«Պետերբուրգի հանդիպումից առաջ բոլորը հայտնում էին իրենց մտավախությունը, որ Ռուսաստանը, ըստ էության, մոնոպոլացնում է կարգավորման գործընթացը, չի ուզում դրան մասնակից դարձնել Մինսկի խմբին, բայց ինչպես ցույց տվեց հանդիպումը, բոլոր համանախագահները տեղեկացվել էին հանդիպման մասին, չէին զգում իրենց լուսանցքից դուրս: Մենք լավ հասկանում ենք՝ ՄԽ աշխատաոճը ու հարգանքով ենք մոտենում: Իսկ Պետերբուրգի հանդիպումն ամենևին նորարարություն չէր, այն կողմերի միջև երկխոսության ձևերից մեկն էր»,- ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում «Ազատություն» ռադիոկայանի, Tert.am եւ 1.in.am կայքերի լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի խոսնակ Մարիա Զախարովան`պատասխանելով հարցին` արդյոք Սանկտ Պետերբուրգի հանդիպմամբ Ռուսաստանը փորձ չարե՞ց իր «ձեռքը վերցնել» հակամարտության կարգավորումը:
Նա նաեւ վստահեցրել է, որ ՌԴ-ն անում է ամեն ինչ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի կամ մոտեցվեն Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Տեղեկությունը, թե երբ և որտեղ պետք է անցնի հանդիպումը, եթե այն ծրագրված է, պետք է ներկայացնեն հակամարտող կողմերը: Ես կարող եմ ասել, որ ռուսական կողմն այս հարցում ունի մեկ նպատակ՝ հակամարտության արագ կարգավորում, որը ոչ միայն ձգձգվում է, այլև՝ հանգուցալուծում է պահանջում: Մենք անում ենք ամեն ինչ: Ակտիվ ջանքեր են գործադրում ՌԴ նախագահը, ՌԴ ԱԳ նախարարը և առհասարակ՝ արտաքին քաղաքական ենթակառուցվածքը, երկկողմանի, բազմակողմանի խողովակներով, Մինսկի խմբի շրջանակներում և այլն: Որովհետև մենք հասկանում ենք, որ հակամարտության կարգավորման երկարաձգման ամեն մի օր սպառնալիք է խաղաղ բնակիչներին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարի խոսնակը:
Հայաստանցի լրագրողներն անդրադարձել են նաեւ տիկին Զախարովայի`սկանդալային հայտարարությանը` Երեւանի կենտրոնում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման առիթով: Հիշեցնենք, ՌԴ ԱԳ խոսնակն այդ արձանի տեղադրումը որակել էր «նացիստական դրսեւորում»:
«Մենք հարգում ենք, Հայաստանի հետ աշխատում ենք՝ նացիզմի հերոսացման դեմ, զգում ենք այս հարցում Հայաստանի թևն ու թիկունքը: Չի կարող լինել որևէ երկակի ստանդարտ ու Հայաստանի հետ աշխատանքն այս ուղղությամբ մենք գնահատում ենք արդյունավետ: Իսկ արձանի տեղադրման հետ կապված կարող եմ ասել, որ դա ՀՀ-ի ներքին գործն է: Ես խնդրում եմ՝ իմ մեկնաբանությունը բառացի մեջբերել, չխեղաթյուրել, որ այն չաշխատի ի օգուտ նրանց, ովքեր Հայաստանի բարեկամները չեն»,- ասել է Մարիա Զախարովան։
Կարդացեք նաև
Գրի առավ`Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ