Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Նժդեհի արձանը, Մարիա Զախարովան եւ ուրիշներ

Հուլիս 04,2016 12:00

Երեւանում Միկոյանի արձանի լինել-չլինելու հասարակական բանավեճ-քննարկման արդյունքում, փաստորեն, հասարակական կարծիքը հաղթեց, եւ Միկոյանը Հայաստանի մայրաքաղաքում արձանի չարժանացավ:

Բնականաբար, Գարեգին Նժդեհի արձանի հարցը հասարակական քննարկման չդրվեց, եւ այն տեղադրվեց մեր մայրաքաղաքի կենտրոնում: Բայց Նժդեհի արձանը նույնպես հասարակական ու քաղաքական քննարկումների առիթ դարձավ:
Արձանի տեղադրումից անմիջապես հետո Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադառնալով Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմանը՝ հայտարարեց, որ Մոսկվան զարմացած է Երեւանում Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման փաստից:

Չենք կարծում, թե Մարիա Զախարովան ինքնուրույն ու ինքնագլուխ է այդ արտահայտությունն արել, եւ ոչ էլ կարծում ենք, թե ինքը պատմությունից ու Նժդեհի կենսագրությունից այդքան մանրակրկիտ տեղեկություններ ունի: Եթե նույնիսկ ունենար էլ, հաստատ չէր համարձակվի այդքան կտրուկ ու մերկապարանոց հայտարարություն անել, եթե ՌԴ իշխանության ամենավերեւներից «դաբրո» չունենար: Ավելին. մենք այն կարծիքին ենք, որ ինքը ամենավերեւներից ոչ միայն «դաբրո» է ստացել, այլեւ հրահանգ՝ հականժդեհյան իր այդ հայտարարությունն անելու: Իսկ ինչու է տիկնոջն այդ հրահանգն իջեցվել, այն էլ հենց այս պահին, երբ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բավական բարդ փուլում, մտածելու, ընդ որում՝ բավական երկար ու խորը մտածելու առիթ ու պատճառ է:
Արդյոք ռուսների համար արձանն ամեն ինչից կարեւոր ու էակա՞ն է: Կարելի է մտածել, որ նրանց համար Գարեգին Նժդեհի արձանն ավելի կարեւոր ու ավելի էական է, քան նույնիսկ Գարեգին Նժդեհի անձն ու գործունեությունը, այլապես Զախարովան եւ այլ ուրիշ ռուսներ նախքան արձանն էլ աղմուկ կբարձրաձայնեին առ այն, որ Հայաստանի մայրաքաղաքում վաղուց ի վեր գոյություն ունեն Գարեգին Նժդեհի հրապարակ եւ մետրոյի համանուն կայարան, վերջին տարիներին նկարահանվել է Նժդեհին նվիրված բավական մասշտաբային ֆիլմ: Էլ չենք խոսում այն մասին, որ ընդամենը մի քանի տարի առաջ անցկացված հարցումների համաձայն՝ Գարեգին Նժդեհը ճանաչվեց բոլոր ժամանակների մեծագույն հայ:

Այս ամենին ավելացնենք, որ հենց Գարեգին Նժդեհն է հանդիսանում Հայաստանի իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի գլխավոր ու հիմնական գաղափարախոսը: Եթե ոչ անձամբ Մարիա Զախարովան, իր պատվիրատուներն անկասկած պիտի որ տեղյակ լինեին: Հաստատ տեղյակ էին, բայց, չգիտես ինչու, տարիներ շարունակ այս թեմայով լռություն են պահպանել, եւ, չգիտես ինչու, հենց այսօր ու այս պահին որոշեցին լռությունը խախտել: Այս պահին, երբ, ավելի քան երբեւէ, մեր հասարակության որոշակի մասի մտածողության մեջ հակառուսական շորշոփներ են նկատվում:

Ինչ վերաբերում է արձաններին, դրանց որակին ու մակարդակին, դա միանգամայն այլ խոսակցության թեմա է: Մեզանում բոլորն են իրենց «արձանագետ» համարում. հասարակական քննարկմանն ու հասարակության դատին են արժանանում գրեթե բոլոր արձանները: Նժդեհի արձանի հեղինակին մեղադրում են, որ Գարեգին Նժդեհին Պետրոս Առաջինին նման է քանդակել: Մարշալ Բաբաջանյանի արձանի հեղինակին մեղադրում են, որ մարշալին բազկաթոռի մեջ է նստեցրել: Մինչ հասարակությունը քննարկում էր Անաստաս Միկոյանի հուշարձանի լինել-չլինելու հարցը, այդ ընթացքում մեր մայրաքաղաքի կենտրոնում տեղադրվեց Անտոն Քոչինյանի արձանը, որը, փաստորեն, չնկատվեց «արձանասերների» կողմից:

Այնուամենայնիվ, արձանների գծով ամենաարտառոցը Կարեն Դեմիրճյանի արձանի հետ կապված փաստն է: Հոկտեմբերի 27-ի նախճիրից հետո Մաշտոցի պողոտայում տեղադրվեց հուշաքար, որն ազդարարում էր, որ այդ տեղում պետք է տեղադրվի Կարեն Դեմիրճյանի հուշարձանը:

Առ այսօր չի տեղադրվել: Թե ինչու՝ հայտնի չէ: Միայն մի բան կարող ենք հաստատ ասել. Կարեն Դեմիրճյանը Վերմախտի հետ որեւէ առնչություն չի ունեցել:

 
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

02.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031