Այսօր Հիմնադիր խորհրդարանի անդամները ասուլիս էին հրավիրել:
Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանի խոսքերով՝ «Պետության վարչախումբը չի կատարում իր հիմնական գործառույթը, որը ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման գործն է: Պետությունը ոչ միայն հրաժարվում է դա կատարել, այլեւ ներքին ճակատ է բացում ինքնակազմակերպվող անհատների եւ ուժերի դեմ: Այս իշխանությունների վերջնական նպատակն է Արցախը հանձնելու դիմաց իր իշխանությունը երկարաձգել: Ինքնապաշտպանությունը սրբազան իրավունք է, վեր է ամեն ինչից»:
Նա ասաց, որ երբ իշխանությունը գործարքի մեջ է մտնում օտար ուժերի հետ, որպեսզի ցեղասպանության ենթարկեն ժողովրդին եւ հայրենազրկեն, ժողովուրդը պետք է ներքին թշնամու դեմ էլ պայքարի, ինքնապաշտպանության իր իրավունքը իրացնելով՝ պետք է առաջին քայլով իրացնի իր ապստամբության իրավունքը. «Վարուժան Ավետիսյանն էլ ասաց՝ Սարդարապատի ներքինն էլ է լինում, թող Սերժ Սարգսյանն ու իր հանցավոր բանդան իմանան»:
Մենք ճշտեցինք՝ ապստամբություն ասելով՝ ի՞նչ նկատի ունեք՝ Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Ժողովուրդը զինված ապստամբության իրավունք ունի: Կարող է զենք վերցնել եւ ֆիզիկապես ոչնչացնել այն իշխանավորներին, որոնք վտանգի տակ են դնում ժողովրդի գոյության իրավունքը եւ այդ ժողովրդին ծրագրված ձեւով, օտարի ձեռքով տանում են ցեղասպանության եւ հայրենազրկության»:
Կարդացեք նաև
Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուքասզյանն էլ պատասխանեց. «Այ, երբ որ ազատագրված տարածքների վերադարձը լինի՝ ապստամբությունը կտեսնեք: Ես ձեզ խոստանում եմ»:
Մեր հարցին՝ եթե ժողովուրդը զենք չունի, ո՞նց պիտի ապստամբի՝ Գարեգին Չուքասզյանը պատասխանեց. «Ես ձեզ խոստանում եմ զինված ապստամբություն, եթե լինի հողերի վերադարձ»:
Մեր դիտարկմանը, որ իշխանությունները հայտարարում են, որ ոչ ոք հող չի պատրաստվում վերադարձնել՝ Չուքասզյանը վստահեցրեց. «Սերժ Սարգսյանը պատրաստ է էդ զիջումներին: Ազատագրված շրջանների հանձնմանը համաձայն է, դրա մասին տեղյա՞կ եք: Այ երբ որ դա կփորձեն իրականություն դարձնել, էն ժամանակ դուք կունենաք զինված ապստամբություն»:
Ինչպես տեղեկացրել ենք, ՀԽ-ն կամավորականների է հավաքագրում եւ զորավարժություններ է պատրաստվում անել: Նրանք ասացին, որ արդեն 1000-ից ավելի մարդ է հավաքվել: Հարցին՝ չե՞ք կարծում, որ դրա տակ իշխանության յուրացման նպատակ կտեսնեն եւ կխոչընդոտեն՝ Վարուժան Ավետիսյանն ասաց՝ եթե մենք սպասենք, թե Սերժ Սարգսյանը եւ իր ապազգային բանդան ինչ որակումներ կտա մեր գործողություններին եւ ըստ այդմ հնազանդվենք, ենթարկվենք նրանց պլանին, ապա նրանց պլանը այս դավադիր ծրագիրն է՝ մեր հայրենիքը մասնատել, հանձնել օտարին եւ հայրենազրկության փաստի առաջ կկանգնենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ