«Առավոտի» հետ զրույցում խոսելով Կամերային երաժշտական թատրոնում ստեղծված իրավիճակի մասին, երբ գեղարվեստական խորհուրդը հրաժարական է տվել, իսկ թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը չի կարողանում մշակութային օջախում ստեղծագործական մթնոլորտ ապահովել, Հովհ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ասաց, որ Կամերային երաժշտական թատրոնի ճակատագիրը չպետք է միայն այդ թատրոնի հետ կապել:
«Մեզ մոտ կարծես վերանում է հասկացությունը, թե ինչ բան է թատրոնը… Շենք, տնօրեն, գլխավոր հաշվապահ, կադրերի բաժին, աշխատողներ, սոցվճարներ, աշխատավարձեր՝ այս ամենը դեռ թատրոն չէ, թատրոնն առաջին հերթին գեղարվեստական գաղափար է, որի շուրջ հավաքվում են մարդիկ:
Կամերային երաժշտական թատրոնն ունի երկու ճանապարհ. մեկը վերադառնալ իր ակունքներին, իսկ այն ի սկզբանե կամերային երաժշտական էր, բայց պարզապես երաժշտական ղեկավար նշանակելով, թատրոնը դեռ երաժշտական չի դառնում:
Համապատասխան բազա է պետք, ղեկավարի համապատասխան լիազորություններ, ֆինանսավորում, կադրեր…Իսկ երկրորդ ճանապարհն այն է, որ այս թատրոնը դառնա ազատ բեմ՝ հետաքրքիր երիտասարդական նախագծերի համար, ու կարծես թե այդ գաղափարախոսության շուրջ էլ հավաքված է գեղարվեստական խորհուրդը՝ լավագույն երիտասարդական ուժերով»,-հայտնեց պարոն Բաբայանը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ հուլիսի 5-ի տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ