Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պետական խորհրդանշանների նկատմամբ պատշաճ վերաբերմունք չկա». Պավել Սարգսյան (Տեսանյութ)

Հուլիս 04,2016 16:32

Հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ պետական խորհրդանշանների օրվա առթիվ «Մենք» պետական եւ ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը կանցկացնի ամենամյա քայլերթը: Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը:

Նա նշեց, որ միջոցառումը կմեկնարկի ժամը 18:00-ին, Ազատության հրապարակից. «Միջոցառումը կմեկնարկի եռագույն օդապարիկի բացթողնման արարողությամբ, որին հաջորդելու են տարբեր խմբերի կատարումներ: Այնուհետև կբացվեն ՀՀ և Լեռնային Ղարաբաղի դրոշները: Իսկ ժամը 19:00-ից կմեկնարկի քայլերթը: Մասնակիցները կանցնեն Մաշտոցի պողոտայով, այնուհետև Ամիրյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ, նախկին ԱԳՆ շենքի մոտով ՝ Աբովյան փողոցով կբարձրանան դեպի Թումանյան փողոց, այնուհետև Թումանյան փողոցով կվերադառնան Ազատության հրապարակ: Այնտեղ ելույթ կունենան ՊՆ, ոստիկանության նվագախմբերը, վերջում կլինի փոքրիկ համերգային ծրագիր»:

Պարոն Սարգսյանը նշեց՝ քայլերթի ընթացքում նշված ճանապարհները փակ են լինելու: Նրա խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակը պատանիներին, երիտասարդներին միավորելն է. «Ամեն տարի երիտասարդներին մենք տալիս ենք եռագույնով շապիկներ և դրոշներ: Այս տարի միայն կլինի դրոշը: Կարող եմ վստահաբար ասել, որ մեզ մոտ չկա պետական խորհրդանշանների նկատմամբ պատշաճ վերաբերմունք: Նմանատիպ միջոցառումները նպատակ ունեն այդ մշակույթի ձևավորմանը»:

Պարոն Սարգսյանը հավելեց, որ միջոցառումն անցկացվում է 2010թ-ից հիմնադրամի ուժերով՝ այսինքն` պետական ֆինանսավորում չկա. «Հիմնականում իմ միջոցներով են արվել միջոցառումները: 2012թ.-ին նախկին վարչապետի հանձնարարությամբ բյուջեի մոտ 80%-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տվեց: Այս տարի ֆինանսական մասով մեզ օգնել է Ռուսաստանի հայերի միությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Հայկական բարեգործական ընդհանուր միության սկաուտական գրասենյակը: Նաև հունիսի սկզբին մեր կայքում՝ drosh.am-ում հանգանակության տարբերակ ավելացվեց: Յուրաքանչյուրն իր քարտով կարող էր 2000-125000 դրամի չափով հանգանակել: Կարելի է ասել, որ չի հանգանակվել գումար. 7500 դրամի չափով է եղել, որը ես եմ հանգանակել ծրագիրը ստուգելու համար»:

Aravot.am-ի այն հարցին, կա,՞ արդյոք, պետական խորհրդանշանների ճիշտ օգտագործմանը վերահսկող օղակ, պարոն Սարգսյանը պատասխանեց, որ չկա. «Բացի մեր կառույցից, ոչ ոք չի զբաղվում դրանով: Նույն պետական կառույցների 50 պետական կայքից 2011 թ.-ից մենք հանել ենք զինանշաններ, փոխել ենք տվել, որ համապատասխանեն մեր օրենքին կից հավելվածին: Դա արվել է մեր կառույցի նախաձեռնությամբ: Ունենք որոշ օրենքներ, քաղաքացիական օրենսգրքում կան կետեր, ոչ պատշաճ վերաբերմունքի դեպքում տուգանքներ և այլն. բայց դրա վերահսկողը, որպես այդպիսին՝ չկա»:

Նա ավելացրեց, որ խորհրդանշանի սխալ օգտագործման դեպքեր կան և շատ են եղել. «Մինչև 2006թ. զինանշանը անձնագրում սխալ էր տպվում: 2012թ.-ից ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում օրենքին համապատասխան են տպագրվում: Նման խնդիրներ շատ կան, որոնք փորձում ենք լուծել»:

Վերջում պարոն Սարգսյանն ասաց , որ իրենց հիմնադրամը ՀՀ 25-ամյակին նվիրված ցուցահանդես ժամանակագրություն է կազմակերպում. «Հիմնականում կանցկացվի Հայաստանից դուրս. կմեկնարկենք Մոսկվայում, Փարիզ, Գլենդել, Բոստոն, վերջում Երևան: Այն իրենից ներկայացնում է կարևոր իրադարձությունների ժամանակագրություն: 1990-2016 ներառյալ այդ շրջանում տեղի ունեցած կարևոր իրադարձություններ: Մոտ 120-150 լուսանկար է ներկայացվելու»:

Որպես օրինակ նա իր հետ բերել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի լուսանկարը:

 Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031