Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի՞ է արդյոք Սեւանա լճից վերականգնող էներգիա արտադրել առանց ջուր սպառելու

Հուլիս 04,2016 15:00

«Նոյյան տապան» քաղաքը Հայաստանում» գաղափարի հեղինակ Վրեժ Աբրամյանը կարծում է, որ հնարավոր է Սեւանա լճից վերականգնող էներգիա արտադրել առանց ջուր սպառելու, եթե Սեւանի հատակում «Թայդալ» գեներատորներ տեղադրվեն:
«Ակնհայտ է, որ գետերի եւ աղբյուրների ջրերը սկիզբ են առնում ձյան սառցաջրերից եւ սառնորակ աղբյուրներից: Նաեւ գիտենք, որ սառը ջուրը ավելի ծանր է, քան տաք ջուրը: Ուրեմն, երբ գետերի սառը ջուրը թափվում է Մեծ Սեւանի մեջ, իջնում եւ տեղավորվում է լճի հատակին: Մեծ Սեւանի ջրի մուտքը շատ ավելի մեծ է, քան Փոքր Սեւանինը։ Միաժամանակ այստեղ չկա ջրի արտահոսք: Իսկ Փոքր Սեւանից մեծ քանակությամբ արտահոսում են հիմնականում տաք ջրերը։

Ուրեմն Մեծ Սեւանը պարտադրված է լրացնելու Փոքր Սեւանի ջրի պակասությունը: Պակասը մեծ մասամբ լրացվում է Մեծ Սեւանի սառը ջրերով, որոնք աճապարում են հատակից Փոքր Սեւանի խորքերում տեղավորվել: Հրազդան գետի միջոցով արտահոսում է ավելի շատ տաք ջուր, քան սառը: Կարեւորն այն է, որ տեղ է բացվում Մեծ Սեւանի հատակից սառը ջրի հոսքի համար դեպի Փոքր Սեւան: Այսպիսով՝ Մեծ Սեւանի սառը ջրերը Մեծ Սեւանի հատակով հորդառատ գետի նման շտապում են դեպի Փոքր Սեւան: Ջրի հոսքն ուժեղանում է, երբ հասնում է Մեծ եւ Փոքր Սեւանների միջեւ գտնվող նեղուցին»,- «Առավոտին» իր ուսումնասիրությունն է ներկայացնում պարոն Աբրամյանը: Նրա խոսքերով՝ դժբախտաբար, դեռեւս հետազոտված չէ այս հոսանքի արագությունը. «Եթե ջրի հոսքը 1 մ/վ լինի, «Թայդալ» տիպի գեներատորները ի վիճակի կլինեն հոսանք արտադրելու: Բայց եթե ջրի հոսքի արագությունը նեղուցում 1 մ/վ-ից փոքր լինի, պետք է մտածենք դրա հոսքն ուժեղացնելու մասին: Սա հնարավոր է, եթե գեներատորները լճի հատակին այնպես դասավորվեն, որ պատնեշի դեր կատարեն: Վստահաբար, ջրի հոսքը Մեծ Սեւանից դեպի Փոքր Սեւան գարնանը, ամռանը, աշնանը եւ ձմռանը կտատանվի: Գարնան վերջերից մինչեւ ամռան եւ աշնան սկիզբը` ուժեղ, իսկ ձմռանը` թույլ, եթե Սեւան-Հրազդան կասկադը ջրի կարիք չունենա:

Եվ սառը ջրի հոսքը կախված է ոչ թե գարնանն ու ամռանը ներթափանցող գետերից, այլ՝ թե ինչքան ջուր է Փոքր Սեւանից արտահոսում»:
Վրեժ Աբրամյանը ներկայացնելով այս առումով միջազգային փորձը՝ նշում է. «Ի՞նչ է կատարվում համաշխարհային օվկիանոսում. «Tadile Current or Energy» (Թայդալ Քարենթ կամ Էներգի) նշանակում է մակընթացային հոսանք կամ էներգիա: Մակընթացության եւ տեղատվության տակ հասկանում ենք օվկիանոսների եւ ծովերի մակարդակների պարբերական տատանումները, որոնք պայմանավորված են Լուսնի ու Արեգակի ձգողությամբ:

Մակընթացությունը եւ տեղատվությունը աշխարհի բոլոր օվկիանոսների ափերին նույն ուժգնությամբ տեղի չի ունենում: Ափեր կան, որոնց ջրի մակարդակը 1-1,5 մետրից ավելի չի բարձրանում, իսկ կան առափնյա գոտիներ, որ մինչեւ 18 մ բարձրանում են: ԱՄՆ-ի եւ Կանադայի սահմանում` Ֆանդի ծովածոցում, առավելագույնը գրանցվել է 19,6 մ։

Մակընթացային էներգիայի գաղափարը հայտնագործել է ֆրանսիացի պրոֆեսոր Ժ. Բելիդորը 1737 թվին: Մակընթացային էներգիան մինչեւ գերմանական աշխարհով մեկ հայտնի ԱՆԴՐԻԹՑ Հայդրո ընկերությունը հողմային գեներատորների հիմքի վրա մշակեցին եւ կատարելագործեցին «Թայդալ» գեներատորները՝ օվկիանոսներում մակընթացային էներգիայից հոսանք արտադրելու համար: «Թայդալ» գեներատորները թե՛ մակընթացության, թե՛ տեղատվության ժամանակ, ինչպես հողմային գեներատորները, փոխելով իրենց ուղղությունը՝ հոսանք են արտադրում: Էներգիա արտադրելու համար բավարար է միայն 1 մ/վ ջրի հոսքը, որովհետեւ ջրի խտությունը մոտ 1000 անգամ բարձր է, քան օդինը: Օվկիանոսների ջրի միջին խտությունը 1025 կգ/մ3 է: Եթե հողմային գեներատորները էներգիա արտադրելու համար 10 մ/վ օդի հոսքի պետք ունեն, ապա «Թայդալ» գեներատորը` միայն 1 մ/վ: Իսկ Սեւանի քաղցր ջրի պարագայում միգուցե 1,1-1,2 մ/վ կարիք լինի (բայց նրա առավելությունն այն է, որ ջրի հոսքը միակողմանի է):
Երկիր մոլորակի համարյա բոլոր մայրցամաքների կողքով անցնում են տաք եւ սառը ջրի հոսանքներ: Ամենից հայտնին Գոլֆստրիմն է, որի տաք ջուրը Մեքսիկական ծոցից, Ատլանտյան օվկիանոսի մակերեսից դեպի Անգլիա եւ Հյուսիսային բեւեռ է հոսում, իսկ օվկիանոսի հատակից հսկայական սառը ջրի գետ է հոսում դեպի Մեքսիկական ծոց: Սա հսկայական էներգիա է: Բայց տեխնիկան դեռ այդքան կատարելագործված չէ, որ 1000 մետր խորության վրա «Թայդալ» գեներատորներ տեղադրվեն:

Իհարկե, մեծ քանակով «Թայդալ» գեներատորներ արդեն տեղադրված են աշխարհի տարբեր վայրերում: Սակայն ամբողջ աշխարհում հսկայական ներուժ գոյություն ունի, եւ մակընթացային էներգիա արտադրելու համար այն դեռեւս լիարժեք չի օգտագործվում»։ Վրեժ Աբրամյանը ներկայացնում է «Թայդալ» գեներատորների առավելությունը Սեւանում կիրառելիս:

Ըստ նրա՝ առաջինը Սեւանա լճից ջուր չի գործածում, ջրամբարի կառուցման եւ դրա սպասարկման կարիք չկա, ջրամբարի փլուզման եւ ջրհեղեղի վտանգ գոյություն չունի, տուրբին գեներատորների համար հատուկ, ամուր եւ ծախսաբեր շինարարության կարիք չկա, խողովակաշար պետք չէ, տուրբին գեներատորի սպասարկումը 5 տարին մեկ է, իսկ կյանքը՝ 25 տարի եւ այլն։
Վրեժ Աբրամյանի խոսքերով՝ այն տեղադրվում է օվկիանոսների եւ ծովերի հատակին` 35-100 մ խորությամբ, եւ «Թայդալ» գեներատորների հզորությունը 500-ից մինչեւ 1500 կՎտ է. «Անկասկած, պետք է ստուգել սառը ջրերի հոսքերի հզորությունները, ճշտել Մեծ եւ Փոքր Սեւանները միացնող նեղուցի ռելիեֆը եւ այլն։ Այս դեպքում կարող ենք հստակ հայտարարել, թե քանի մեգավատտ հզորությամբ գեներատորներ կարելի է տեղադրել նեղուցում։ Խորհուրդ է տրվում ընտրել փոքր (250-500 կՎտ) եւ մեծ (500-1000 կՎտ) գեներատորներ։

Գարնանը եւ ամռանը, երբ ջրերի հոսքը մեծ է, կօգտագործվեն բոլոր գեներատորները, աշնանը եւ ձմռանը` փոքր հզորություն ունեցողները։

Ի դեպ, սա աշխարհում առաջին դեպքն է, երբ «Թայդալ» գեներատորը տեղադրվելու է լճի հատակին։ Կներեք, իսկ ինչո՞ւ մենք առաջինը չլինենք»։
Լ. Բ.

 

«Առավոտ»

02.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031