Գյումրու երիտասարդների պալատում տեղի ունեցավ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանի «Զամբո» վերնագիրը կրող գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին մեծ թվով մարդիկ՝ Գյումրու հայտնի մտավորականներ, հասարակական գործիչներ, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, եկել էր նաեւ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Իհարկե, ոչ բոլորն էին հասցրել ընթերցել գիրքը, մեծ մասն անծանոթ էին:
Լեւոն Բարսեղյանը, ներկայացնելով գիրքն, ասաց. «Այն մեծապես մեր քաղաքի գիրքն է, մեջը շատ բաներ կան, որը ձեր, մեր մանկության հուշերի մեջ են: Մի քանի հատկանշական մարդիկ կան իմ կյանքում, որոնց ես հիշել եմ ու նվիրել եմ այս գիրքը անցած անգամ Երեւանում՝ շնորհանդեսի ժամանակ: Եվ մեր ընկերներից մեկը, որը, ցավոք, այսօր մեզ հետ չէ ու երեւի այն մարդկանցից մեկն էր, որը շատ էր ուզում, պնդում էր, պահանջում էր, նույնիսկ ասել էր, թե` այ մարդ, անհամար եմ զգում, բայց արի կլինի, ամեն ինչ թարկի, միայն գիրք գրի: Զորիկ Գալստյանի մասին է խոսքը, ֆեյսբուքում բոլորդ շատ լավ գիտեք իրեն»: Լեւոն Բարսեղյանը գիրքը հանձնեց նրա եղբորը:
Կարդացեք նաև
Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սեյրան Մարտիրոսյանն այն որակեց «շշմելու գիրք», որը ե՛ւ Գյումրու մասին է, ե՛ւ գյումրեցիների մասին է, շատերը կարող են իրենց այնտեղ տեսնել ու նաեւ մեծ դեպրեսիայի տարիների ԱՄՆ-ի, 60-ական թվականների նյուռեալիզմի ժամանակների Իտալիայի մասին է….Նա ասաց, որ իր գրադարանի ձախ կողմում Գաբրիել Գարսիա Մարկեսն է դրված, չգիտեր թե աջ կողմում ում դներ, բայց «Զամբոն» տեղ գրավեց այնտեղ, մի տեղ էլ ազատ է թողել Լեւոն Բարսեղյանի հաջորդ գրքի համար:
Ի դեպ, գիրքը ձեւավորել է հենց Լեւոն Բարսեղյանը, գծանկարները նրանն են: Նա փոքր հասակում նկարչական դպրոց է հաճախել: Նա ասաց, որ այս գրքից կան նաեւ տուժածներ ու առաջին հերթին ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն է. եթե ինքը «Զամբո» չգրեր, այլ այդ ընթացքում ուշադրություն դարձներ «Ասպարեզ»-ին, այն ավելի կհզորանար:
Մարիամ Վարդանյանն էլ, որը խմբագրել էր «Զամբոն», ասաց, որ բոլորը իրենց փնտրելու ու գտնելու են այնտեղ: «Ով իրականությունն է փնտրում, գտնելու է, ով խորություն է փնտրում, գտնելու է, ով ռոմանտիկա է փնտրում, գտնելու է, ով՝ ինչու ոչ, զվարճանք է փնտրում, նույնպես գտնելու է»:
Գրքի հեղինակը, խոսելով իր գրածներով մարդկանց նեղացնելու մասին, խոսքն ուղղեց իր դիմաց կանգնած Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին: Նա հիշեցրեց մարզպետին, որ վերջինս նույնպես նեղվել էր իր գրածներից մեկից ու կատակեց. «Հոժար չե՞ք որ գրիչ ենք բռնում, ոչ թե զենք»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ