Լրահոս
Օրվա լրահոսը

Քառօրյա պատերազմի հերոսների ապրելու բանաձևը

Հուլիս 04,2016 15:57

Հրատարակության է պատրաստվում ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի՝ «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի 10-րդ հատորը։ Մատենաշարը նվիրված է Արցախյան հերոսամարտին։ Նախորդ 9 հատորներում հեղինակն անդրադարձել է Արցախյան ազատամարտում անմահացած քաջորդիների կյանքին ու նրանց սխրանքի պատմություններին։ Հերթական 10-րդ հատորը, սակայն, Գոհար Մարտիկյանը նվիրում է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի, ինչպես նաև վերջին տարիներին անմահացած հերոսներին։

«9-րդ հատորում ես անդրադարձել էի Վանաձորի, Չարենցավանի, Աբովյանի Սիսիանի մեր հերոս զավակներին։ 10-րդում նախատեսում էի շարունակել Սիսիանից Արցախյան պատերազմում զոհված տղաների պատմությունները, սակայն քանի որ ապրիլյան պատերազմը հանկարծակի, սրընթաց խուժեց մեր կյանք, և սխրանքի պատմություն հյուսվեց 21-րդ դարում, ու Արցախյան պատերազմի հերոսների ժառանգների շնորհիվ կասեցվեց թշնամու առաջխաղացումը, չէի կարող չանդրադառնալ նրանց։ Ես կարծում եմ՝ Արցախյան պատերազմի հերոսները եղան ուսուցիչներն ու ոգեկոչողներն այս սերնդի, որոնք կարողացան մեզ համար շատ նվիրական կյանքերի գնով կասեցնել հանկարծահաս հարձակումը»,- ասում է Գոհար Մարտիկյանը։

«Ապրելու բանաձևի» հերթական հատորը տպագրվելու է «Հրով լեցուն հրադադար» վարտառությամբ։ Այստեղ պատմվելու են Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի, Գոռ Կիրակոսյանի, Գրիգոր Հարությունյանի, Ռուբեն Իսկանդարյանի, Ռոման Պողոսյանի, Սարգիս Խալաֆյանի, Սաշա Գալստյանի, Կարեն Դավթյանի, Միշա Աղաջանյանի, Աղասի Գրիգորյանի և մեր մյուս տղաների կյանքի մանրամասներն ու հերոսապատումները։ Արդեն իսկ թղթին են հանձնվել 30 հերոսների պատմությունները։ Դրանք հնչել են Հանրային ռադիոյի «Ապրելու բանաձև» հաղորդման եթերում։

Տիկին Մարտիկյանը նկատում է, որ զոհված տղաների ծնողների հետ հանդիպումներում բոլորը շեշտում են, որ դա իրենց որդիների ընտրությունն էր, և իրենք հաշտ են այդ ընտրության հետ. «10-12 տարի շրջելով գյուղից գյուղ, գրելով Արցախյան պատերազմում զոհվածների կենսագրություններն ու ապրելու բանաձևը, ես տեսնում էի ընկճված մայրերի, ընկճված ծնողների, որոնց աշխատում էի ինչ-որ կերպ նեցուկ լինել, գոնե հոգեպես սատարել նրանց և հավատացնել, որ սա ոչ թե վշտի, այլ հպարտության մի հնարավորություն է ծնողի համար։ Իսկ հիմա, ճիշտ է, ես տեսնում եմ թախծոտ, լացող աչքեր, բայց բոլորի շուրթերից հնչում է այդ մեկ նախադասությունը՝ սա մեր որդու ընտրությունն էր։ Դրա համար ես անչափ հպարտ եմ։ Սա նշանակում է, որ Հայաստանում արդեն կայացել է մի հասարակություն, որը պատրաստ է կանգնել սահմանին ու պաշտպանել հայրենիքը»։

Տիկին Մարտիկյանը, գնալով գյուղից գյուղ, մտնելով տնից տուն, հանդիպում է հերոս տղաների հարազատների հետ և յուրաքանչյուրից լսում տղայի նկարագիրը, որն իսկապես անմնացորդ նվիրումով կարողացավ կանգնել սահմանին և կասեցնել հակառակորդի հարձակումը։

Արմենակ Ուրֆանյանի մասին տիկին Մարտիկյանն իր գրքում նշում է. «Ուրֆանյանն այն սպան էր, որի հրամանատարությամբ գործող թե՜ դասակը, թե՜ վաշտը որպես լավագույն, մատնացույց էր արվում ու համարվում էր օրինակելի։ Իսկ իր զինվորներն Ուրֆանյանի ՙտղաներն՚ էին։ Նրանց հետ Արմենակը վարվում էր սեփական զավակի պես։ Այդ էր պատճառը, որ դիրքերում որոշեց նշել Քյարամ Սլոյանի տարեդարձը մեկ ամիս առաջ, որպեսզի տղաները հանկարծ ինքնագործունեություն ձեռնարկելու և ինքնուրույն ծննդյան տոն նշելու փորձ չանեն։ Ինքը գնեց ու բերեց այն ամենը, ինչն անհրաժեշտ էր տոնը նշանավորելու համար…

Այդ դիրքում հիմա հերթապահում են մեր դիրքապահները, որոնց քաջ հայտնի է կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ կռվող տղաների՝ Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Ռոբերտ Աբաջյանի գործած սխրանքի պատմությունը, քանզի ողջ են նրանք, ովքեր շարունակելու են կյանքը՝ հրամանատարի ու իրենց մարտական ընկերների գործած սխրանքի շնորհիվ։ Այդ է պատճառը, որ Արմենակ Ուրֆանյանի փայփայած զինվորներից մեկը՝ նույն այդ մարտի ժամանակ վիրավորված ժամկետային զինծառայող Հայկ Բադալյանը, առանց վարանելու, անթաքույց հպարտությամբ՝ առանց կորստի ցավը թաքցնելու ասում է.

-Կապիտան Արմենակ Ուրֆանյանն ու ժամկետային զինծառայողներ Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանն ու Ռոբերտ Աբաջյանը Մարտակերտի փրկիչներն են»։

«Ընթերցասեր և ուսումնատենչ, ուսյալ, կրթյալ մտավորականների ընտանիքում ծնված հրաշամանուկը՝ Ռուբեն Իսկանդարյանը, զորակոչվել էր բանակ 2014 թվականի գարնանը,- պատմում է Գոհար Մարտիկյանը։- Բարեկիրթ երիտասարդն իսկույն արժանացավ հրամանատարության ուշադրությանն իր գրագիտությամբ ու պատրաստակամությամբ և կրտսեր սերժանտի ուսադիրների արժանանալով՝ դարձավ գնդի գրագիրը։ Գնդի թղթաբանությունները նրան էին վստահում, հայերենից ռուսերեն կամ անգլերեն թարգմանությունները՝ ևս։ Թշնամական առաջին և հուժկու հարվածին մեր դիրքապահները կյանքի գնով դիմակայեցին։

Թշնամական նորագույն հրասայլերի հարձակումների պատասխան տվողը մեր հրասայլերն էին լինելու, և հրասայլի հրամանատար Ռուբենը, որն ուներ նաև վարորդական իրավունք, տագնապի ազդականչը լսելով, ասաց մարտական ընկերներին.

-Տղերք ջան, առա՜ջ։ Թուրքերը մտել են մեր հողը։

Զինվորների ու հրամանատարների հետ սահման հասավ՝ բազմաքանակ հայորդիների կյանքի գնով ազատագրված արցախյան հողն անառիկ պահելու հավատամքով, ու կրկնեց սխրանքի նույն պատմությունը, ինչն իրականացրել էին իր հասակակիցներից շատերը 1990-94 թվականներին՝ Արցախյան պատերազմի ընթացքում»։

Նշենք, որ Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» աշխատության հերթական հատորը տպագրության է պատրաստվում ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ-ին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031