«Նմանատիպ Սահմանադրություն մեր պետությունը չի ունեցել»,- հուլիսի 4-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին, ասաց սահմանադրագետ, արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման եւ իրավական վերլուծության վարչության պետ Բագրատ Ղազինյանը:
Ըստ նրա, բավական է միայն համեմատական անցկացնել 2005 թվականի եւ 2015 թվականի փոփոխություններում, օրինակ՝ երկրորդ գլուխը՝ Մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների եւ ազատությունների մասին. «Կտեսնենք, որ անհամեմատ ընդլայնվել է սահմանադրական իրավունքների շրջանակը: Ամրապնդվել են մի շարք իրավունքներ, որոնք մինչ օրս գոյություն չեն ունեցել, օրինակ՝ ազատ գործելու իրավունքը, պատշաճ վարչարարության կազմակերպման իրավունքը: Բացի այդ ամրագրվել են նաեւ մի շարք սկզբունքներ, որոնք հիմք են հանդիսանում մարդու եւ քաղաքացու հիմնարար սահմանադրական իրավունքների սահմանափակման համար: Ընդ որում, կարող եմ ասել, որ կարգավորման գաղափարախոսությունն էլ է փոխվել 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո:
Երբ որ մենք 2005 թվականին ունեինք Սահմանադրության 43-րդ հոդված, ինքը մեկ հոդված էր եւ ամրագրում էր իրավունքների սահմանափակման հիմքերը, ապա այս պարագայում՝ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո սահմանափակման ենթակա յուրաքանչյուր իրավունքի համար մենք ունենք սահմանափակման կոնկրետ չափանիշներ՝ հոդվածում ամրագրված, ինչը իրավական կարգավորման նոր մակարդակի վրա է բերում սահմանադրական հարաբերությունները»:
Նա համարում է, որ պետությունը ձեռնարկում է բոլոր միջոցները, որպեսզի Սահմանադրությունը դառնա ապրող օրգանիզմ, սակայն ըստ նրա, նաեւ քաղաքացիները պետք է ունենան սահմանադրական իրավագիտակցություն. «Կազմակերպական, կառուցվածքային եւ կարգավորման մակարդակով կարող եմ ասել, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Ընդ որում, կարող եմ ասել՝ խնդիր է դրված մինչեւ 2018 թվականը, այսինքն՝ երբ Սահմանադրությունը իր ամբողջ ծավալով կսկսի աշխատել, ամբողջ օրենսդրական դաշտը համապատասխանեցնել հենց Սահմանադրության պահանջներին»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ