Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը՝ կորցրած դիրքերի ու պաշտոնանկությունների մասին (ֆոտոշարք)

Հուլիս 04,2016 00:17

Այսօր Գյումրիի Պուշկինի փողոցում՝ հայրական տան մոտակայքում, բացվեց ապրիլյան պատերազմի ժամանակ Ջեբրայիլում նահատակված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հուշակոթողը:

xachqar

Հուշակոթողի բացմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու նրա տիկինը, մասնակցում էին նաեւ քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի գլխավորությամբ, եւ, իհարկե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Ներկա էր նաեւ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նշենք, որ հուշակոթող տեղադրելու նախաձեռնությունը Գյումրու ավագանու անդամ  ԲՀԿ-ական Արմեն Բադեյանինն է: Խաչքարի քանդակագործը Ռաֆիկ Սարիբեկյանն է:

Սեյրան Օհանյանն իր ելույթում շնորհակալություն ու երախտիքի խոսքը հղեց նախաձեռնողներին՝ նշելով, որ Ալեքսան Առաքելյանին հիշատակի տուրք տալով՝ հիշում են ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների, ինչպես նաեւ  2014-2015 թվականին մեզ պարտադրված դիվերսիոն գործողություններում բոլոր նահատակվածներին:

seyran ohanyan naira zohrabyan

«Թվում է, թե ֆիզիկապես նրանք մեզ հետ չեն, բայց նրանք մեր շարքերում են: Զինվորական ծառայության մեջ այսպիսի մի մեծ խորհուրդ կա. շարք ասվածը, որը շարային կանոնադրության պահանջ է նաեւ գաղափարային իմաստով: Մեր զոհված ընկերները մեր շարքերում են: Նրանք մեզանից չեն բացակայում: Նրանց ոգիները սավառնոմ են այս կապույտ երկնքում եւ կարծում եմ, որ նրանց ոգիներից տրվող հուրն այս արեւի ճառագայթների նման անդրադարձ է կատարելու քարեղեն կոթողների միջոցով ու փոխանցվելու է մեզ բոլորիս՝ մատաղ սերնդին: Ընդ որում ոչ միայն մատաղ սերնդին, այլ մեզ բոլորիս, որովհետեւ վտանգի պահին հայ ժողովուրդը ցույց տվեց, որ միասնական է, համախմբված, ոչ միայն պարտադրված, այլ նաեւ կամավորագրվում է մեր հայրենիքը եւ հատկապես մեր հայրենիքի սուրբ մասը՝ Արցախը պաշտպանելու համար»:

Նախարարն ասաց, որ մեծ ցավ է ապրում, քանի որ Ալեքսան Առաքելյանին անձամբ է ճանաչել ե՛ւ  որպես դասակի, ե՛ւ  վաշտի, ե՛ւ  գումարտակի հրամանատար, երբ ինքը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարն էր: Սեյրան Օհանյանը նաեւ տեղեկացրեց, որ հերոսին զորամասի առաջին գծով հրամանատարի տեղակալ ինքն է նշանակել:

Նախարարի խոսքերով, Ալեքսան Առաքելյանի անկյունը պետք է ռազամահայրենասիրական դաստիարակության դասարան դառնա, խմելով այս ջուրը՝ սերունդները  հասկանան, որ մեր հերոսների կյանքը ջրի նման երկարել է:

Լրագրողները նախարարից հետաքրքրեցին, թե ի՞նչ դասեր տվեց քառօրյա պատերազմը, ու ինչպե՞ս կմեկնաբանի այն կարծիքները, թե դա կազմակերպված պատերազմ է, նույնիսկ տեսանյութ հայտնվեց համացանցում, որ զինվորներն ուզում են պատասխանել հակառակորդին, սակայն հրաման չի տրվում: «Ոչ միայն քառօրյա պատերազմը, այլ նաեւ յուրաքանչյուր միջոցառում, որ անցկացվում է զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, մանրակրկիտ վերլուծվում, ամփոփվում են արդյունքները եւ համապատասխան դասեր են քաղում: Առաջին հերթին հենվելով դրականի վրա ՝ կառուցել ապագան. չէ՞որ, երբ մենք խոսում ենք արդյունքների մասին, արդյունք բառն ինքնին նշանակում է՝ պետք է գտնել այն դրականը, որը պետք է զարգացնել ու հասնել կատարելության: Եվ, իհարկե, պետք է բացահայտել թերությունները, որոնք  գոյություն ունեն:

caxkepsak

Ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ զինված ուժերի ղեկավարությունը, համագործակցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, պաշտպանության բանակի հետ, այդպիսի վերլուծություններ կատարել են՝ փորձի փոխանակման, փոխադարձ օգնության սկզբունքները հաշվի առնելով: Եվ այդ ամենի հիման վրա մենք այսօր կառուցում ենք մեր գործունեությունը, առաջին հերթին համալրում, անձնակազմ, սպառազինություն ու ռազմական տեխնիկա: Երկրորդը՝ պատրաստություն, որը որ պետք է ուղղված լինի մեր մարտական կարողությունների ավելացմանը»:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ մինչ այդ չէր արվում այս ամենը, նախարարը չհամաձայնեց ու պատասխանեց, որ միշտ էլ կատարվել է: «Ես պետք է տեղեկացնեմ, որ մենք անց ենք կացրել պաշտպանական ռազմավարական վերանայում եւ նաեւ ԼՂՀ-ի պաշտպանության բանակի հետ, եւ եկել ենք այն եզրակացության, որ պաշտպանության այն բնագիծը, որը որ ինժեներական առումով ականապայթունային ու ոչ ականապայթունային  համապատասխան սարքավորումներով, կահավորմամբ համապատասխանում է այսօրվա պատերազմական գործողությունների բնույթին: Պետք է նշեմ, որ  լավ կողմից ներկայացված է եղել նաեւ ՀՀ պաշտպանության բանակի սպառազինության ու ռազմական տեխնիկայի վիճակը, այլ բան է, որ տեսնելով իրականության մեջ հակառակորդի կողմից օգտագործված միջոցները՝ մենք պետք է զարգացնենք, շարունակենք զարգացնել, որովհետեւ ասել, թե այդ ուղղություններով աշխատանք չի կատարվել, աշխատանք կատարվել է: Ինչ վերաբերում է մարտական գործողությունների ժամանակ թույլատրությանը, կրակ վառելուն, մեր Արցախյան ազատամարտը առանձնահատուկ է եղել մի այնպիսի իրականությամբ, որ բոլոր օղակի հրամանատարները գործել են ինքնուրույն, կարողացել են տեղում որոշումներ ընդունել ու փոքր ուժերով խնդիրներ կատարել:

Այսօր ՀՀ-ի ու ԼՂՀ-ի պաշտպանության բանակի յուրաքանչյուր օղակ իրեն ընձեռնված մարտական խնդիրների  շրջանակում ինքնուրույն է գործում:  Այդ տեսանյութը, որ տեղադրվել էր, այդ տեսանյութի այդ դիրքում  տեխնիկական միջոցների առկայության պայմաններում է հենց տվյալ մարտական գործողության ժամանակ տվյալ դիրքի անձնակազմը հասել հաջողության՝ ամբողջությամբ ոչնչացնելով, ետ մղելով հենց այդ խումբը: Այդպիսի բան չի կարող լինել երբեւիցե: Գիտեք, ընդհանուր առմամբ, կա նաեւ բնազդային իրավիճակ: Ոչ մեկ դիրքում գտնվելով՝ երբեւիցե, երբ վտանգ է զգում, չի սպասի վերադասի հրամանին՝ կրակե՞լ, թե՞ չկրակել իր կյանքը փրկելու համար, այնպես որ դրան մի հավատացեք»:

Անդրադառնալով  միացյալ հակաօդային պաշտպանական համակարգ ստեղծելուն, նախարարն ասաց, որ այն ամրագրված է իրավական առումով,  գործել է դեռեւս 1994-95 թվականներից: Եվ այդ ամրագրման արդյունքում, ըստ նրա, զգալիորեն ընդլայնվել են ՀՀ զինված ուժերի հնարավորությունները հակաօդային ընդհանուր պաշտպանության համակարգում՝ համատեղ ու  մեկը մյուսի ուժերի ու միջոցների կիրառման առումով: Ըստ նախարարի, կառավարումը Կովկասյան տարածաշրջանում, հատկապես Հայաստանի Հանրապետության տարածքում թողնված է  ՀՀ զինված ուժերի ղեկավարությանը:

Անդրադառնալով ՊՆ-ում տեղի ունեցող պաշտոնանկություններին, ձերբակալություններին, Սեյրան Օհանյանն ասաց, որ իրենք ՀՀ նախագահի՝ Գերագույն գլխավոր հրամանատարի հետ միասին պատշաճ կադրային քաղաքականություն են իրականացում զինված ուժերի համակարգը կատարելագործելու  ուղղությամբ: «Եթե լինում են կադրային փոփոխություններ, ապա դրանք առաջին հերթին պլանային են, առաջխաղացման, պլանային տեղափոխությունների, փոխարինումների համատեքստում: Իհարկե, նաեւ լինում են փոփոխություններ, որոնք որ ուղղված են բարեփոխելու համակարգը: Լինում են եւ պաշտոնի բարձրացումներ, լինում են եւ պաշտոնանկություններ:

araqelyan

Իմ ղեկավարման ժամանակ արժանիները բոլորը բարձր պաշտոն են ստանձնել, դրա համար է, որ այսօր զինված ուժեղ ե՛ւ այստեղ, նաեւ Արցախում, տարածաշրջանում փոխգործունակ է , տարածաշրջանում մրցունակ է,  ապահովում է իր մրցունակությունը եւ այդ ամենը երեւաց նաեւ քառօրյա պատերազմի ժամանակ: Եվ նաեւ իմ պաշտոնավարման ժամանակ միայն գնդապետ կոչումն ունեցող եւ բարձր շուրջ 140 մարդ են ազատվել, որոնց շուրջ 60 կապված են եղել կոռուպցիոն ռիսկերի հետ: Այնպես որ,  այդ աշխատանքները մեր մոտ շարունակական են»:

Իսկ թե ե՞րբ կհասնի սպառազինությունը Հայաստան, նախարարն  ասաց, որ պայմանագրերը 80 տոկոսը ստորագրված են, դրանց շարունակական ներմուծումը սկսվել է դեռ երեկ:

Կորցրած դիրքերի հետ կապված էլ՝ նախարարն ասաց, որ  յուրաքանչյուր հայկական հողակտոր սուրբ է: «Այդ մի քանի դիրքերը գտնվում են պաշտպանության բանակի վերահսկողության, ազդեցության, անհրաժեշտության դեպքում արագ նախաձեռնողական գործողություններով լիարժեքորեն ետ վերադարձնելու ունակության շրջանակներում»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031