Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» փոխնախագահ, կոմպոզիտոր և դաշնակահարուհի Արմինե Ղուլոյանը, ով արդեն 20 տարի է ապրում և ստեղծագործում է Գերմանիայում, երկար ժամանակ է մտորել երաժշտական սեփական դպրոցն ունենալու մասին: Գալով Գերմանիա նա շարունակել է իր մասնագիտական գործունեությունը առանց դադարի: Նախ Դորթմունդ քաղաքում, որտեղ աշխատել է տեղի երաժշտական դպրոցում, 2004-ին նախաձեռնել է ակադեմիականների միության հետ այն անվանակոչել Արամ Խաչատրյանի անունով, այնուհետև տեղափոխվել է Բոխում և ապա Ուննա: Ի վերջո 2015-ի տարեվերջին հաջողվում է Ուննա քաղաքի կենտրոնական շենքերից մեկում մի ամբողջ հարկաբաժին վերցնել և դպրոցը բացել: Օրեր առաջ այն անվանակոչվեց Կոմիտաս Վարդապետի անունով: Եվ այդ առիթով հունիսի 27-ին նրանք հանդես եկան առաջին հաշվետու համերգով:
«Ես միշտ մտածում էի Ցեղասպանության հարյուրամյակին այս քաղաքում ինչ-որ մի հետք թողնելու մասին: Չնայած ամեն տարի ապրիլի 24-ին այստեղ համերգ եմ կազմակերպել: Եվ, իհարկե, սկզբում մտավախություն կար, եթե բացես աշակերտ կունենաս, թե` ոչ, դասատուներ և այլն: Մտադրությանս մասին, որ իմ շրջապատի մարդկանց պատմեցի, բոլոր ինձ ճանաչողները միաբերան ասեցին, որ կգան ու կմտնեն դպրոց: Այսինքն` իմ կողքին եթե ինձ հավատարիմ մարդիկ ու աշակերտներ ես չունենայի, երբեք չէի կարող նման քայլի դիմել: Եվ ովքեր ասել էին, բոլորը ինձ հետ եկան: Երաժշտական գործիքների մեծ մասն էլ նվեր ենք ստացել, մի քանիսը գնել ենք»,- մեզ հետ զրույցում պատմեց դպրոցի տնօրեն տիկին Ղուլոյանը:
Այժմ արդեն «Կոմիտաս» անունը կրող երաժշտական դպրոցն ունի 6 դասարան, մոտ հիսուն աշակերտ, այդ թվում չորս հայ աշակերտ և երկու հայ ուսուցիչ: Այստեղ սովորում են նվագել դաշնամուր, ջութակ, կիթառ, ֆլեյտա, թավջութակ, շվի և այլն:
Կարդացեք նաև
«Սկզբի համար քիչ չի, բայց նաև բավարար չի, դրա համար ես անընդհատ աշխատում եմ համերգներ կազմակերպել, իմ աշակերտներն էլ ինձ հետ, փորձում ենք շատանալ»,- նշում է տիկին Ղուլոյանը:
Նա պատրաստվում է առաջիկայում Կոմիտասի երեկո կազմակերպել: Մտադիր է հայ երաժիշտներ հրավիրել, որ տեղի հանդիսատեսին ծանոթացնի հայ երգարվեստի գոհարներին` Կոմիտասի երգերին:
«Ամսի 27-ի մեր հաշվետու համերգին թավջութակահար մեր Պետրոս Սարգսյանին էի հրավիրել Բոննից: Իրար հետ մենք Կոմիտասից մի քանի գործ կատարեցինք, որ հանդիստեսը ծանոթանա: Եվ հիմա ես շատ ուրախ եմ, որ այստեղ ցուցանակը կարդում են, տեսնում «Կոմիտաս» անունը և ինտերնետով ման են գալիս, թե ով է այս «Կոմիտասը»: Դա իմ նպատակներից մեկն էր, որ ճանաչեն: Հնարավոր է, որ եկեղեցիներում գիտեն Կոմիտասին, բայց ժողովուրդը չի ճանաչում: Հենց այդ ուղղությամբ էլ առաջիկայում կաշխատենք»,- եզրափակեց Արմինե Ղուլոյանը:
Գայանե Առաքելյան
Բեռլին
Ապրեք,
Ձեզ մաղթում եմ հաջողություն, որովհետեվ շատ գնահատելի է, որ Գերմանիայում ձեր երաժշտական դպրոցը կարող էիք անվանել գերմանացի մի երաժշտի անունով’ փոխարեն դուք այն անվանեցիք մեր մեծ Կոմիտասի անունով եւ անելու եք ամեն ինչ որ որակը լինի բարձր եւ Կոմիտասի արժեքին համապատասխան!