը: Ես առաջարկեցի Ղարաբաղին տալ հանրապետության կարգավիճակ: Ադրբեջանի այն ժամանակվա իշխանությունը, կարծեմ Վեզիրովը, համաձայն էր դրան, բայց հետո չստացվեց իրականացնել դա: Այդ ժամանակ հնարավոր էր կարգավորել խնդիրը, սակայն այսօր արդեն անհնար է պատկերացնել, որ Ղարաբաղը նորից կվերադառնա Ադրբեջանի կազմ»3:

Ինքը՝ Ադրբեջանի կոմկուսի նախկին 1-ին քարտուղար, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Վեզիրովը, 1991թ. Մոսկվայում ԽՍՀՄ 5-րդ արտահերթ համագումարի ընթացքում մեզ հետ հարցազրույցում նշեց. «Մեր միջև կռիվներ միշտ էլ եղել են, ասենք՝ հովիվների միջև, բայց այն ժամանակ Կենտրոնը ձեռքը խիստ թափ կտար և… Հիմա այլ է: Ես խորապես համոզված եմ, որ մենք ոչ մեկի վրա հույս չպետք է դնենք: Միայն մեր երկու ժողովուրդների իմաստության և ընդհանուր ջանքերի: Իմաստուն մարդիկ կան և՛ ձեզ, և՛ մեզ մոտ: Ես միշտ ասել եմ՝ նստենք բանակցությունների սեղանի շուրջ: Պետք է թույլ տալ, որ ժողովուրդն անի իր ընտրությունը»: «Բայց չէ՞ որ ժողովուրդն արդեն արել է իր ընտրությունը»: «Ժողովուրդը… Բայց այնտեղ և՛ հայեր, և՛ ադրբեջանցիներ են ապրում: Երբ դուք որոշում էիք կայացնում, չհարցրեցիք ադրբեջանական կողմի կարծիքը: Ինչպիսի՞ն է այն, և ինչո՞ւ ոտնահարել այն»4:

Հետագա 25 տարիներն ապացուցեցին, որ Ադրբեջանի հարափոփոխ ղեկավարությունն այդպես էլ չկարողացավ հաշտվել Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի հետ: Միջազգային այդ իրավական սկզբունքի շարունակական ոտնահարումը դարձավ հիմնախնդրի երկարաձգման և պատերազմի պատճառ:

Ղարաբաղյան հիմնախնդիրը նախկին ԽՍՀՄ տարածքում քաղաքական իրավիճակի հետագա սրման, հանրապետությունների ապակայունացման ահռելի ներուժ էր պարունակում: ԽՍՀՄ-ում տեղի էին ունենում մեծածավալ և խորքային քաղաքական վերափոխումներ: Ղարաբաղյան հիմնախնդիրը դարձավ նաև աշխարհաքաղաքական, ապա և՝ աշխարհակարգի փոփոխությունների նախակարապետը:

Ղարաբաղյան շարժումը ձևավորվեց ղարաբաղյան հիմնախնդրի լուծման նպատակով: Այն ազգային-ազատագրական Շարժում էր: Հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ Շարժումը պատմական և քաղաքական հսկայական նշանակություն ու դեր ունեցավ՝ փոխելով հայոց պատմության նորագույն շրջանի ընթացքը: Այն նաև քաղաքական նոր մտածողություն ձևավորեց՝ հռչակելով նոր ուղեգիծ՝ 1. վարել կողմնորոշումներից զերծ արտաքին քաղաքականություն, 2. ապավինել սեփական ուժերին, 3. առաջնորդվել «Չկան հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր» կարգախոսով:

Շարժման պատմական արդյունքները հետևյալն են.       

Ղարաբաղի ազատագրումը. ա. Ղարաբաղի բնակչության ֆիզիկական փրկությունը և անվտանգության ապահովումը, բ. հայրենի հողում ապրելու հնարավորությունը և իրավունքը, գ. տարածքների մշտական կորստից հետո 12.4 հազար քմ հայկական տարածքի ազատագրումը, 2. Շարժումը Հայաստանը հասցրեց կարևոր հանգրվանի՝ երկրի անկախության:

Պատմական հայրենիքի զգալի մասի կորստից, Ցեղասպանությունից հետո Շարժումը նաև սոցիալ-հոգեբանական մեծ նշանակություն ունեցավ. հայ ժողովուրդը ձերբազատվեց զոհի բարդույթից՝ թոթափելով պարտությունների բեռը, պաշտպանելով ինքն իրեն և վերականգնելով կորսված ազգային արժանապատվությունը: Վերափոխելով ազգային կարծրատիպերը և մտածողությունը՝ Շարժումը նոր մտածողություն սերմանեց: Խորհրդային Հայաստանի բնակչությունն առաջինը ԽՍՀՄ-ում բարձրացրեց ազգերի ինքնորոշման, ազատության, ժողովրդավարության, անկախության դրոշը:

Ղարաբաղյան գործոնը շարունակում էր ազդեցիկ և կարևոր դեր ու նշանակություն ունենալ նաև նորանկախ Հայաստանի ներքաղաքական կյանքում: 1991թ. ապրիլի 30-ին Մոսկվայի «Օղակ» ռազմական գործողության հետևանքով Գետաշենի, Հադրութի շրջանների հայկական գյուղերի տեղահանությանը հաջորդեցին 1992թ. Շահումյանում, Մարտակերտում, Արծվաշենում կրած ռազմական ծանր պարտությունները, որոնք սրեցին ներքաղաքական իրավիճակը Հայաստանում: Գարնանը ՀՀ ԳԽ-ում ձևավորվեց ընդդիմադիր 7 կուսակցություններից կազմված «Ազգային դաշինք» միավորումը: Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում առավել սրվեց արդեն 92թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Այս ժամանակահատվածն էլ կարելի է համարել քաղաքական իրադարձությունների վրա ղարաբաղյան գործոնի ազդեցության վերսկսման 2-րդ փուլի սկիզբը:

1992թ. օգոստոսի 14-ին «Ազատության» հրապարակից հազարավոր մարդիկ շարժվեցին ՀՀ նախագահի նստավայր՝ Տեր-Պետրոսյանի հրաժարականի պահանջով: 1992թ. սեպտեմբերի 2-ին մեզ հետ հարցազրույցում ԱԺՄ վարչության անդամ, ԳԽ Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Վարդանյանը նշեց. «Դաշինքը միավորվել է 3 հարցերի՝ Արցախի, պաշտպանության և ժողովրդավարության շուրջ, որոնց հանդեպ մեր և իշխանությունների մոտեցումները տարբեր են»: «Մենք, այո, իշխանության ենք ձգտում, քանի որ իշխանությունների հետ համագործակցություն չի ստացվում: Իշխանություններն ընտրել են իմիտացիոն պատերազմի ուղին, նրանք ժողովրդին պատերազմի և խաղաղության դիլեման են առաջադրում և հայ ժողովրդին հնարավորություն չեն տալիս օգտագործել իր հավաքական ուժը: Չկա պետական մոտեցում, և ստացվում է այնպես, որ ամեն մեկն ինքը պետք է իր գլխի ճարը տեսնի: Մենք բաց ենք թողնում պահը, իսկ պատերազմում պահը շատ կարևոր է»5:

Ներքաղաքական այս լարված իրավիճակում՝ 1992թ. սեպտեմբերի 11-ին, Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը նշանակվեց Պաշտպանության հարցերը կոորդինացնող ՀՀ պետնախարար, իսկ հոկտեմբերի 20-ին նա ստանձնեց ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պարտականությունները: Հայկական զինուժը ղարաբաղյան ռազմաճակատում՝ Մարտակերտում, Մարտունիում, Կուբաթլիում, Ջեբրայիլում, Զանգելանում, Ասկերանում, Քելբաջարում արձանագրեց կարևոր հաղթանակներ: Հայկական զինուժի լայնածավալ ռազմական առաջխաղացումն այդ ընթացքում տեղի ունեցավ: Լիցքաթափվեց նաև ներքաղաքական լարվածությունը Հայաստանում: 1993թ. օգոստոսին Վ. Մանուկյանն ազատվեց ՊՆ պաշտոնակատարի պաշտոնից:

Ներհայաստանյան քաղաքական կյանքում ղարաբաղյան գործոնի դերն ու նշանակությունը մեծացավ նաև ղարաբաղյան ծագմամբ հայ գործիչների՝ ՀՀ պետական համակարգում պաշտոնավարմամբ: Դրա սկիզբը դրվեց 1993թ., երբ Վ. Մանուկյանի պաշտոնանկությամբ  ՀՀ պաշտպանության նախարար նշանակվեց Սերժ Սարգսյանը, իսկ 1997թ. մարտին ՀՀ վարչապետ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը: Մինչ այդ քաղաքական ընդդիմությունը ՀՀ նախագահին մեղադրում էր ռազմական հաջողությունները դիվանագիտական ճանապարհով ամրապնդել չկարողանալու մեջ:

Ղարաբաղյան հիմնախնդիրը ներքաղաքական օրակարգի հարց լինելուց բացի դարձավ նաև արտաքին քաղաքական օրակարգի առանցքային հարց, ինչը մեծացնում էր ղարաբաղյան գործոնի դերակատարությունը ՀՀ-ի պետական կյանքում:

 

1992թ. մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԽ նախարարների խորհրդի հատուկ նիստում որոշում ընդունվեց Մինսկի կոնֆերանս հրավիրելու մասին՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանման համար: Այդ տարեթիվն էլ սկզբնավորեց ղարաբաղյան հիմնախնդրի միջազգայնացումը:

1994թ. մայիսի 12-ի հրադադարի մասին բիշքեկյան համաձայնագրի տակ դրվեց նաև Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցչի ստորագրութունը: 1994թ. դեկտեմբերին բուդապեշտյան գագաթաժողովում տարաձայնություններից հետո Ռուսաստանը և Շվեդիան դարձան Մինսկի խմբի համանախագահող երկրներ, իսկ ԵԱՀԽ-ը վերանվանվեց ԵԱՀԿ:

Այնուամենայնիվ, առ ՀՀ նախագահ ընդդիմության մեղադրանքները դիվանագիտական պարտությունների շուրջ չէին դադարում: Ի պատասխան այդօրինակ մեղադրանքների` Տեր-Պետրոսյանը թերևս առաջին անգամ 1995թ. հստակ ներկայացրեց հիմնախնդրի կարգավորման շուրջ իր դիրքորոշումը, որին նա հավատարիմ մնաց մինչ օրս. «Եվ թող հարգարժան ընդդիմախոսները բարի լինեն ցույց տալ, թե որտեղ են մեր կրած դառը պարտություններն այս ասպարեզում: Ես, համենայն դեպս, հիմքեր ունեմ ենթադրելու, որ իշխանության ընդդիմախոսների պատկերացումները դիվանագիտական հաղթանակների մասին կապված են հակառակորդի անվերապահ կապիտուլյացիայի դեպքում միայն հնարավոր հանգուցալուծման հետ, որը, սակայն, չափազանց հեռու է իրականությունից: Այստեղ, թերևս, տեղին է հիշել հայ ժողովրդի նվաճած մեծագույն դիվանագիտական հաղթանակը՝ Սևրի դաշնագիրը, որը, սակայն, պատճառ դարձավ Հայաստանի առաջին Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի կեսի կորստյան: Թղթի վրա նման հաղթանակներ, կարծում եմ, մեզ այլևս պետք չեն»6:

Ղարաբաղյան թեման օրինաչափորեն դարձավ նաև 1996թ. ՀՀ նախագահի ընտրությունների առանցքային թեմաներից մեկը հիմնական թեկնածուների՝ իշխանության թեկնածու, ժամանակի գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Ազգային համաձայնության դաշինքի»՝ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական ծրագրերում:

1996թ. ՀՀ նախագահի աղմկահարույց ընտրություններից հետո՝ դեկտեմբերին, Լիսաբոնում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովն ընդգծեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման և թե՛ ազատագրված տարածքները, թե՛ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու սկզբունքները: Չունենալով ընտրութան հնարավորություն՝ Երևանը «վետո» դրեց այդ որոշման ընդուման վրա: Օրինաչափորեն յուրաքանչյուր կեղծված ընտրությունից հետո հիմնախնդրի հայանպաստ կարգավորման հեռանկարն էապես նվազել է:

1997թ. սեպտեմբերին միջնորդները հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակի ծրագիր ներկայացրեցին, որը սեպտեմբերի 22-ին մամլո ասուլիսում պաշտպանեց  Լևոն Տեր-Պետրոսյանը, ով էլ ներքաղաքական լարվածության աճին զուգահեռ նոյեմբերի 1-ին հրապարակեց «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» աղմկահարույց հոդվածը, որը պատասխան էր սեպտեմբերյան ասուլիսի հանրային արձագանքի: Հոդվածում Տեր-Պետրոսյանը կրկնում էր. «Երկրորդ թյուրիմացությունն այն անհիմն պնդումն է, թե Ղարաբաղը շահել է պատերազմը, հետևաբար կարիք չունի որևէ զիջման գնալու: Դժբախտաբար Ղարաբաղը շահել է ոչ թե պատերազմը, այլ՝ ճակատամարտը: Պատերազմը շահում են միայն այն ժամանակ, երբ հակառակորդը կապիտուլյացիայի է ենթարկվում: Պատերազմի և ճակատամարտի շփոթությունը շատերին է փորձանքի բերել»7:

Նախկին նախագահի գործունեության մեջ ակնհայտ ընդգծված էր շտապողականությունը՝ կարգավորման առումով օր առաջ հասնել որևէ լուծման, այն է՝ փուլային տարբերակի որդեգրման: Հիմնախնդրի շուրջ դիրքորոշումների ընդգծված տարբերությունն ի հայտ էր գալիս «փուլայի՞ն, թե՞ փաթեթային» տարբերակների ընտրության շուրջ ծագած բանավեճում, ինչը հանգեցրեց ներիշխանական հակասությունների: Չունենալով փուլային տարբերակի որդեգրման՝ հանրային աջակցություն, չհրաժարվելով կարգավորման իր նախընտրած տարբերակից, չդիմանալով ներքին և արտաքին ճնշումներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը 1998թ. փետրվարի 3-ին հրաժարական տվեց ՀՀ նախագահի պաշտոնին և հայտարարեց. «Իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը առավել խորն է՝ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն: Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես Հայաստանում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել»8:

Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո հրաժարական ներկայացրեցին նաև նրա քաղաքական թիմի առանցքային դեմքերը: ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի հրաժարականից հետո ՀՀ ղեկավարությունն անցավ վարչապետ Ռոբերտ Քոչարյանին:

Այդ հրաժարականներով Հայաստանում ղարաբաղյանի հիմնախնդրի՝ ներքաղաքական զարգացումների վրա ազդեցության 2-րդ փուլն ավարտվեց: Հայաստանում առաջացավ սահմանադրական ճգնաժամ, որը մասամբ հանգուցալուծվեց 1998թ. մարտի 30-ի ՀՀ նախագահի արտահերթ ընտրություններով:

Տեր-Պետրոսյանի հրաժարականին առաջիններից արձագանքեց ՌԴ նախագահ Բորիս Ելցինն ընդգծելով՝ «Հայաստանում իշխանության են եկել կարծրաթևայինները»: Ռոբերտ Քոչարյանն իշխանության եկավ փաթեթային կարգավորման և հիմնախնդիրը «մաքսիմալիզմի» դիրքերից լուծելու համար: Այդ ընթացքն էլ կարելի է համարել ներքաղաքական գործընթացների վրա ղարաբաղյան ազդեցության 3-րդ փուլի սկիզբը:

Քոչարյանի  կառավարման տարիները հիմնախնդրի կարգավորման առումով առանձնանում էին սահմանափակ և վերահսկվող տեղեկատվությամբ, խորհրդապահությամբ և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հետ մեծաթիվ հանդիպումներով: Քոչարյանը, Յալթայի համաժողովի ժամանակ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե՝ «Ե՞րբ եք մտադիր վերադարձնել գրավյալ տարածքները», պատասխանեց, որ, եթե Ադրբեջանը ստորագրած լիներ քիվեսթյան փաստաթուղթը, ապա «հարցը լուծված կլիներ»9:

Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում տարածքների հարցը քննարկվել է նաև փոխանակման կտրվածքով՝ Մեղրիի և Լաչինի միջանցքի փոխանակման հնարավորությամբ: Նա համաձայնություն տվեց թե՛ քիվեսթյան, թե՛ փարիզյան սկզբունքներին, որոնք հետո փոխակերպվեցին «մադրիդյան սկզբունքների»: Դրանցում ամրագրված էր ազատագրված տարածքների վերադարձի պահանջը: Քոչարյանը Ստամբուլում ստորագրեց նաև Եվրոպական անվտանգության խարտիան. «ԵԱՀԿ շրջանակներում մեր պարտավորություններին համապատասխան անհապաղ անց ենք կացնելու խորհրդատվություններ անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության իրականացման աջակցություն որոնող մասնակից-պետության հետ, եթե նրա ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը գտնվում են սպառնալիքի տակ»10:

Թեպետ այս և այլ վտանգահարույց ձևակերպումներին և Երևանի վտանգավոր քաղաքական ուղեգծին Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում ղարաբաղյան հիմնախնդիրը սրվեց՝ սակայն դա չհանգեցրեց իշխանափոխության: Այն իրականացնելու՝ ՀՀ քաղաքացիների հնարավորությունները խիստ սահմանափակվել էին նախևառաջ ազատ ընտրական համակարգի «գլխատման» և բռնությունների իրականացման հետևանքով:

Ներհայաստանյան զարգացումներում ընտրություններով անհնար դարձած իշխանափոխությունը հնարավոր դարձավ և այժմ էլ միանգամայն հնարավոր է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման՝ մերժելի սկզբունքների համաձայնության դեպքում: Այս հանգամանքն ընդգծում է Ղարաբաղի հիմնախնդրի հայանպաստ լուծման կարևորությունը Հայաստանի հասարակության համար:

Ուշագրավն այն է, որ թեպետ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը պատրաստ էին ազատագրված տարածքները վերադարձնելուն, սակայն նրանցից և ոչ մեկը տարածքներ չհանձնեց, և հայկական կողմի՝ 93-94թթ. հաղթական առաջխաղացումից հետո նրանցից ոչ մեկը որևէ հող չհանձնեց Ադրբեջանին՝ պատերազմով, թե առանց պատերազմի:

Քոչարյանին փոխարինող Սերժ Սարգսյանը դեռևս ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում ի սկզբանե ձևակերպել էր հիմնախնդրի կարգավորման իր հիմնարար թեզը՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ»: Ազատագրված տարածքների վերադարձին Սարգսյանը համաձայնություն էր տվել կազանյան սկզբունքներով:

Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն առանձնացավ պասիվ դիվանագիտությամբ, սակայն հայ-ադրբեջանական սահմանների՝ Ադրբեջանի կողմից ակտիվ հրետակոծություններով: Սերժ Սարգսյանի և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի արտաքին քաղաքական ուղեգիծն իրականացվում է Մոսկվայի հրահանգներով: Ս. Սարգսյանի իշխանությունը Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության ապահովման խնդիրների պատճառաբանությամբ ռազմահենակետերի ժամկետը երկարաձգեց մինչև 49 տարի:

Ապրիլյան քառօրյա պատերազմը բացահայտեց այդօրինակ ռազմաքաղաքականության ողջ վտանգը: Քառօրյա պատերազմից հետո, առնվազն տասը օր, Սարգսյանի իշխանությունը մազից էր կախված, և եթե պատերազմով լուծվեր տարածքների վերադարձի խնդիրը, ապա Հայաստանում լայնածավալ և ամբողջական իշխանափոխությունն անխուսափելի կլիներ: Մայիսի 17-ին Վիեննա-Երևան ինքնաթիռում Սերժ Սարգսյանը խոստովանեց պատերազմի ժամանակ հայկական կողմի 800 հա տարածքի կորստի մասին11:

Սերժ Սարգսյանը հիմնախնդրի կարգավորման առումով հասել է ծայրահեղ վտանգավոր սահմանագծի. ևս կես քայլ և ղարաբաղյան գործոնը Հայաստանում կարող է հերթական անգամ իշխանափոխության պատճառ դառնալ: Ղարաբաղի և ազատագրված տարածքների հանձնմամբ հնարավոր չէ իշխանության պահպանման հարց լուծել. դրանով լուծվելու է իշխանության հանձնման խնդիրը:

Ինչպես ղարաբաղյան շարժման տարիներին, այնպես էլ այժմ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության ապահովման և Երևանի քաղաքական ուղեգիծը կտրուկ փոխելու համար իշխանափոխության հարցը դառնում է հրատապ: Միաժամանակ, շարունակում է հրատապ մնալ նաև այն թեզը, ըստ որի առանց ժողովրդավարական ինստիտուտների կայացման, կարգապահ և ամուր բանակի, սոցիալական արդարության և ազատ մրցակցության, կոռուպցիայի հաղթահարման ղարաբաղյան հիմնախնդրի հայանպաստ կարգավորումը կշարունակի մնալ բարդ իրագործելի խնդիր:

Աշխարհաքաղաքական փոփոխությունների հորձանուտում հայտնված Հայաստանի Հանրապետության համար ղարաբաղյան խնդիրը եղել և մնում է մեր երկրի նորագույն պատմության մեջ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական նշանակության առանցքային խնդիր: Հայաստանի և փաստացի նրա մաս կազմող Ղարաբաղի համար հիմնախնդրի հայանպաստ կարգավորումն անխզելիորեն կապված է ազգային անվտանգության և հայոց անկախ պետականության պահպանման հետ: Դրանց նկատմամբ յուրաքանչյուր ոտնձգություն առաջացնում է հասարակական, քաղաքական և իրավական պատասխանատվություն:

ՀՂՈՒՄՆԵՐ

1ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցով Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ գերագույն խորհուրդների առջև միջնորդության մասին, https://nkr.am/hy/decision–of-the-special-session-of-the-nkao-council-of-peoples-deputies-of-xx-session/41/

2 Թոմաս դե Վաալ «Սև այգի», Երևան, 2014թ., էջ 33

3 https://www.7or.am/ru/news/view/15118/

4 «Հայք», 18 սեպտեմբերի, 1991թ:

5 «Հայք», 2 սեպտեմբերի, 1992թ.

6 «Հայաստանի Հանրապետություն», 19 հունվարի, 1995թ.

7 «Հայաստանի Հանրապետություն», 1 նոյեմբերի, 1997թ.

8 «Հայաստանի Հանրապետություն, 4 փետրվարի, 1998թ.

9 «Ամբիոն», 26 սեպտեմբերի, 2003թ.

10 «Ամբիոն», 26 սեպտեմբերի, 2003թ.

11 Հայկական ուժերի կորցրած 800 հեկտարը ռազմավարական ու մարտավարական առումով որևէ նշանակություն չունի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

www.tert.am/am/news/2016/05/17/Sargsyan/2022322

 

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031