Լրահոս
Օրվա լրահոսը

Տաջիկստանի ԱԳ նախարարը մտահոգված է ապրիլին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ (տեսանյութ)

Հուլիս 02,2016 16:52

Հուլիսի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովին:

Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվեց պատվիրակությունների մասնակցությամբ։

Ողջունելով հյուրին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց Տաջիկստանի արտգործնախարարի առաջին պաշտոնական այցելությունը՝ նշելով, որ հայկական կողմն այս այցելությունը, ինչպես նաև վերջերս Տաջիկստանի առաջին դեսպանի հավատարմագրումը Հայաստանում դիտարկում է 2015թ. սեպտեմբերի 14-ին Դուշանբեում Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և Տաջիկստանի Նախագահ Էմոմալի Ռահմոնի հանդիպման ընթացքում երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու վերաբերյալ պայմանավորվածության համատեքստում:

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Տաջիկստանի արտգործնախարարն ընդգծեց, որ իր երկիրը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները և ցանկանում է առավել զարգացնել համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից քննարկեցին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքները, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-տաջիկական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

aslov

Նախարարները մտքեր փոխանակեցին քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, գիտական ոլորտներում համագործակցության զարգացման ու փոխշահավետ ծրագրերի իրագործման հնարավորությունների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը և Սիրոջիդին Ասլովը կարևորեցին արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։

Բանակցություններին անդրադարձ կատարվեց 2004թ. ձևավորված հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, երկուստեք շեշտվեց դրա գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը։ Այդ առումով պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում գումարել հանձնաժողովի հերթական նիստը։

Զրուցակիցները շեշտեցին համագործակցության խորհրդարանական ձևաչափի կարևորությունը։ Գոհունակություն հայտնվեց ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում երկու երկրների օրենսդիր մարմինների ակտիվ համագործակցության վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Տաջիկստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության խթանման ուղիների շուրջ։ Այս համատեքստում որպես հեռանկարային նշվեցին թեթև արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, ոսկեգործության, տուրիզմի բնագավառները։
nalbandyan aslov1

Նախարարները անդրադարձան գիտակրթական և մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։ Այս առումով տաջիկական կողմը հետաքրքրվածություն հայտնեց Մատենադարանի հետ կապերի հաստատման, երկու երկրների ԲՈՒՀ-երի միջև համագործակցության ծավալման առումով։

Հայաստանի և Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության հարցեր։ Սիրոջիդին Ասլովը երախտագիտություն հայտնեց ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի ընտրություններում Տաջիկստանի թեկնածությունը սատարելու համար։

Զրուցակիցներն անդրադարձան ՀԱՊԿ օրակարգային հարցերին, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացմանը։

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերսկսման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նպատակով ձեռնարկվող քայլերը։ Այս համատեքստում նախարար Ասլովը մտահոգություն հայտնեց ս.թ. ապրիլին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ և վերահաստատեց իր երկրի սկզբունքային դիրքորոշումը՝ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին։

Սիրոջիդին Ասլովը տեղեկացրեց Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին տիրող իրավիճակի մասին, իր երկրի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ծայրահեղականության դեմ պայքարի վերաբերյալ։ Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ ՀԱՊԿ շրջանակներում վերոհիշյալ հարցերով Տաջիկստանին աջակցելու համար։

Հանդիպման ավարտին նախարարները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության արտգործնախարարությունների միջև 2016-2018թթ. խորհրդատվությունների ծրագիրը, ապա հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031