Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման բանաձեւերը Թուրքիային պարտադրել չենք կարող». փորձագետը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մասին. (Տեսանյութ)

Հուլիս 04,2016 16:40

«Սա օրենքով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու երրորդ փորձն է: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին եւ ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդն իրենց նախընտրական խոստումներում մշտապես բարձրացնում էին նման օրինագիծ ընդունելու պատրաստակամությունը, սա էլ դրա բաղկացուցիչն է»,-«Հայելի» մամուլի ակումբում հուլիսի 4-ին խոսելով Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման մասին, ասաց Միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը:

Նա նշեց, որ վաղ է խոսել օրենքի մասին, քանի որ դեռ անհրաժեշտ է Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի հավանությունը եւ նախագահի ստորագրությունը. «Կարծես այս անգամ օրինագծի հեղինակները փորձել են հաշվի առնել Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի` նախկինում բարձրացրած խնդիրները եւ նոր օրինագիծը համապատասխանեցնել Ֆրանսիայի սահմանադրական զարգացումներին»:

Վարդանյանի կարծիքով` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումն առավելապես պայմանավորված է Ֆրանսիայի հայկական համայնքին տրված նախընտրական խոստումներով, գալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրություններով. «Վերջինիս տեսանկյունից Օլանդը շահագրգռված կլինի ստանալ հայ ազգաբնակչության քվեն: Հայկական համայնքի քվեն կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա: Թեեւ համայնքը փոքրաթիվ է, բայց ազդեցիկ է եւ բավականին կազմակերպված»:

Փորձագետը նկատեց, որ առհասարակ Հայոց ցեղասպանության «խորհրդարանային ճանաչումը» մեծ իրավաքաղաքական նշանակություն ունի. «Խորհրդարանային ճանաչումը չափազանց կարեւոր բարոյաքաղաքական հիմնապաստառ է ստեղծում` ցեղասպանության հետեւանքների վերացման ուղղությամբ: Առանց այդ ճանաչումների` կդժվարանա հետագայում իրավական պահանջներ ներկայացնելու գործընթացը: Դրանք թույլ են տալիս ավելի կայուն հիմքի վրա դնել ցեղասպանության հետեւանքների վերացման հետ կապված պահանջները: Իհարկե, պետք չէ սին երազանքներ փայփայել, գործ ունենք ոչ թե օրենքների, այլ խորհրդարանական բանաձեւերի հետ»:

Վարդանյանի խոսքով` նման բանաձեւերը իրավական տեսանկյունից Թուրքիային պարտադրել չենք կարող, սակայն դրանք բարոյաքաղաքական տեսանկյունից ճնշման լրջագույն գործիքներ են, որոնք կարող են Թուրքիային ավելի զիջող դարձնել` Հայոց ցեղասպանության ճանաչման տեսանկյունից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031