Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայազն». Հայոց լեզվի պետական կարգավիճակը խաթարող բոլոր օրենսդրական ակտերի վերացում

Հուլիս 04,2016 13:50

2016 թ հուլիսի 2-ին կայացավ «Հայազն» կուսակցության երրորդ համագումարը։ Մտքերի փոխանակությունից հետո համագումարը ընտրեց նոր վարչություն և հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ։

 «Հայազն» կուսակցության համագումարի հայտարարություն

Վերահաստատելով մեր սկզբունքային և հիմնավորված համոզմունքը, որ Հայաստանի, այսպես կոչված, Երրորդ Հանրապետությունը գործուն, արդյունավետ, արդար և անվտանգ Ազգային Պետությանը հարիր պետական ձև չէ, և ենթակա է պարտադիր հեղափոխական փոփոխության, մենք գիտակցում ենք, որ այդ փոփոխությունը հնարավոր է միայն, որպես առաջին քայլ, տվյալ վարչախմբի անվերապահ ամբողջական հեռացումից հետո։

Չվստահելով երկրում գործող այլասերված ընտրական համակարգին, ինչպես նաև թերահավատորեն վերաբերվելով Հայաստանում, այսպես կոչված «լիբերալ դեմոկրատիայի» ըստ էության կիրառելիությանը և արդյունավետությանը, մենք ևս մեկ անգամ հաստատում ենք, որ համակարգի պաշարները մաշեցնելու, ազգային-ազատագրական գաղափարախոսությունը լայնորեն քարոզելու, մեր շարքերը ընդլայնելու և ամրապնդելու նպատակով մասնակցելու ենք Ազգային Ժողովի ընտրություններին։

Հավատարիմ մնալով մեր հայկական Հայրենիքը, որպես ինքնիշխան, ինքնուրույն, ազգային-քաղաքացիական պետականություն հաստատելու մեր գերագույն նպատակին, մեզ համար անհնար ենք համարում համագործակցությունը ինչպես հանցավոր վարչակարգի, այնպես էլ երկրի ինքնիշխանությունը կասկածի տակ դնող, օլիգարխիայի կամ օտարերկրյա շահեր սպասարկող ցանկացած ուժերի հետ։

Չկիսելով, այն պարզունակ պատկերացումները, թե հեղափոխությունը կարելի է իրականացնել նախանշանակված կոնկրետ ժամ և օրում, հավաստիացնում ենք , որ Ազգի կողմից այս ընտրությունները որպես քստմնելի վարչակարգից ազատվելու պատեհ պահ ընկալվելու դեպքում, «Հայազնը» ողջ իր կազմով, առանց վարանելու կլինի առաջին շարքերում, փորձելով շարժումը ուղղորդել ազգային-հեղափոխական ուղիով։

«Հայազն» կուսակցության կողմից հանրությանը ներկայացվելու է նախընտրական պլատֆորմ, որը պարտադիր կերպով կներառի հետևյալ դրույթների առավել հանգամանալից ձևակերպումները։

Հայաստանի ինքնիշխանության վերականգնում, Հայաստանի Անկախության հռչակագրի դրույթներին հակասող բոլոր օրենսդրական ակտերի, պայմանագրերի և պրակտիկաների վերացում։

Հայաստանի և Արցախի ողջ տարածքում մեկ և միացյալ հայկական պետականության վերահաստատման բոլոր տեսակի, այդ թվում անձնավորված խոչընդոտների վերացում։

Հայոց լեզվի պետական կարգավիճակը խաթարող բոլոր օրենսդրական ակտերի վերացում։

Օլիգարխիայի վերացում, որպես ազգային պետությանը և երկրի համաքաղաքացիական ազգային կազմակերպմանը և օբյեկտիվ, և գիտակցված թշնամի դասակարգ:

Հանրապետական կուսակցության արգելում, համապետական ղեկավար կազմի օրենսդրական հետապնդում և լյուստրացիա։ Իշխանափոխության պահին դրա հետ կոալիցիա կազմած կուսակցությունների գործունեության կասեցում։

Մասնավոր մենաշնորհների արգելում, բնական անխուսափելի մենաշնորհների ազգայնացում։

Ընդերքի ազգայնացում։

Ազատությունների և պարտականությունների բացարձակ հավասարեցում բոլորի համար։

Բոլոր քաղաքացիների համար հասանելի և օբյեկտիվ դատական համակարգի հաստատում։

Տեղական ինքնակառավարման հնարավորությունների և իրավունքների ընդլայնում։

Ճանաչված ազգային փոքրամասնություններին ապատարածքային ազգային-մշակութային ինքնավարության շնորհում։

Քաղաքացիական ազատությունների պետական պաշտպանություն։

Սեփական քաղաքացիների նկատմամբ լրտեսող և սադրող քաղաքական ոստիկանության մարմինների լուծարում։

Քաղբանտարկյալների անհապաղ ազատում և նյութական փոխհատուցում։

Կեցցե՜ Ազգային Հեղափոխությունը։

 

«Հայազն» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031