Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«1-2 ամսով հետաձգվել է պատերազմը». Արա Պապյան. (Տեսանյութ)

Հուլիս 04,2016 14:16

«ՌԴ-ի ահագնացող մեկուսացումը Արեւմուտքից. Այս պատճառով երկու մեկուսացող պետությունները` Թուրքիան եւ ՌԴ-ն, ձգտում են իրար»,-Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն այսպես է բնորոշում «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

«Անդրադարձ» մամուլի ակումբում հուլիսի 4-ին նա կարծիք հայտնեց, որ Թուրքիայի մերձեցումը ՌԴ-ի հետ Հայաստանի համար վտանգավոր է. «Գիտենք ՌԴ-ի քաղաքականությունը` սիրաշահել, իսկ դրա համար ինչ-որ բան պետք է տաս կամ զիջես: Այն, որ Պուտինն ուզում է Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնել, ակնհայտ է»:

Քաղաքագետի բնորոշմամբ` նշյալ մերձեցումը վտանգավոր է hատկապես «Լավրովյան ծրագրի» մասով, որն ածանցվում է Կազանի փաստաթղթից. «1994թ.-ից առկա փիլիսոփայությունն է` «տարածքների զիջում` կարգավիճակի դիմաց», որն այսօր նենգափոխվել է` դառնալով` «տարածքներ ոչ թե կարգավիճակի կամ խաղաղության, այլ ավելի կայուն կարգավիճակի դիմաց»: Եթե տանք, տալու ենք անվտանգության համար խիստ կարեւոր տարածքներ: Բազմաթիվ նշաններ կան, որ մեր իշխանություններն ուզում են գնալ այդ տարբերակին: Կկարողանա՞ն իրականացնել` կասկածում եմ, որովհետեւ հասարակության մեծ մասի համար դա ընդունելի չէ»:

Արա Պապյանը Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության միտում է նկատում. «Եռանախագահողների ձեւաչափը փոխարինվում է ռուսական ձեւաչափով, իսկ թուրք-ռուսական մերձեցումը տեղի է ունեցել Ալիեւի եւ Նազարբաեւի միջնորդությամբ: Նրանք ազդեցություն ունեն Պուտինի վրա, նման մարդկանց խմբում մենք ինչպե՞ս ենք լսելի դարձնելու մեր ասելիքը: Հայկական կողմը սկզբունքորեն պետք է դեմ լինի տարածքների զիջմանը»:

Քաղաքագետի խոսքով` ՌԴ-Թուրքիա մերձեցման ֆոնին մեծանում է Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ պատերազմի հավանականությունը. «Կարծում եմ` մեկ-երկու ամսով հետաձգվել է պատերազմը: Ադրբեջանաթուրքական տեսակետն է` ինչո՞ւ մի բան անել պատերազմով, եթե կարելի է անել խաղաղ ճանապարհով` ռուսական ճնշմամբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031