Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում հուլիսի 2-ին ամփոփվեցին «Իսահակյանի հեքիաթները և առակները» խորագրով համակարգչային ստեղծագործական մրցույթի արդյունքները:
Գրականության և ինֆորմատիկայի ուսուցիչների օգնությամբ մայրաքաղաքի և հանրապետության մարզերի դպրոցների աշակերտներն Իսահակյանի հեքիաթների, առակների, լեգենդների հիման վրա ստեղծել են տեսանյութեր՝ կիրառելով համակարգչային ծրագրերի հնարավորությունները:
Մրցույթում լավագույն է ճանաչվել 40 աշխատանք:
«Ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով երեխաների ստեղծագործական երևակայությունը, ինքնուրույն մտածողությունը, աշխատանքի հետաքրքրությունը, գունեղությունը և այլն»,- նշեց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը:
Մրցույթի աջակիցների կողմից աշակերտներն արժանացան մրցանակների: Նրանց աշխատանքները պարբերաբար կցուցադրվեն թանգարանում:
Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիք գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Հարութ Հարությունյանը, օրինակ, մրցույթին ներկայացել է «Ահմեդի ուղտը» հեքիաթով:
«Մուլտֆիլմն «Աղվես» ծրագրով եմ պատրաստել: Երեք ամիս պահանջվեց: Ինձ համար հեշտ էր, քանի որ լավ եմ տիրապետում այդ ծրագրին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հարութը:
Մրցույթի մասին նա ռոբոտաշինության խմբակի ուսուցչից է իմացել. «Արդեն հինգ ամիս է՝ մեր դպրոցում բացվել է այդ խմբակը: Երբ իմացա մրցույթի մասին, միանգամից ցանկացա մասնակցել. հետաքրքիր էր: Ուսուցիչս էլ ինձ շատ օգնեց, նաև մի քանի աշակերտներ՝ ձայնագրության հարցում»,- ասաց նա:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ