Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ ճանաչում քննչական գործողությունը՝ համացանցը «ճանաչել» էր

Հուլիս 04,2016 14:00

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածով
կարգավորվում է ճանաչման գործողության ընթացքը

Համաձայն նշյալ օրենքի, ճանաչման համար որեւէ անձի վկային, տուժողին, կասկածյալին, մեղադրյալին ներկայացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը վերջիններիս նախապես հարցաքննում է այդ անձի արտաքին տեսքի ու նշանների եւ այն հանգամանքների մասին, որոնցում ճանաչողը տեսել է այդ անձին:
Եվ՝ ճանաչման ենթակա անձը ներկայացվում է ճանաչողին. նա պետք է լինի նույն սեռի, եւ արտաքինով ու հագուստով ճանաչվողին հնարավորին չափ նման առնվազն երեք այլ անձանց հետ: Արդյո՞ք ճանաչման գործընթացում օրենքի տառը պահպանվում է:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանն «Առավոտի» հարցին պատասխանեց այսպես. «Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ ճանաչման գործողության նպատակը կայանում է նրանում, որ վկան, տուժողը կամ մեղադրյալը իրենց ճանաչման ներկայացված առնվազն 4 անձանց միջից պետք է ճանաչի կամ չճանաչի այն անձին, ում ճանաչողը տեսել է դեպքի վայրում կամ ինչ-որ տեղ, որը էական նշանակություն ունի գործի բացահայտման համար: Այսինքն՝ ճանաչողը ճանաչվողին տեսած պետք է լինի դեպքի ժամանակ կամ ինչ-որ վայրում եւ հաջորդ անգամ ճանաչման գործողության ընթացքում»:

Հաճախ են փաստաբանները բարձրաձայնում, թե մինչ ճանաչում քննչական գործողությունը վարույթն իրականացնող մարմինը ճանաչվողին ցույց է տվել:
Այս կապակցությամբ, Լիպարիտ Սիմոնյանն ասում է. «Ճանաչման գործողության արժանահավատության եւ թույլատրելիության տեսանկյունից անտրամաբանական կլինի, եթե մինչեւ ճանաչման գործողություն սկսելը, վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչը ճանաչողին ցույց տա ճանաչվող անձին եւ որից հետո իրականացվի անձի ճանաչման գործողությունը»:

Իսկ օրինակներ նա բերեց համացանցից, այդ թվում՝ նաեւ ֆեյսբուքյան հարթակից, հեռուստատեսության «Սուր անկյուն», «02» եւ այլ հաղորդաշարերից, որտեղ պաշտոնական լրատվամիջոցների հետ միասին մասնավոր հեռուստաընկերություններն էլ խախտում են անմեղության կանխավարկածի սկզբունքը. «Օրեր շարունակ արտատպելով իմ պաշտպանյալ Ա. Ն.-ի լուսանկարը, որի տակ գրված էր նրա անուն-ազգանունը, նրան ներկայացնում էին որպես Ե. Խ.-ի սպանությունը կատարող անձանցից մեկը:

Ամբողջ հասարակությանը, այդ թվում սույն գործի հետ որեւէ կերպ առնչվող անձանց՝ ականատես վկաներին, ուղղակիորեն իմ պաշտպանյալի լուսանկարը եւ անուն-ազգանունը ցուցադրվել է՝ որպես սպանություն կատարող անձի: Հետեւապես, որեւէ ճանաչող անձի ընկալման եւ ճանաչման համար իմ պաշտպանյալն արդեն իսկ խոցելի է: Ա.Ն.-ին նախկինում երբեւէ չտեսած անձը նրան ընկալելով որպես սպանության մասնակից, կարող է ճանաչման ժամանակ մատնացույց անել նրան»:
Փաստաբանի դիտարկմամբ, ի սկզբանե նման պայմաններում խախտվում է անձի անմեղության կանխավարկածը: «Նման պայմաններում կատարվելիք ճանաչման գործողությունը չի բխի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից, այն տեղի կունենա քննչական գործողության կատարման կարգի էական խախտումների եւ պաշտպանական իրավունքի էական խախտման պայմաններում եւ կարող է ազդել գործով ձեռք բերվելիք փաստական տվյալի հավաստիության վրա:

Չեմ բացառում, որ նման պայմաններում քննիչը նաեւ հարցաքննի, ցուցմունք վերցնի «ճանաչող» անձից, այն մասին, որ ինքը չգիտի, թե հեռուստացույցն ինչ է, հեռուստացույց չունի, «02» հաղորդումը երբեւէ չի նայում, համակարգչի մասին առաջին անգամ է լսում, ինտերնետը չգիտի ինչ է եւ նմանատիպ բաներ»,- նշում է զրուցակիցս:

Անմեղության կանխավարկածի հետ կապված, քանի դեռ առկա չէ օրինական ուժ ստացած դատական ակտ, ապա անձը չի կարող ներկայացվել որպես հանցանք կատարող:

Փաստաբանի դիտարկմամբ. «Գուցե ոստիկանությունը միտումնավոր է տարածում, որպեսզի նախապես վկաները տեղեկանան, թե ճանաչման ժամանակ կոնկրետ ում են ճանաչելու»:

Լ. Սիմոնյանը տեղեկացնում է, որ առկա է օրինական ուժ ստացած դատավճիռ՝ Ա. Սարգսյանի, երբ ճանաչման գործողությունն անթույլատրելի է ճանաչվել այն դեպքում, երբ անձը ճանաչման է ներկայացվել ձեռնաշղթայով, էլ ուր մնաց, որ ճանաչվողի լուսանկարները տարածելուց հետո, այդ ճանաչման գործողությունը համարվի օրինական եւ թույլատրելի:

 
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

02.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031