Ինչպես տեղեկացրել էր shamshayn.com-ը , երեկ ժամը 23:30-ի սահմաններում վթար էր տեղի ունեցել Երևանյան խճուղի 11Ա շենքի դիմաց. Շիրակի թեմի քահան Տեր Փավստոսը իր վարած «Գազ 31029» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր այդ շենքի դիմաց կայանած Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի բնակիչ, 50-ամյա Դոլիցե Ռեզուիչեին պատկանող բեռնատար ավտոմեքենայի հետնամասին: Վերջինիս էլ իր հերթին առաջ ընթանալով՝ բախվել էր, կարելի է ասել համարյա կպել էր Վրաստանի Հանրապետության Ուժերգետի քաղաքի բնակիչ, 57-ամյա Վանո Լոնտատիզեին պատկանող բեռնատար ավտոմեքենային, սակայն այն չէր վնասվել:
Բեռնափոխադրող մեքենաները կանգնած են եղել այս շենքի դիմաց՝ գյումրեցիներից ճանապարհ հարցնելու դեպի Վրաստան: Վթարի հետեւանքով Տեր Փավստոսը, նրա կինն ու քույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրի բժշկական կենտրոն: Մենք ճշտեցինք, որ մեքենայում եղել են նաեւ քահանայի երեխաները, որոնք, բարեբախտաբար, վնասվածքներ չեն ստացել:
Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Aravot.am-ին փոխանցեց, որ Տեր Փավստոսը ստացել է վնասվածքներ ճակատի հատվածում, համակարգչային տոմոգրաֆիայով հետազոտել ու պարզել են, որ նրա մոտ գանգուղեղային վնասվածքներ չկան: Կնոջ մոտ գանգի հիմի կոտրվածք է, նա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը կայուն ծանր է: Իսկ քրոջ դեմքն է վնասվել, նրա առողջության վերականգմամբ զբաղվում է պլաստիկ վիրաբույժը: Երեքի կյանքին էլ վտանգ չի սպառնում:
Մենք եղանք Տեր Փավստոսի հիվանդասենյակում, նշենք, որ նա Շիրակի թեմի ամենահամեստ ու գիտակ քահանաներից է, միշտ կանգնած նեղն ընկած մարդկանց կողքին, ուստիեւ զարմանալի չէր, որ նրան ճանաչող գյումրեցիները, լսելով նրա ընտանիքի վթարի ենթարկվելու մասին, շտապում էին հիվանդանոց: Նրա դեմքը վնասված էր, սակայն մեկ րոպե անգամ չէր կարողանում հիվանդասենյակում մնալ պառկած. գյումրեցիները հերթով գալիս էին տեսության, հեռախոսազանգերը չէին դադարում: Հեռացողը խոստանում էր աղոթել սիրելի քահանայի ու նրա ընտանիքի անդամների առողջության համար:
Կարդացեք նաև
Դեպքը տեղի էր ունեցել պատահաբար, նա չէր էլ հիշում, թե ինչպես է կատարվել:
Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ի դեպ, վրացիների բեռնափոխադրող մեքենաներից ընդամենը մեկն է շատ թեթեւակի, կարելի է ասել աննշան վնասվել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ