Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դարիալում կբացվի ավտոճանապարհ թեթև մարդատար մեքենաների համար

Հուլիս 04,2016 15:41

ՀՀ և ՌԴ ԱԻՆ համագործակցության արդյունքում 289 քաղաքացի արդեն հայրենիքում է

 Հունիսի 30-ից հուլիսի 1-ը ռուսական օդանավի 6 չվերթով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է տեղափոխվել Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված ՀՀ 289 քաղաքացի (այդ թվում` 73 կին, 31 երեխա)։ Նույն ժամանակահատվածում Հայաստանից նույն ինքնաթիռով Ռուսաստան է տեղափոխվել ՌԴ 13 քաղաքացի (այդ թվում` 2 կին, 2 երեխա): Առաջնահերթ նախապատվությունը տրվել է ծերերին, կանանց և երեխաներին:

ՀՀ ԱԻՆ խնդրանքով` նախատեսված 4-ի փոխարեն ՌԴ ԱԻՆ «ԱՆ-148» օդանավն իրականացրել է ևս 2 լրացուցիչ չվերթ։

ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի կարգադրությամբ` Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի և աշխատակիցների շուրջօրյա հերթապահություն, ծավալվել են ԱԻՆ բժշկական, հոգեբանական և տեղեկատվական ծառայությունների արձագանքման կետեր` Բեսլանի օդանավակայանից ժամանող ՀՀ քաղաքացիներին օգնություն տրամադրելու համար:

Լարսի անցակետի մոտ ծավալված ժամանակավոր ճամբարներում գրանցված բոլոր ՀՀ քաղաքացիները ՌԴ ԱԻՆ օդանավով տեղափոխվել են Հայաստան: Ներկայումս անցակետում մնացել են միայն այնտեղ արգելափակված բեռնատար և մարդատար մեքենաների վարորդները: ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, գնդապետ Ա. Ղազարյանի տվյալներով` Վրաստան-ՌԴ սահմանային հատվածում կա դեռևս ՀՀ 51 քաղաքացի (բոլորը` տղամարդ), որոնք Լարսի անցակետ են ժամանել օդանավի վերջին չվերթն իրականացնելուց հետո և վրանային ավանում գրանցված չեն:

Նշենք, որ հունիսի 23-ից սկսած ՀՀ ԱԻ նախարարությունը ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվական բոլոր խողովակներով պարբերաբար իրազեկել և զգուշացրել է բնակչությանը Լարսի անցակետի փակման մասին` հորդորելով օգտվել այլընտրանքային ճանապարհներից:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այսօր կապ է հաստատել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Կախա Թերթվաձեի հետ, որի հաղորդմամբ` հուլիսի 4-ին, ժամը 17:00-ին Դարիալում ժամանակավորապես կբացվի ավտոճանապարհ 4×4 թեթև մարդատար մեքենաների համար, հատուկ ռեժիմով՝ ՆԳՆ հսկողությամբ: Առաջիկայում տեղեկություն կտրամադրվի նաև Լարսի ճանապարհով այլ տիպի մեքենաների (նաև ծանրաքարշ) երթևեկության հնարավորության մասին։

***

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություն է ստացվել Վրաստան-ՌԴ սահմանային անցակետի փակվելու և բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցնելու մասին: Դրա պատճառ է հանդիսացել ժամը 16:00-ի սահմաններում Մծխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 135-րդ կմ-ում (սահմանային անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա) առաջացած սելավային հոսքը:

Դժվարին իրավիճակում հայտնված մեր համաքաղաքացիների աջակցությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ ԱԻ նախարարությունը և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը սերտորեն համագործակցել են Վրաստանի և ՌԴ իրենց գործընկերների հետ` մշտական կապ պահելով ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնների հետ:

Լարսի անցակետում մնացած քաղաքացիների գիշերակացն ապահովելու համար ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարությունների համագործակցության շրջանակներում տեղում ծավալվել է 2 վրանային ավան 10 վրան, 70 մարդու հաշվարկով, որտեղ մարդիկ ապահովվել են սննդով, սանիտարական հիգիենայի, բուժօգնության և հոգեբանական աջակցությամբ:

ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու հարցի լուծման նպատակով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նամակով դիմել է Դմիտրի Մեդվեդևին` ՌԴ ԱԻՆ օգնությամբ մարդասիրական ավիափոխադրում իրականացնելու համար, որից հետո մեկնարկեց ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարությունների, ինչպես նաև կապի ու տրանսպորտի նախարարությունների, համատեղ աշխատանքը` ՀՀ քաղաքացիների տեղափոխումը կազմակերպելու ուղղությամբ:

 

ՀՀ  ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031