Այսօր Արզնի օդանավակայանի տարածքում մեկնարկեց ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության աջակցությամբ անցկացվող «անօդաչու թռչող սարքերի» (ԱԹՍ) մրցույթի եզրափակիչ փուլը:
Մրցույթի մասնակիցները նախորդ տարվանից էին սկսել փուլ առ փուլ մասնագետների խորհրդատվությամբ զարգացնել իրենց նախագծերը: Մրցույթը պահանջում էր, որ մասնակիցներն իրենց ստեղծած սարքերն ուղարկեն դեպի նպատակակետ, ապա թռչող սարքը պետք է նետի բեռն ու վերադառնա: Թիրախը հինգ մետր տրամագծով շրջան է, որի վրա առկա են գծեր եւ նշաններ: Դրանք մատնանշում են այն կոորդինատը, որի վրա ռոբոտը պետք է բեռ գցի:
Այսօր մրցում էր տասը թիմ՝ համալսարանականներից մինչեւ դպրոցականներ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանի խոսքով, նմանատիպ մրցույթ առաջին անգամ անցկացվել էր երեք տարի առաջ. «Նպատակն է հասարակության շրջանում մեծացնել ռոբոտաշինության եւ հատկապես անօդաչու թռչող սարքերի նկատմամբ հետաքրքրությունը, ցույց տալ, որ ներկայումս տեխնիկայի զարգացումը գնում է ավտոմատ կառավարվող սարքերի ուղղությամբ: Թե ավտոմեքենաների, թե գնացքների, թե ինքնաթիռների: Սրանով երիտասարդությանն ուղղել դեպի այս մասնագիտացումը»:
Կարդացեք նաև
Հարցին, թե ապրիլյան պատերազմից հետո ՍԹՍ-ների մասին շատ խոսվեց, իսկ պատերազմից հետո ավելացա՞ն պատվերները կամ պետության կողմից հետաքրքրությունը մեծացա՞վ. «Նման բաներից չեմ կարող խոսել, էնպիսի հարցեր տվեք, որ կարողանամ խոսել: Ես քաղաքացիական մարդ եմ ինձ տորթից, պանրից հարցեր տվեք»:
Մրցույթի մասնակիցների ներկայացրած սարքերն ավելի սիրողական էին, որոշների սարքերը նույնիսկ դժվարությամբ էին վեր բարձրանում, որոշներն էլ արագ վայրէջք էին կատարում: Մրցույթի մասնակից մեր զրուցակիցները պատմեցին, որ դրանք ռազմական նշանակության չեն ու հետեւաբար չեն կարող օգտագործվել պատերազմի ժամանակ:
Այս մրցույթում հաղթելու են ընդամենը երեք մասնակից, իսկ հաղթողները կստանան պարգեւավճարներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ