Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՄ դեսպանը ֆինանսավորման հետ կապված հարցը անպատասխան թողեց

Հուլիս 04,2016 16:18

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին չցանկացավ թվարկել ՀՀ-ում ընդդիմադիր կուսակցություններին: «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսին պարոն դեսպանը ի պատասխան հարցի` վստահեցրեց, որ դա Հայաստանի ներքին խնդիրն է:

Հարցին` ինչպե՞ս կգնահատի այն փաստը, որ քաղաքացիական հասարակությունը չմիացավ ՀՀ ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված կոնսենսուսին, և դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենել 2017-ի ընտրությունների վրա, Պյոտր Սվիտալսկին պատասխանեց. «Քաղաքացիական հասարակությունն ունի իրավունք վարվել այնպես, ինչպես ցանկանում է: Սա նորմալ ժողովրդավարական երկրին բնորոշ երևույթ է, երբ որոշներն ասում են` այո, մյուսները` ոչ: Մեծ մասը սակայն հասկացել է, որ Ընտրական օրենսգրքում դրական առաջընթաց կա»:

ԵՄ դեսպանը շեշտեց, թե Եվրամիությունը պատրաստ է Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի իրականացման համար զգալի օժանդակություն կատարել. կան երկրներ, որոնք ևս պատրաստ են ֆինանսապես օգնել:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը հույս ունի, որ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանությունների ու ընդդիմության միջեւ ձեռք բերված համաձայնությունը կկատարվի:

Հարցին` թե կոնսենսուսի իրականացման համար պահանջվող ֆինանսական աջակցության ո՞ր մասն է պատրաստ տրամադրել ԵՄ-ն, Պյոտր Սվիտալսկին այդպես էլ չպատասխանեց:

Դառնալով իշխանության եւ ընդդիմության միջեւ` ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված համաձայնությանը` դեսպանը նշեց. «Կոնսենսուսը Հայաստանից դուրս էլ ընկալվել է պատմական իրադարձություն՝ ինչպե՞ս հաղթահարել տարաձայնությունները հանուն ավելի մեծ նպատակի»:

Մտահոգությանը, թե ինչպե՞ս է դեսպանը խոսում հակամարտության գոտում խաղաղության հաստատման մասին, այն դեպքում, երբ Ադրբեջանը դեմ է շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրմանը, ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Վիեննայում, և դեսպանն էլ ընդգծեց, թե այդ պայմանավորվածությունները պետք է իրականացվեն, Պյոտր Սվիտալսկին պատասխանեց. «Մեծ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Հիմա դիվանագիտության ժամանակն է, ոչ թե հանրային դիվանագիտության, և ես չեմ ուզում մեկնաբանել որևէ հանրային կարծիք, որին դուք վկայակոչում եք, թույլ տվեք` դիվանագետներն աշխատեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031