Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասաց՝ երկրորդ կյանք եմ ստացել. ինձ չեն սպանել: Կարճ ժամանակ անց մահացավ». Զարուհի Մուրադյան (ֆոտոշարք)

Հուլիս 02,2016 21:54

«Հողարվեստում Մարկոս Գրիգորյանն իրավամբ համարվում է հիմնադիր և դպրոց ստեղծող արվեստագետ։ Տեսնում ենք այն անասելի պաշտամունքը, որ նա ուներ հողի ու դրա հետ օրգանական կապի մեջ գտնվող այլ տարրերի՝ մոխրի, ավազի, կավի, հարդի, ծղոտի և այլնի հանդեպ։ Ոչ թե երգում էր հողի խորհուրդը կամ հողին ներբող հյուսում, այլ որպես հումք բերում էր կերպարվեստ ու ստեղծում այնպիսի տրամադրություն, որ հողն ինքը պատմի իր մասին»,- Մարկոս Գրիգորյանի ստեղծագործությունն այսպես է բնութագրում Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը։cucahandes7

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում հունիսի 1-ին բացվեց Մարկոս Գրիգորյանի (1925-2007 թթ.) ստեղծագործությունների ցուցահանդեսը: Կենտրոնի «Արծիվ» սրահում արվեստասերները կարող են ծանոթանալ նրա հողարվեստը ներկայացնող գործերին, իսկ գորգարվեստի նմուշները ցուցադրված են «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում:cucahandes6

Ռուսաստանում ծնված, Իրանում մեծացած, Իտալիայում կրթություն ստացած, Ամերիկայում, այնուհետև Հայաստանում ապրած, աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործած արվեստագետի գործերը «Գաֆէսճեան»-ում ցուցադրվում են «Խաչմերուկներ» խորագրի ներքո:cucahandes5

Ներկայացված գործերը բերվել են Միջին Արևելքի արվեստի թանգարանից, Սերգեյ Փարաջանովի թանգարանից, Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոնից, ինչպես նաև մասնավոր հավաքածուներից։cucahandes4

Նկարիչ Սարգիս Մուրադյանի դուստրը՝ նույնպես նկարիչ Զարուհի Մուրադյանը, հիշում է, թե Մարկոս Գրիգորյանն ինչքան էր ուզում, որ իր հավաքածուն առանձին թանգարանային շենքում ցուցադրվի: Այն հավաքածուն, որը 1993 թվականին արվեստագետը բերեց Երևան ու նվիրեց Հայաստանին՝ ի հիշատակ 30 տարեկանում հանկարծամահ եղած միակ դստեր՝ դերասանուհի Սաբրինա Գրիգորյանի:

«Մարկոսը շատ հետաքրքիր մարդ էր. ութսունն անց էր, բայց այնքան երազանքներ ուներ: Միտքն անընդհատ զբաղված էր արվեստի կենտրոն ունենալով: Ասում էր՝ պիտի տունս թանգարան սարքեմ, մարդիկ գան այստեղ ստեղծագործեն»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմում է Զարուհի Մուրադյանը:

Սակայն 1993-ից մինչ օրս Մարկոս Գրիգորյանի հավաքածուն ցուցադրվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղակայված Միջին Արևելքի արվեստի թանգարանում:

«Թանգարանի բացմանը նաև Հայաստանում Իրանի այն ժամանակվա դեսպանն էր մասնակցում: Հիշում եմ՝ ինչ ափսոսանքով էր շրջում ցուցասրահում. ասում էր՝ ինչպե՞ս եք այս ամենը հանել Պարսկաստանից, ո՞վ է թույլ տվել»,- պատմում է մեր զրուցակիցը:cucahandes3

Զարուհի Մուրադյանը հիշում է, թե ինչքան լավ ընկերներ էին իր հայրն ու Մարկոս Գրիգորյանը. «70-ականների սկզբին Թեհրանում են ծանոթացել ու շատ շուտ մտերմացել: Նրանց ընկերությունը շարունակվեց մինչև հայրիկի մահը: Աչքիս առաջ է Մարկոսի տխրությունը. եկել էր մեր տուն, չէր կարողանում վիշտը թաքցնել: Ինքն էլ ութսուն անց էր, հայրիկից մի քիչ էր մեծ: Այդ նույն տարում էլ դժբախտ պատահարը եղավ: Թալանելու նպատակով գողերը մտել էին Մարկոսի տուն, խփել էին գլխին: Երբ մենք մամայի հետ գնացինք հիվանդանոց, ասաց՝ երկրորդ կյանք եմ ստացել. ինձ չեն սպանել: Կարճ ժամանակ անց մահացավ…

Նկարչի երկրորդ կյանքն սկսվում է նրա ստեղծագործություններում: Լավ է, որ նրա արվեստը, հավաքածուն կա: Քանի մարդիկ գալիս նայում են, Մարկոսին հիշում են»,- ասում է Զարուհի Մուրադյանը:

Արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանի բնութագրմամբ՝ Մարկոս Գրիգորյանի համար շատ կարևոր էր կյանքի ամեն մի ակնթարթը. ուզում էր, որ յուրաքանչյուրը կարողանա գնահատել ու վայելել այն:cucahandes2

«Միևնույն ժամանակ գիտեր, որ կյանքը սահման չունի, վերափոխվում է օր օրի, Աստծու, բնության հետ դառնում հավերժական:

Այդ նույն բանը տեսնում ենք նրա գործերում: Չորացած խոտը ցույց է տալիս, որ անցել է պահը, երբ այն եղել է կենդանի բնություն: Հիմա չորացած է և դարձել է հավերժ լույս ու ջերմություն արտաբերող մի նյութ, որն արդեն չունի վախճան, իր մեջ կրում է արևի ոսկին, ջերմությունն ու լույսը: Դա Մարկոսն է, նա այդպես էլ ապրում էր, այդ ոսկին ու լույսը նրա մեջ էին, և անընդհատ փորձում էր դա կիսել ուրիշների հետ»,- մեզ հետ զրույցում ասաց Նազարեթ Կարոյանը:

Հավելենք, որ «Խաչմերուկներ» ցուցահանդեսի նմուշները տպագրվել են երկլեզու (հայերեն, անգլերեն) պատկերագրքում, որը ձևավորել է իրանահայ նկարիչ Էդիկ Պողոսյանը։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 28-ը:cucahandes1

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031