Լրահոս
Օրվա լրահոսը

Փողային գործիքներն այլեւս «թույլ օղակ» չեն

Հուլիս 04,2016 13:30

2017թ. Երեւանում առաջին անգամ
կանցկացվի փողային գործիքների միջազգային փառատոն

Խորհրդային տարիներին Հայաստանում ձեւավորված կարծրատիպը, թե նվագախմբերում «թույլ օղակը» փողային գործիքների խումբն է, միայն վերջին տարիներին սկսել է զիջել դիրքերը: Իմիջիայլոց, 93-ամյա Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային գործիքների ամբիոնում ի սկզբանե դասավանդել են բարձրակարգ պրոֆեսորներ: Սակայն, չգիտես ինչու, տասնամյակներ շարունակ հայաստանյան երաժշտական կյանքում, բացի կոնսերվատորիայի ուսումնական ընթացքից, որպես մենակատարներ սակավ են հանդես եկել փողային գործիքների երաժիշտները: Մինչ օրս չունենք հայ փողային որեւէ գործիքի երաժիշտ, որն արժանացած լինի ժողովրդական արտիստի կոչման:

Այսուհանդերձ, երաժշտասեր լայն հանրությանը հայտնի է փողային գործիքների մի քանի երաժիշտ, որոնք արժանացել են վաստակավոր արտիստի կոչման՝ կլարնետահարներ Աբգար Մուրադյանը, Վյաչեսլավ Մանուչարյանը, շեփորահարներ Հայկազ Մեսիյանը, Յուրի Բալյանը, Նիկոլայ Խաչատրյանը, ֆլեյտահարներ Լեւոն Ալոյանը, Եվգենի Նոնինյանը, Տիգրան Գեւորգյանը, տրոմբոնահար Օմար Պապիկյանը, գալարափողահար Մերուժան Տեր-Մինասյանը: Սա մեր հանրապետության հիշյալ գործիքների վաստակավոր երաժիշտների ամբողջական ցանկն է: Կարծում ենք՝ ավելորդ են մեկնաբանությունները: Վերջերս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակի առիթով ընդամենը երկու երաժիշտ, այն էլ՝ փողային գործիքների, արժանացան վաստակավորի կոչման՝ տուբահար Վաղարշակ Պեպանյանը եւ շեփորահար Շահեն Գեւորգյանը:

Վերջին տարիներին փողային գործիքների երաժիշտներին որպես մենակատարներ հաճախ ենք հանդիպում ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ կամերային երեկոներին: Նրանց հանդիպում ենք Հայաստանում անցկացվող փառատոների շնորհիվ եւս: «Առավոտը» քանիցս անդրադարձել է նման երեկոների ու նկատել, որ դեպի դրական շարժը ըստ էության ապահովում են անհատ երաժիշտները, մեկ-երկուսը՝ իրենց արտասահմանցի ընկերների, ոմանք՝ հենց իրենց անվան միջոցով եւ այլն: Օրինակ, այս ոլորտում իսկապես մեծ գործ է կատարում կոմպոզիտոր Յուրի Գալստյանը: Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսորի ղեկավարությամբ 2015թ. դեկտեմբերին կայացավ կոնսերվատորիայի փողային կվինտետի եւ կամերային նվագախմբի համերգը, նույն երաժշտի ղեկավարությամբ ներկա ենք գտնվել փողային- կամերային ամբիոնի ուսանողների համերգին: Ուրախալի էր, որ բացի արեւմտյան կոմպոզիտորների երկերից, հնչեցին նաեւ հայ հեղինակների գործեր:

Հայաստանում փողային գործիքների երաժշտության զարգացման գործին է իրեն նվիրել ֆագոտահար, Ազգային օպերային թատրոնի նվագախմբի արտիստ, օպերայի աջակցման հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանը: Երաժիշտը ուսանելով նաեւ Ցյուրիխում, վերադարձավ եւ 2009թ.-ից անձնական կապերի միջոցով պարբերաբար սկսեց հրավիրել եվրոպացի երիտասարդ երաժիշտների, մասնավորապես՝ փողային գործիքների: Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ համերգ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ արտասահմանից հրավիրված երաժիշտների մասնակցությամբ: Վերջիններիս «հայտնաբերել» էր Շմավոն Գրիգորյանն ու ստացել Կամերայինի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանի համաձայնությունը:

Մեզ հետ զրույցում Շվեյցարիայից ժամանած երաժիշտներ՝ թավջութակահար Լուկաս Ռաաֆլաուբը, ջութակահար Միքայել Զաքարյանը, հոբոյահարներ՝ Գերմանիայից Մանե Հարությունյանը եւ Իսպանիայից Էդմունդ Ուորսֆոլդ Վիդալը նշեցին, որ հաճելի էր համագործակցել մեր պետական կամերային նվագախմբի նման բարձրարվեստ կոլեկտիվի հետ, հատկապես առանձնացնելով Վահան Մարտիրոսյանի՝ որպես դիրիժորի, իրենց խոսքերով՝ ճկուն, իսկույն նյութն իրենով անող եւ նվագախմբին ու մենակատարին «միացնող» հատկությունները, հավելելով, թե վերջիններս հատուկ են միայն բարձրարվեստ արվեստագետներին:
Շմավոն Գրիգորյանն առանց մանրամասնելու հայտնեց, թե այսօրվանից բանակցություններ են տարվում 2017թ. ամռանը Երեւանում փողային գործիքների միջազգային փառատոն անցկացնելու համար: Միայն հայտնեց, որ այսօրվա դրությամբ այդ միջոցառումը իր շուրջը կհավաքի 15 երկրից ժամանած երաժիշտների:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում _Ձախից՝ Շմավոն Գրիգորյանը, Լուկաս Ռաաֆլաուբը,
Էդմունդ Ուորսֆոլդ Վիդալը եւ Միքայել Զաքարյանը:

 

«Առավոտ»

02.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Narek Avagyan says:

    Ամեն ինչ լավ եք գրել, մենակ Մերուժան Տեր-Մինասյան, այլ ոչ թե Մերուժան Տեր-Սիմոնյան: Մեկ էլ՝ Հայկազ Մինասյան, այլ ոչ թե Հայկազ Մեսյան: Դուք երեւի ֆրանսիացի կոմպոզիտոր Օլիվիե Մեսիեի հետ եք շփոթել: Եթե հնարավորություն կա՝ ուղղեք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031