Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր կայացավ «Հայազն» կուսակցության 3-րդ համագումարը: 2017թ. ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին ազդարարելուց բացի, ընթերցվեց կուսակցության հայտարարությունը: Դրանում ասվում է, որ «Հայազն»-ն անհնար է համարում հանցավոր վարչակարգի կամ օլիգարխիայի ուժերի հետ գործակցությունը:
Կուսակցության նախընտրական դրույթներում ներառված են հետեւյալ հարցերը` ՀՀ ինքնիշխանության վերականգնում, ՀՀ եւ Արցախի ողջ տարածքում մեկ եւ միացյալ պետականության հաստատման խոչընդոտների վերացում, օլիգարխիայի վերացում, «Հանրապետական» կուսակցության եւ մասնավոր մենաշնորհների արգելում, ընդերքի ազգայնացում, քաղաքացիների ազատությունների եւ պարտականությունների հավասարեցում, օբյեկտիվ դատական համակարգի հաստատում, քաղբանտարկյալների անհապաղ ազատում ու նյութական փոխհատուցում եւ այլն:
Կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը ելույթում կոռուպցիայի դեմ պայքարը որակեց որպես ՀՀԿ-ի` 2017թ. ԱԺ ընտրությունների վաղաժամ սկսված նախընտրական քարոզարշավ. «Հասարակության լայն շրջանակներին հավատ չի ներշնչում այն, որ նման էժանագին քարոզչական գործողություններով կարող են հաջողության հասնել եւ լեգիտիմացնել իրենց իշխանությունը: Վստահ ենք, որ ՀՀԿ-ն ունի զրոյական վարկանիշ ՀՀ-ում»:
Կարդացեք նաև
Համագումարի ընթացքում նաեւ հայտարարվեց, որ «Հայազնը» պատրաստվում է ազգային հեղափոխություն իրականացնել: «Այն, որ ՀՀ-ն այսօր ինքնիշխան չէ, ՌԴ բարձրաստիճան ցանկացած պաշտոնյա կարճ ժամանակում կհամոզի: Որ սոցիալական չէ, համոզվում ենք` տեսնելով արտագաղթը եւ թոշակառուների ապրելակերպը: Ժողովրդավարական էլ չի, որովհետեւ ժողովրդավարական հանրապետությունը գործում է ժողովրդաիշխանության սկզբունքով, ժողովուրդն է ընտրում իշխանությանը, իսկ նման բան ՀՀ-ում չի եղել մոտ քսան տարի: Իրավական պետություն ունենալու մասին խոսելը եւս անիմաստ է, քանի որ շատանում են քաղբանտարկյալները: ՀՀ-ն հանրապետություն էլ չի, որովհետեւ հանրությանը չի պատկանում, ավելի շատ «սուլթանաֆեոդալական հիբրիդ» է»,-ելույթում ասաց կուսակցության անդամ Դավիթ Խոսրովյանը:
Նրա խոսքով` «Հայազնը» մշտապես մասնակցել է քաղաքացիական անհնազանդություններին եւ նույն ոգով շարունակելու է. «Սահմանադրական հանրաքվեի ժամանակ 52 տեղամասում մեր ընկերները հսկում էին ընտրությունները, 46-ում հաղթել է «Ոչ»-ը: Պատկերացրեք, եթե 500 լինեինք…»
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ