Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրեաների «բացառիկության սինդրոմը» կոտրվո՞ւմ է

Հուլիս 04,2016 15:45

Առցանց Առավոտի «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն են քաղաքագետ
Աղասի Ենոքյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:

Իսրայելի Կնեսետում հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության հարցով քննարկում է տեղի ունենալու: Կնեսետում սա երկրորդ քննարկումն է: Առաջինը տեղի էր ունեցել 1,5 տարի առաջ: Դրան մասնակցում էին 8 պատգամավոր: Ի՞նչ հնարավոր զարգացումներ կլինեն Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայերի ցեղասպանությունը ճանաչելու որոշումից եւ Հռոմի պապի կողմից Հայերի ցեղասպանությունը կրկին դատապարտելուց հետո:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ- Պարոն Ենոքյան, Ձեր կարծիքով՝ Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելի դիրքորոշման մեջ փոփոխություններ կլինե՞ն այս իրողություններից հետո:

Աղասի Ենոքյան- Ցեղասպանության ճանաչումը Բունդեսթագի որոշումից հետո, կարծես թե, նոր թափ հավաքեց: Իհարկե, Թուրքիայի արձագանքը դրան չափազանց նյարդային է: Բայց ես կուզեի ուշադրություն դարձնենք վերջին մեկ շաբաթվա զարգացումներին, երբ գնաց թուրք-իսրայելական հարաբերությունների բարելավում: Մինչ այդ, այդ լարված հարաբերությունների պարագայում, կարծես թե, ավելի շատ էին շանսերը, որ կհանգենք դրական արդյունքի: Իսկ հիմա մեծ դժվարությամբ, իհարկե, ԱՄՆ նախագահի միջնորդությամբ այս երկու հարեւան երկրների միջեւ գնաց մերձեցում, եւ դա, կարծում եմ, քչացնում է շանսերը:

Ն. Գ.- Պարոն Թորոսյան, թուրք-իսրայելական հարաբերությունների վերջին բարելավումների համատեքստում միջազգային մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Թուրքիան մի քանի նախապայման է առաջադրել Իսրայելին, դրանցից մեկն էլ Հայոց ցեղասպանության հարցին չանդրադառնալն է: Կգնա՞ Իսրայելն այդ նախապայմանի կատարմանը:

Շիրակ Թորոսյան– Ցեղասպանության ճանաչման հարցն Իսրայելի կողմից Իսրայելի համար կարեւոր քաղաքական որոշում կլինի: Այն, բնականաբար, կարող է լինել իսրայելա-թուրքական հարաբերությունների քննարկման առարկա: Բայց եթե Իսրայելն ընդունի այդ որոշումը, հաշվի չի առնի Թուրքիայի տեսակետը:
Այս պահին Իսրայելի կողմից Կնեսետում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումն, իմ կարծիքով, ավելի շատ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հերթական փորձն է` ցույց տալու համար, որ կա խնդիր, որին ցանկացած պահի Իսրայելը կարող է անդրադառնալ, եւ Թուրքիայի կողմից թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման նախապայմանները մեղմելու քայլ է Իսրայելի կողմից:

Ն. Գ.- Հայ-իսրայելական պետական հարաբերություններ, որպես այդպիսիք, չկան: Խորհրդարանական մակարդակում որոշակի շփումներ կան, անգամ բարեկամական խմբի այցեր են եղել: Ի՞նչ չեն արել Հայաստանի իշխանությունները 25 տարիների ընթացքում, ի՞նչն են բաց թողել հայ-իսրայելական հարաբերությունները կարգավորելու համար:

Շ. Թ.– Խորհրդարանական մակարդակում բավականին լուրջ շփումներ կան: Բայց միջպետական հարաբերությունները, գոյություն ունենալով հանդերձ, խորը չեն, եւ այստեղ խոսքը ոչ թե բացթողումների մասին է, այլ արտաքին քաղաքական գերակայությունների եւ առաջնահերթությունների: Միջպետական հարաբերությունները սովորաբար երկկողմ են լինում: Եթե կողմերից մեկը հետաքրքրություն է դրսեւորում, որը չկա մյուսի մոտ, չենք կարող խոսել երկկողմ հարաբերությունների մասին: Բացթողում, որպես այդպիսին, չկա, որովհետեւ տարածաշրջանում մենք ունենք հակառակորդներ, եթե չասեմ՝ թշնամիներ` Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք ավանդական ջերմ հարաբերություններ են ունեցել Իսրայելի հետ: Եթե 2010 թվականի «Ազատության տորմիղի» միջադեպը չլիներ, որը սրեց թուրք-իսրայելական հարաբերությունները, ապա մեր հակառակորդները, ելնելով նաեւ իրենց ռազմավարական շահերից, շատ սերտ հարաբերություններ են ունեցել, եւ ելնելով այդ մակարդակի հարաբերություններից՝ բնականաբար, մենք Իսրայելի հետ չենք կարողանա հարաբերություններ կառուցել: Ուստի որպես բացթողում որակելը ճիշտ չէ:

Ա. Ե.- Ես համաձայն չեմ: Մենք Իսրայելի հետ հարաբերությունները չենք խորացրել՝ երեւի թե հաշվի առնելով, որ Իսրայելն ունի այնպիսի թշնամիներ, ինչպիսիք են Սիրիան եւ Լիբանանը, որոնք համարվում են մեծ հայկական համայնքներով երկրներ, եւ որոնց հետ, Սիրիայի հետ ունեինք շատ լավ, ջերմ, բարեկամական հարաբերություններ: Բայց ես չեմ կարծում, թե սա կարող էր խոչընդոտ լինել հայ-իսրայելական հարաբերությունների զարգացմանը, մանավանդ, որ Իսրայելում մենք ունենք հայկական եկեղեցու շատ լուրջ ներկայություն, որն էլ կարող էր դառնալ կարեւոր գործոն` այս հարաբերությունները զարգացնելու համար: Սա, կարծում եմ, բացթողում է:

Իսրայելի հետ Ադրբեջանը ռազմական համագործակցության մեջ է, զենքի առեւտուր է անում. հարաբերություններ ունենալով Իսրայելի հետ` կարող էինք մենք նման զուգահեռ զարգացում ունենալ կամ գոնե ազդել զենքի առեւտրի վրա:
Ն. Գ.- Հրեական համայնքի տարբեր ազդեցիկ ներկայացուցիչներ աջակցել են հայկական համայնքներին Ցեղասպանության ճանաչման գործընթացում: Պետական մակարդակով այդ հարցում էլ համագործակցություն չի ստացվում: Սա՞ ինչի արդյունք է:

Ա. Ե.- Հրեաների մոտ կա շատ լուրջ ձեւավորված մոտեցում` ընտրյալ ազգի: Ընտրյալ ազգ ասելով՝ նրանք նաեւ հասկանում են, որ ցեղասպանություն ասվածը եղել է միայն իրենց մոտ: Այլ ցեղասպանությունները նրանց որոշ մասի համար անընդունելի են:
Ն. Գ.- Պարոն Թորոսյան, Հոլոքոստը որպես ցեղասպանության հատուկ տեսակ ներկայացնելը որքանո՞վ է խանգարել հայ-իսրայելական հարաբերությունների ձեւավորմանը:

Շ. Թ.- Համաձայն եմ, այո, հրեաները տարված են բացառիկության սինդրոմով եւ անգամ ցեղասպանության հարցում են ձգտում միակը եւ բացառիկը լինել: Նաեւ` աշխարհում ունեցած իրենց ազդեցությունն օգտագործելով՝ մշտապես խոչընդոտել են, որպեսզի այլ ցեղասպանություններ չհիշատակվեն:

Բայց հիմա իրավիճակը կարծես փոխվում է` Բունդեսթագի որոշումը, Հռոմի պապի գործողությունները, այսպես ասած, սառույցը շարժել են, եւ անցել են այլեւս բացառիկության մասին խոսելու ժամանակները: Իսրայելը նույնպես անուղղակի ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը` երկրորդ անգամ Կնեսետում հարցը քննարկելով, անգամ եթե քիչ մարդիկ են մասնակցում քննարկմանը, անգամ եթե չեն ընդունում: Հիմա եւս չեն ընդունելու, ես վստահ եմ դրանում, բայց այն, որ ընդունում են խնդրի գոյությունը եւ քննարկումներ են սկսում` անկախ Թուրքիայի վրա մահակ ճոճելու իրենց ավանդական քաղաքականությունից, բավարար է՝ համարելու, որ հրեաների մոտ եւս սառույցը շարժվել է:

Զրույցի այլ մանրամասները

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

02.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031