Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ արտադրողները իրենց հուզող խնդիրները ներկայացրեցին ՏՄՊՊՀ նախագահին

Հուլիս 04,2016 11:28

ԼՂՀ կատարած այցի ընթացքում ՏՄՊՊՀ նախագահը և ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանի հետ համատեղ անցկացրել է նիստ, որին ներկա են գտնվել նաև ԼՂՀ-ում գործող մեկ տասնյակից ավելի արտադրական խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ: Տնտեսվարողները ներկայացրեցին իրենց մտահոգություններն ու խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում են արտահանման ժամանակ առաջացած որոշակի խնդիրներին, ինչպես նաև շուկաների ընդլայնման հնարավորություններին: Մասնավորապես, Արցախում ձվի և հավի մսի արտադրությամբ զբաղվող Լուսակերտ ընկերության հիմնադիր Դավիթ Դադայանը նշեց, որ այսօր ստեղծված իրավիճակում արտահանումն իրենց ընկերությանը այնքան էլ ձեռնտու չէ, քանի որ իրենք հավի կերը ներկրում են Ռուսաստանից, հետևապես արտադրանքի ինքնարժեքը իրենց վրա մոտ կրկնակի անգամ ավելի թանկ է նստում, քան ՌԴ-ում, որտեղ նույն արտադրությունը կազմակերպում են տեղական կերով: Ըստ ընկերության տնօրենի, ստեղծված օբյեկտիվ իրավիճակի պատճառով, իրենք առայժմ բավարարվում են միայն տեղական շուկայով, թեև արտադրական ծավալներն ավելացնելու մեծ ներուժ ունեն:

Գորգերի արտադրությամբ զբաղվող Ղարաբաղ կարպետ ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանն էլ ՏՄՊՊՀ նախագահին ներկայացրեց, որ արտահանման ոլորտում իրենց խնդիրները վերաբերում են ավելացված արժեքի հարկի վճարմանը: Ըստ գործարարի, ՌԴ արտահանումից հետո առավելագույնը 30 –օրյա ժամկետում իրենք պարտավոր են վճարել ԱԱՀ, որը իրենց պարագայում կարող է հասնել մինչև մի քանի միլիոն դրամի: Սակայն, վաճառվող գորգերը բավականին թանկարժեք են, դրանք արագ իրացվող ապրանք չեն համարվում, և, երբեմն վաճառվում են արտահանումից մեկ-երկու տարի հետո: Անկախ այդ հանգամանքից, ԱԱՀ-ի վճարումը պարտադիր է: Ըստ գործարարի, մեծ աջակցություն կլիներ, որպեսզի այս հարկատեսակի վճարման ժամկետը երկարաձգվեր, ինչը բիզնեսի զարգացման համար լրացուցիչ խթան կհանդիսանար:

Պահածոների արտադրությամբ զբաղվող Արցախ բերրի ընկերության ղեկավար Էրիկ Մկրտումյանն էլ նշեց, որ բարդացված է արտահանման ժամանակ որակի հավաստագրի ստացման գործընթացը: Ըստ տնտեսվարողի, Արցախում հավաստագիրը ստանալուց հետո, պարտավոր են նույն փաստաթուղթը ստանալ նաև Հայաստանում՝ արտահանումը անարգել կազմակերպելու համար: Է. Մկրտումյանը առաջարկում է ներդնել հավաստագրերի ստացման միասնական համակարգ, որպեսզի տնտեսվարողը ստիպված չլինի լրացուցիչ գումար և ժամանակ ծախսելով՝ նույն գործընթացն անցնել մի քանի անգամ:

Նիստին ներկա տնտեսվարողները նաև բարձրացրեցին արտահանման ժամանակ վճարումների հետաձգման, ռուսական ռուբլու արժեզրկման և այլ գործոնների հետևանքով առաջացած մրցակցային խնդիրների մասին:

Ի պատասխան բարձրացված հարցերի, ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նշեց, որ Հանձնաժողովը լինելու է հետևողական, որպեսզի տնտեսվարողներին հուզող և արտահանման ծավալների աճին խոչընդոտող խնդիրները հնարավորինս արագ լուծումներ ստանան: Ա. Շաբոյանը նշեց, որ շատ հարցեր գտնվում են մրցակցային մարմնի կարգավորման դաշտից դուրս, սակայն ՏՄՊՊՀ-ը այլ պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում կփորձի գտնել օպտիմալ լուծումներ, որոնք կնպաստեն արտադրողների բիզնես գործունեությունն առավել ընդլայնելուն:

Նիստի ավարտին հայկական երկու պետությունների մրցակցային մարմինների ղեկավարները ստորագրեցին մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային համատեղ ծրագիրը:

Ա. Շաբոյանը իր աշխատանքային այցն ավարտեց՝ այցելելով ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների:

 

ՀՀ ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031