«Կարծում եմ՝ գաղտնի չէ, որ Սահմանադրությունը իրենից ներկայացնում է ոչ հասարակ իրավական ակտ. դա պետության հիմքն է, այսինքն՝ այն պարունակում է այն բոլոր հիմնարար սահմանադրական արժեքները, սահմանադրական սկզբունքները եւ նպատակները, որոնց հիման վրա խարսխվում է պետությունը»,- հունիսի 4-ին՝ Սահմանադրության օրվան ընդառաջ, «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց սահմանադրագետ, արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման եւ իրավական վերլուծության վարչության պետ Բագրատ Ղազինյանը:
Նա նկատեց, որ Հայաստանի Հանրապետությունը իր կարճ պատմության ընթացքում ունեցել է հարուստ սահմանադրական զարգացման պատմություն, ինչը կարելի է տարանջատել երեք փուլի՝ Առաջին Հանրապետության, Երկրորդ Հանրապետության եւ Երրորդ Հանրապետության տարիները. «Սահմանադրական կարգի հիմունքները այն հիմնարար սահմանադրական արժեքներն են, որոնք ընկած են պետության հիմքում՝ պետության մայրաքաղաք, պետության խորհրդանիշները, պետական լեզուն, քաղաքական համակարգի կայացման հիմքերը, պետական իշխանության կայացման հիմքերը:
Ոչ պակաս կարեւոր նշանակություն ունի նաեւ մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքների եւ ազատություններին վերաբերող գլուխը, որտեղ ամրագրված են մարդու եւ քաղաքացու հիմնական սահմանադրական իրավունքները եւ պարտականությունը: Սահմանադրությունը նաեւ հիմք է հանդիսանում հենց պետության կառավարման համակարգի, առհասարակ պետական իշխանական համակարգի կառուցմանը, եւ սահմանադրությամբ ամրագրված մոդելով է հենց կառուցվում յուրաքանչյուր պետության պետական իշխանության համակարգը»:
Նկատառմանը, թե որոշ երկրներ չունեն սահմանադրություն, սակայն այդ հանգամանքը չի խանգարում նրանց լինել ժողովրդավար եւ զարգացած երկրներ, Բագրատ Ղազինյանը պատասխանեց. «Դա մեր պետության կայացման եւ զարգացման հիմքերից մեկն է: Մեզ պետք է Սահմանադրությունը այն պարզ պատճառով, որ այն ծրագրային փաստաթուղթն է, որի հիման վրա հենց համակարգային զարգացում է ստանալու մեր պետությունը: Ինչո՞ւ մենք չենք կարող ապրել առանց Սահմանադրության, կան պետություններ, որոնք ապրում են առանց սահմանադրության:
Կարդացեք նաև
Բնականաբար, այստեղ գործ ունենք տարբեր համակարգների, տարբեր գաղափարախոսության եւ փիլիսոփայության հետ, որովհետև ի վերջո սահմանադրությունը ձեւական փաստաթուղթ չէ, սահմանադրությունը միայն ձեւական նորմերի համակցություն չէ: Սահմանադրության հիմքում ընկած են տվյալ պետության այն արժեքները, այն գաղափարախոսությունը, այն սահմանադրական հիմնադրույթները, որոնք, ըստ էության, հիմք են ծառայել այդ պետության ձեւավորման եւ կայացման համար: Եվ այդ արժեքաբանությունից ելնելով է, որ այսօր մեր պետությունը շարունակում է իր զարգացումը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ