ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում Հայաստանում գործող «Իմ Հայաստան» ծրագրի աջակցությամբ առաջիկայում Վաշինգտոն կմեկնի Երեւանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «ԹմբաԹա» երիտասարդական ժողովրդական ռոք խումբը՝ մասնակցելու Վաշինգտոնում ամեն տարի անցկացվող «Ֆոլքլայֆ» փառատոնին:
Բացի «ԹմբաԹա»-ից, փառատոնում հայկական էթնիկ երաժշտությունը ժամանակակից, նորարարական հնչյունային ձեւավորմամբ կներկայացնի նաեւ Լոս Անջելեսում հիմնադրված «Հայկական հանրային ռադիո» խումբը:
Փառատոնային մի քանի համերգների ժամանակ էլ երկու խմբերը հանդես կգան համատեղ:
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ «Հայկական հանրային ռադիո»-ի հետ «ԹմբաԹա»-ն առաջին անգամ է բեմ բարձրանալու. «Փառատոնի կազմակերպիչներն են նպատակահարմար գտել, որ երկու խմբերը նաեւ համատեղ ելույթներ ունենան: Մինչ այդ, ծանոթ չէինք խմբին: Հուսանք, որ միասին շատ լավ ելույթ կունենան, հետաքրքիր համատեղություն կլինի, մանավանդ որ որոշ նմանություններ, ընդհանրություններ ունեն: Միգուցե հետո ցանկանան նաեւ համագործակցել»,- նշեց նա:
«ԹմբաԹա»-ն Վաշինգտոն կմեկնի հուլիսի 4-ին, ելույթ կունենա 6-ին, 7-ին, 8-ին եւ 9-ին:
Խումբը մեկնելու է ոչ լրիվ կազմով: «Բամբիռ» ռոք խմբի երաժիշտ Արիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ չորս տարի առաջ ստեղծված «ԹմբաԹա»-ն 12-22 տարեկան երեսուն անդամ ունի: Սակայն նրանցից տասը Վաշինգտոնում կմասնակցեն փառատոնին:
18-ամյա վոկալիստ Քրիստինե Եղիազարյանը նրանցից մեկն է. «Մենք ներկայացնում ենք հայկական ավանգարդ ֆոլկ երաժշտություն՝ դրան տալով ռոքային, ռեգիի, հիփ-հոփի, բլյուզի, ջազի երանգներ: Քանի որ մեր երիտասարդությունն այսօր շատ քիչ է լսում մեր ազգային երաժշտությունը՝ փոխարենը լսելով այլ ազգերի խառնուրդ երգերը, դրա համար մենք փորձում ենք այդ երաժշտությանը տալ այնպիսի երանգ, որը կգրավի նրանց ու կլսեն իրենց ազգայինը:
Այդ երգերը ձանձրալի չեն, ինչպես կարծում են շատերը: Եթե փորձենք դրանք լսել, հասկանալ, կտեսնենք տարիների ցավը, տառապանքն ու ուրախությունը, որ հայերն ունեցել ու արտահայտել են այդ երգերում»,- ասում է Քրիստինեն:
16-ամյա կիթառահար Ժիրայր Տեր-Օսիպյանը նույնպես մասնակցելու է «Ֆոլքլայֆ» փառատոնին: Չի անհանգստանում, որ իրենց համար դեռեւս անծանոթ խմբի՝ «Հայկական հանրային ռադիո»-ի հետ են ելույթ ունենալու. «Կարծում եմ՝ հաճելի կլինի միասին աշխատելը: Ուզում եմ՝ փորձենք»,- ասում է մեր զրուցակիցը:
Ժիրայրի ընտանիքում երաժիշտներ չկան, բայց ռոք երաժշտության մեջ է մեծացել. «Տանը միշտ միացրած էր «Լեդ Զեփելին», «Բամբիռ»: Հետո սկսեցի կիթառի դասերի գնալ: Իսկ մինչ այդ, երբ շատ փոքր էի, խաղալիք կիթառ էի «նվագում», նույնիսկ թենիսի ռակետով էի «նվագում»: Հիշում եմ՝ ինչպես էի այդ ռակետի մոտ նստած լացում, երբ մի տղա ջարդեց այն»,- պատմում է Ժիրայրը:
ՍԻՐԱՆՈՒՇ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«Առավոտ»
02.07.2016