«Հայազն» կուսակցությունն այսօր` հուլիսի 2-ին, «Կոնգրես» հյուրանոցում գումարեց իր 3-րդ համագումարը, որի ընթացքում հայտարարվեց` կուսակցությունը մասնակցելու է առաջիկա ՏԻՄ եւ 2017թ. ԱԺ ընտրություններին:
«Որպես առաջնային գործընթաց դիտվում է տեղական կառույցների ձեւավորումը: Հույս ունենք, որ աշնանը կկարողանանք հազարավոր համակիրների մասնակցությամբ նախընտրություն անցկացնել եւ առաջին անգամ ՀՀ քաղաքական գործընթացում նախընտրական ցուցակ ձեւավորել ժողովրդի կողմից: Մեր կարծիքով` դա մեր մրցունակության ապացույցն է, մենք վախենալու ոչինչ չունենք: Մեր ներկայացրած ծրագիրը հավանելու դեպքում ցանկացած քաղաքացի կարող է այդ ցուցակում զբաղեցնել իր արժանի տեղը»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը:
Նրա խոսքով` կուսակցությունը հավատարիմ է լինելու իր խոստումներին, որպեսզի չարժանանա մինչ օրս խոստումներ տվող եւ դրանք չիրականացնող որոշ քաղաքական թիմերի ճակատագրին: Մկրտչյանը ներկայացրեց նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ կուսակցության դիրքորոշումը. «Դեմ ենք զիջման պարտադրանքով բանակցություններին: Հարցի լուծումը տեսնում ենք Արցախն օր առաջ մայր Հայաստանին միացնելու մեջ, եւ դրա առաջին քայլը 2017թ. ընտրություններին ընդառաջ Արցախում ընտրատեղամասերի հիմնումն է: Դա ձեւակերպելու ենք որպես համապետական պահանջ, փորձելու ենք այն հասցնել հաղթանակի եւ ստիպել իշխանություններին գնալ այդ գործողությանը»:
Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը եւ Շանթ Հարությունյանի որդու առեւանգման դեպքին` Արմեն Մկրտչյանն ասաց. «Դա իշխանությանը հատուկ գործելաոճ է, որը մեզ համար անընդունելի է: Ակնհայտ է, որ իշխանությունն ամեն կերպ փորձում է մարդկանց աչքի առաջ վախի օրինակներ ստեղծել` մարդկանց առեւանգելով եւ գլխին գործ սարքելով»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ