«Միայն փաստաթուղթը շատ քիչ է, որ մենք ունենանք իրական իրավական եւ ժողովրդավարական պետություն»,- հունիսի 4-ին՝ Սահմանադրության օրվան ընդառաջ, «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց սահմանադրագետ, արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման եւ իրավական վերլուծության վարչության պետ Բագրատ Ղազինյանը:
Նա նշեց, որ ինչպես պետությունը, այնպես էլ հասարակական հարաբերությունները իրենց տեղում չեն կանգնում: Եվ զարգացմանը համապատասխան ինչպես նորմատիվ իրավական ակտերը, այնպես էլ Սահմանադրությունը եւս պետք է համապատասխանեն ժամանակի պահանջներին եւ ապահովեն պետության կայուն զարգացումը. «Եվ դա էր հենց այն հիմնական փիլիսոփայությունը, գաղափարախոսությունը, որն ընկած էր Սահմանադրության փոփոխությունների հիմքում»:
Անդրադառնալով 2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններին՝ Բագրատ Ղազինյանն ասաց, որ դրանք աննախադեպ էին Հայաստանի Հանրապետության սահմանադրական զարգացման պատմության մեջ՝ թե՛ կարգավորման ծավալով, թե՛ սահմանադրական գաղափարախոսությամբ եւ սահմանադրական արժեքների ամրագրմամբ. «Որակապես նոր եւ համակարգային տեսք ստացավ մեր Սահմանադրությունը: Ի՞նչ է անհրաժեշտ Սահմանադրության կյանքի կոչման համար: Նախ ես կսկսեի հենց յուրաքանչյուր քաղաքացուց, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի զգա Սահմանադրության կարեւորությունը եւ Սահմանադրության արժեքը մեր պետության համար եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, եւ փորձի իր վարքագիծը կանոնակարգել սահմանադրական արժեքներին համապատասխան»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ