Հուլիսի 2-ին Տավուշի մարզի Ենոքավան գյուղում`Apaga Resort հանգստյան գոտում «Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ մեզ հայտնի է» խորագրով «ՀայԲույս» փառատոնը կայացավ: Արդեն երկրորդ տարին անցկացվող գունեղ միջոցառումը նպատակ ունի հասարակությանը ճանաչելի դարձնել Հայաստանում աճող խոտաբույսերը, ներկայացնել դրանց կարեւորությունը եւ բուժիչ հատկությունները:
Փառատոնի շրջանակում բացվեց Թամար Գալստյանի ֆոտոշարքի ցուցահանդեսը, կայացան «Անտառի կենսաբազմազանությունը» թեմայով ուսուցողական խաղեր, մանկական օրիգինալ նկարազարդումներով Թումանյանի հեքիաթների նոր ժողովածուի շնորհանդեսը, Տերյան մշակութային կենտրոնի հագուստների ցուցադրություն, բնական հինայով ձեռքերի վրա հայկական զարդանախշերով նկարելու, գորգագործության, խոտաբույսերից աքսեսուարների պատրաստման վարպետության դասեր, ձիերով շոու եւ այլն: Փառատոնին յուրատեսակ համուհոտ պարգեւեցին «Լիբերտա» քառյակը եւ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը:
Կարդացեք նաև
«ՀայԲույս» փառատոնի «մեխը», սակայն աշխարհի ամենամեծ «Խաղաղության բրդուճի» պատրաստումն էր: 25 մետրանոց լավաշաբրդուճի պատրաստմանը մասնակցող կամավորների թվում էին նաեւ Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերը եւ Հայաստանում Լիտվայի դեսպանության քարտուղարը: Դեսպանը ոչ միայն հաճույքով բրդուճ»պատրաստեց, այլեւ մասնակիցներին շվեյցարական պանիր հյուրասիրեց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ