Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյանի գիրքը սահմանադրական դեֆիցիտի հաղթահարմանը կնպաստի՞

Հուլիս 04,2016 14:30

Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը եւ ժամանակի մարտահրավերները» մենագրության շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ, ՀՀ սահմանադրության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում: Եռալեզու գիրքը նվիրվել է ՀՀ անկախության 25-ամյակին:

Վերահրատարակված ուսումնասիրության առարկան, ինչպես գրված էր գրքի առաջաբանում, «սահմանադրական մշակույթ» երեւույթն է, տեսափիլիսոփայական, պատմաբանական, համեմատական-սահմանադրական, իրավակիրառական դրսեւումների տեսանկյունից: Գիրքը բաղկացած է 6 գլուխներից: Գրքի 2-րդ գլխում առաջին անգամ փորձ է արվում ներկայացնել սահմանադրական մշակույթի ձեւավորման եւ դրսեւորման առանձնահատկությունները՝ սկսած վաղ քրիստոնեական շրջանից, անդրադարձ է արվում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու իրավաքաղաքական նշանակությանը, կանոնական սահմանադրությունների իրավագիտական բնութագրիչներին:

Հարցադրումներից մեկն էլ այն էր, թե այդ ժամանակաշրջանի իրավամտածողության համակարգում ինչպիսի մոտեցումներ առաջադրվեցին, ինչ նշանակություն ունեին ազգային-եկեղեցական ժողովները, որպես «ազգային համաձայնության վարքագծի ընդհանուր կանոն ընդունող մարմին»: Ի դեպ, գրքի հեղինակն իր զարմանքն է հայտնում, որ 21-րդ դարում քրիստոնեության 1700-ամյակին նվիրված «Քրիստոնեա Հայաստան» ավելի քան 100 էջանոց հանրագիտարանում խոսք անգամ չի եղել ազգային-եկեղեցական ժողովների սահմանադիր դերի ու կանոնական սահմանադրությունների մասին: Սա այն դեպքում, երբ ըստ Գ. Հարությունյանի, դեռեւս 1837թ. Վենետիկում հրատարակված «Հայկազեան լեզուի նոր բառգրքում» տրվել է սահմանադրության բնորոշումը:

«Աստվածաշնչյան ողջ նյութի, Հին ու Նոր Կտակարանների «օրենսդրական», պատմական, խրատական, մարգարեական գրքերի, Կենաց Գրքից մինչեւ Հովհաննու Հայտնություն «աստվածաշնչյան իրավունքի» հիմնարար սկզբունքը վկայում է, որ բոլոր տիպի հարաբերությունների առանցքը մարդն է, որին Աստված պարգեւել է իր պատկերն ու նմանությունը՝ անանց արժեքների մի համակարգ, որոնք անօտարելի են մարդուց, նրա գոյի բովանդակությունն են, եւ դրանց բռնանալը հակամարդկային, հակաիրավական ու Աստծուն հակառակ գործել է նշանակում: Քրիստոնեական իրավամտածողության հայեցակարգային հիմքը մարդու աստվածացակերպությունն է, որի համատեքստում են մեկնաբանվում մարդու իրավունքներին, հասարակական համակեցությանը, պետության դերին, իշխանության բնույթին, քաղաքական համակարգին ու, ընդհանրապես, իրավական ցանկացած հարաբերությանը վերաբերող սկզբունքներն ու գործնական մոտեցումները»,- ասված էր ուսումնասիրության մեջ:

Անդրադառնալով Աստվածաշնչյան մեկնություններից մեկին էլ, թե «ներքեւից» ասելիքը չի կարող Աստծուն հակառակ լինել, շրջանցել աստվածային պատվիրանները, համաձայն որի՝ որպես արդարության սկզբունք շեշտվում է՝ «Մեծամասնութեանը հետեւելով՝ չար գործերի յետեւից մի ընկիր», մենագրության հեղինակը շարունակում է. «Հստակ է, որ ժողովրդավարությունը ժողովրդի կողմից իրականացվող այնպիսի գործողություն է, որի հիմքում ընկած են անփոփոխելի բարձրագույն արժեքները: Ուշադրության արժանի են, որ ներկայումս մի շարք երկրների սահմանադրություններում ամրագրված է, որ մարդու իրավունքները բարձրագույն արժեք են, իսկ ժողովուրդը եւ պետությունն իրենց իշխանությունն իրականացնելիս սահմանափակված են մարդու իրավունքներով ու հիմնարար ազատություններով, որպես անմիջական գործող իրավունք»: Այդ երկրներից են Վրաստանը, Գերմանիան, Ռուսաստանը:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

02.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031