Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հաջորդ պատերազմում Ադրբեջանն ավիացիա կօգտագործի, իսկ մենք կկարողանա՞նք մեր ՀՕՊ-ով պաշտպանել Ստեփանակերտը ռմբակոծությունից». Արա Պապյան (Տեսանյութ)

Հուլիս 04,2016 14:47

«ՀՕՊ-ը թուլացնում է հայկական դիրքերը: Ով որքան ուզում է, թող գովի համաձայնագիրը, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանն ապրիլին չօգտագործեց ավիացիա, չնայած այդքան ունի, որովհետեւ մենք հակաօդային լավ պաշտպանություն ունենք, որից վախենում է: Հիմա Ղարաբաղն այլեւս չունի հակաօդային պաշտպանություն, հաջորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից սպասեք մեծաքանակ ավիացիայի օգտագործում մեր դեմ, որն էապես կմեծացնի զոհերի թիվը մեր կողմից»,-ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ միավորված ՀՕՊ  համաձայնագրի շուրջ այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում նման դիտարկումներ ներկայացրեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

Նրա բնորոշմամբ` համաձայնագրի վավերացումը ղարաբաղաադրբեջանական նոր պատերազմի գործոններից է. «Այ հիմա կտեսնեք` հաջորդ պատերազմում Ադրբեջանն ավիացիա կօգտագործի, իսկ մենք կկարողանա՞նք մեր ՀՕՊ-ով պաշտպանել Ստեփանակերտը ռմբակոծող ինքնաթիռներից: Այդ ժամանակ այն մարդիկ, որոնց զավակները չեն զոհվել, պատասխան կտան այն մարդկանց, որոնց զավակները զոհվել են ադրբեջանական ռմբակոծությունից»:

Արա Պապյանի խոսքով` Հանրապետական կուսակցությունն իշխանությունը պահելու համար գնաց այդ համաձայնագրի վավերացմանը. «ՀՀԿ-ն լուծում է միայն սեփական իշխանությունը պահելու խնդիրը եւ դրա համար պատրաստ է վճարել ամեն ինչով` ներառյալ Ղարաբաղով, եւ այդ գործընթացը գնում է: Եկեք չխաբենք իրար: Հաջորդ պատերազմում հազարավոր զոհեր ենք տալու: Ավիացիան հողին կհավասարեցնի, ու կգան առաջ, հետո էլ մեզ կներկայացնեն, թե «ի՞նչ եք ուզում` պատերազմ էր, այդ հինգ շրջանը չկարողացանք պահել, գայիք պահեիք»: Զարմացած եմ ղարաբաղցիների հանդարտության վրա, առաջնահերթ իրենց զավակներն են մեռնելու: Մոռացե՞լ են` ոնց էր Ստեփանակերտը ռմբակոծվում ավիացիայից: Եթե այդ հինգ շրջանները տալիս ենք, տալիս ենք ողջ Ղարաբաղը, նաեւ Սյունիքը…Եթե մեր կիսամեռ գյուղերը նորից լինեն ադրբեջանական ամենօրյա հարվածների տակ, ո՞վ կմնա այդտեղ»:

Արա Պապյանը չի կիսում պնդումները, թե չնայած համաձայնագրով նախատեսված միասնական հրամանատարությանը` որոշում կայացնողը լինելու է հայկական կողմը. «Պուտինն ու Սարգսյանը հավասար ձայնի իրավունք ունեն տարբեր կառույցներում, բայց երբեւէ տեսե՞լ եք, որ Պուտինի ասածը չանցնի, Սարգսյանի ասածն անցնի: Ասելը քիչ է: Կա մեկ ղեկավարություն, բանակում չի լինում մի քանի ղեկավարություն: Եթե ռուսներին պետք լինի` կօգտագործեն, կամ ոչ: Ռուսները շատ պարզ կարող են ասել` ԼՂՀ-ն ՀՀ-ի տարածք չէ, վերջացավ…Տավուշում ՀՀ տարածքը գնդակոծվում է մշտապես, եւ ՌԴ-ն ունի պարտավորություն մեզ պաշտպանելու, պաշտպանո՞ւմ է` ոչ: Ղարաբաղի մասով ՌԴ-ն ոչ մի պարտավորություն չունի, ինչո՞ւ եք ենթադրում, թե կանի, ինչ է թե ԱԺ-ի որոշ մարդիկ այդպես են ասել: Նրանք պատկերացնո՞ւմ են` ինչ է ՀՕՊ-ը…ռուսները մեկ «բանալիով» կամ «փասվորդով» այնպես կփակեն, որ ոչինչ չենք կարողանա օգտագործել: Մենք ոչինչ չենք կարողանա անել, եթե ռուսները չուզենան, որովհետեւ դա համակարգ է: Բավական է դրանից մի օղակ հանել, այն չի աշխատի»:

Անդրադառնալով ռուս-թուրքական կարգավորվող հարաբերություններին` Պապյանն ասաց. «Թուրքիան լավ է հասկանում` ՌԴ-ն ի վիճակի չէ իրեն որեւէ բան տալու, բացի Ղարաբաղից, որը Թուրքիայի համար էական չէ, Ադրբեջանի խնդիրն է, բայց Թուրքիան կողքից օգնում է Ադրբեջանին»:

Հիշեցնենք` ավելի վաղ ՀՕՊ համաձայնագրի շուրջ մտահոգություններին պատասխանել էին ՀՀԿ խոսնակը եւ Պաշտպանության փոխնախարարը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի says:

    Բոլորին է հայտնի, որ առանց Ադրբեջանի Ռուսաստանն Անդրկովկասում երկար չի կարող մնալ: Վրաստանն արդեն Արեւմուտք/ՆԱՏՕ-ի ազդեցության գոտում է, եւ սա բաց նյարդ է Ռուսաստանի համար: Սրան հակազդելու միայն մեկ միջոց ունի Ռուսաստանը՝ «իրենով անել» Ադրբեջանը, որպեսզի զսպի նաեւ Վրաստանին: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միջոցով Ռուսաստանին սա չհաջողվեց: Ռուսաստանում հասկանում են, որ Հայաստանն առանց Վրաստանի չի կարող, ու, երկարաժամկետ կտրվածքով, Հայաստանն էլ Վրաստանի հետ նույն ճամբարում պիտի լինի: Ադրբեջանն «իրենով անելու» համար Ռուսաստանը, թերեւս, մեկ միջոց ունի՝ ռուս խաղարարարներ մտցնել ԼՂՀ: Ադրբեջանը սրան կհամաձայնի միայն այն դեպքում, եթե Ռուսաստանն Ադրբեջանին խոստանա Արցախի հարցն ի շահ իրեն լուծել: Եթե ռուս «խաղարարարներ» ոտք դնեն ԼՂՀ, այդ պահից Արցախն այլևս երբեք հայկական չի՛ լինելու:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031