Լրահոս
Օրվա լրահոսը

Ամառային սառնապուր «Բրդոշ» (մածնաբրդոշ)

Հուլիս 03,2016 12:30

Բոլորին քաջածանոթ այս սառնապուրով էր տատիկս տարիներ շարունակ ողջ ամառ, կիզիչ շոգին, օրվա մեջ առնվազն մեկ անգամ՝ կեսօրին, ընդհատում մեր բակային խաղերը կամ ընթերցանությունը: Եթե թույլ տային՝ երեկոյան եւ նախաճաշին էլ բրդոշով կսնվեինք, սակայն տատիկս պնդում էր, որ բրդոշը միայն ցերեկվա համար է: Եվ իսկապես, կեսօրվա կիզիչ շոգին այս սառնապուրն իսկական փրկություն է:

Անհրաժեշտ մթերքները

Մածուն- 1 լիտր

Ջուր – 1 լիտր

Թարմ վարունգ- 2 հատ

Խառը թարմ կանաչի (սամիթ, համեմ, մաղադանոս, կարելի է նաեւ՝ մի քանի ճյուղ անանուխ կամ թարխուն) – կես կապ

Կանաչ սոխ- 2-3 ճյուղ (պարտադիր չէ)

Կծու թարմ կանաչ պղպեղ- 0,5 հատ (պարտադիր չէ)

Աղ- 1 թեյի գդալ

Աղացած սեւ պղպեղ- մի պտղունց

Չոր լավաշ

Պատրաստման եղանակը

macnabrdosh 1

Վարունգն ու կանաչին լավ լվանալ: Վարունգը, եթե մատղաշ է, եւ դառը չէ, թողնել կեղեւով, հակառակ դեպքում՝ կեղեւահանել: Մանր կտրատել վարունգը, կանաչիները, եթե ավելացնելու եք կանաչ սոխ եւ կանաչ պղպեղ՝ դրանք էլ լավ լվացեք եւ մանր կտրատեք:

Լցրեք տարայի մեջ, որը կարող է լինել ինչպես կաթսա, թաս, այնպես էլ՝ ջրաման: Վրան աղ ու սեւ պղպեղ արեք, ապա ավելացրեք մածունը, լավ խառնեք եւ քիչ-քիչ ավելացրեք ջուրը:

Ապուրամանների մեջ մանրեցրեք (բրդեք) չորացրած լավաշը՝ ըստ ճաշակի: Չոր լավաշի վրա լցրեք մածնաբրդոշը եւ մատուցեք:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

«Առավոտ»

02.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031