Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանը զորավարժություններ է անում. Սեյրան Օհանյանը դեմ է նրանց նախաձեռնությանը

Հուլիս 04,2016 14:53

«ՀՀ այսօրվա վարչախումբը պատանդ է, ինքը դավադրության մասնակից է: Անկախ նրանից՝ ՌԴ- Թուրքիա հարաբերությունները լավանում են, սրված վիճակում են՝ մեր համար բոլոր դեպքերում վատ է: Էն նավը,որի նավապետը չգիտի, թե նավահանգիստը որտեղ է, ինչ քամի էլ լինում է՝ բոլոր քամիներն էդ նավի համար վնասակար են լինում: Մեր ռազմաքաղաքական շահը թելադրում է ամուր սահման Իրանի հետ»,-  այսօր հրավիրած ասուլիսում ասաց Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուքասզյանը

ՇԱԳԱՄ նախագահի տեղակալ, վարչության անդամ Պավել Մանուկյանն անդրադարձավ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալմանը: Նրա խոսքերով՝ առեղծվածային պայմաններում ձերբակալվեց Սեֆիլյանը. «Տեսան, որ դա մեր վրա ազդեցություն չի թողնում, կամավորագրման մեր նախաձեռնող խմբի անդամները նամակներով դիմեցին ՊՆ, նորից ենք դիմելու, արդեն կազմակերպում ենք վարժանքների խնդիրը, եւ եղան խուզարկություններ ՇԱԳԱՄ-ի բոլոր անդամների, նրանց մտերիմների տներում խուզարկություններ եւ պատանդի կարգավիճակում հայտնվեց եղբայրս: Ես գիտեի, որ էս իշխանությունները տգետ են, բայց որ ապուշ էին այսքան, չէի պատկերացնում: Նրանք չեն գիտակցում, որ չի կարելի Պավլիկին այդ կարգավիճակով խեղճացնել, մի՞թե նրանք չեն գիտակցում, որ ես չեմ կարող զինվորը գաղափարի մարտիկի հետ փոխել: Ճիշտ է, եղբորս շատ եմ սիրում, բայց ես նրան չեմ կարող փոխել գաղափարի մարտիկի հետ, առավել եւս՝ զորավարի հետ: Եթե նրանք ստալինյան ռեժիմով փորձում են եղբորս պատանդ պահել եւ ինձ խեղճացնել, ապա ես ստալինյան կարգավիճակով մի լավ պատասխան պիտի տամ՝ ես ոչ մի զորավարի տալիք չունեմ: Ես չեմ կարող մոռանալ Վոլոդյա, Գեւորգ, առավել եւս՝ Ժիրայր Սեֆիլյան, որի պահանջարկը ժամ առ ժամ աճում է: Այս իշխանությունը օվկիանոսի մեջ ոնց որ մի տաշեղի կտոր լինի, մարդիկ աթոռակռվի մեջ են, իսկ մեր առջեւ լինել-չլինելու հարցն է դրված»:

Պավել Մանուկյանը հայտարարեց՝ «Այս անգլուխ ձիավորները պատերազմ են հայտարարել սեփական ժողովրդին, այս ձեռնոցը մենք պարտավոր ենք վերցնել ազգովի»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ զորավարժություններ անում եք ինչի՞ համար, զենքեր օգտագործվելո՞ւ են՝ Վարուժան Ավետիսյանը պատասխանեց, որ համապատասխան կազմակերպություններում են մասնակցելու դասընթացների:

Պավել Մանուկյանն էլ ասաց. «Կուրսերը լինելու են սպայական, դասընթացների անցնելու են բոլորը՝ անկախ սեռից, ծանոթացնելու են ժամանակակից զենք-զինամթերքին, օգտվելու եւ զգուշանալու կանոններին: Լինելու է ԴՕՍԱՖ-ում»:

Հարցին՝ ո՞րն է ձեր նպատակը՝ հողերը հետ վերցնե՞լը՝ Մանուկյանը պատասխանեց. «Ոչ միայն հողերը հետ վերցնելը: Մենք ասում ենք՝ կանգնելու ենք պատերազմը վերջացնելու: Հողերը հետ վերցնելը նվազագույն ծրագիրն է, պատրաստ ենք պատերազմը տանել շատ խորք՝ մինչեւ հակառակորդին ծնկի ենք բերելու»:

Լրագրողները ճշտեցին՝ ստացվում է՝ այլընտրանքային բանա՞կ եք ստեղծելու՝ ՀԽ անդամներն ասացին՝ բանակի հետ միասին ենք անելու:

Իսկ բանակը համաձա՞յն է՝ Պավել Մանուկյանը պատասխանեց՝ առայժմ՝ ոչ: Սեյրան Օհանյանի հետ են խոսել, ասել են՝ մենք պատրաստ ենք զինվորներին դուրս բերել եւ ծանր բեռը մեր ուսերին տանել դեպի հաղթանակ, մեր ուժերով գնալ առաջ. «Նախարարն ասաց՝ ոչ: Մերժել է հանդիպել: Եթե նախարարը մերժել է, նշանակում է մենք պետք է հրաժարվե՞նք ապրելուց, թե՞ նախարարն է բանակը ստեղծել: Ուզում ենք ապրե՞լ, թե՞ մեռնել ենք ուզում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031