Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը դրական հանգուցալուծում չի ունենա». Արմեն Պետրոսյան

Հուլիս 02,2016 14:38

Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումից գրեթե մեկ ամիս անց` հուլիսի 5-ին, Իսրայելի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության հարցը: Այս մասին օրերս լրատվամիջոցներին տեղեկացրել էր հայտնի ցեղասպանագետ Յաիր Աուրոնը:

Թեմայի շուրջ Aravot.am-ի հետ զրույցում արաբագետ Արմեն Պետրոսյանը նախ արձանագրեց, որ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, սովորաբար, տեղի է ունենում ապրիլի 24-ին նախորդած օրերին, սակայն այս տարի նման բան տեղի չունեցավ. «Պատճառն այն է, որ բավականին ակտիվ ընթանում էր իսրայելաթուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց: Որպեսզի այն որեւէ կերպ չխաթարվի, եւ կողմերն ի վերջո գան հաշտության, նաեւ իշխանությունների հրահանգով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ավանդական մեկնարկ տեղի չունեցավ»:

Սպասվելիք քննարկման շուրջ Արմեն Պետրոսյանը նշեց, որ այն խնդրի արծարծման հետ կապված որեւէ լուրջ ազդեցություն չի կարող ունենալ. «Ենթադրաբար, Կնեսետում ընդհանուր քննարկում տեղի կունենա, եթե, իհարկե, տեղի ունենա, ինչից հետո, հնարավոր է՝ հարցի քննությունը հանձնարարվի խորհրդարանական որեւէ հանձնաժողովի, ինչպես նախկինում է արվել, եւ հարցը կմնա այդ շրջանակում»:

Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ` իսրայելաթուրքական հարաբերությունների կարգավորումը սկզբնական փուլում է, հետեւաբար, Իսրայելը կխուսափի Թուրքիայի հետ նոր խնդիրներ առաջացնելուց, քանի որ կողմերը բավականին երկար են սպասել հաշտեցմանը. «Կարծում եմ` Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը ձեւական գործընթաց կլինի` կարճ եւ սեղմ ընթացակարգով: Երբ թուրք-իսրայելական հարաբերություններում լարվածության շրջափուլ էր, իսրայելական կողմն իշխանական մակարդակով չէր խոչընդոտում, այլ հակառակը՝ թույլ էր տալիս, որ առնվազն քարոզչական մակարդակով խնդիրը արծարծվի, եւ դա որպես ճնշման միջոց փորձում էին օգտագործել Թուրքիայի դեմ»:

Մեր զրուցակցի բնորոշմամբ` 2013թ-ից, երբ սկսվեց Իսրայել-Թուրքիա մերձեցման գործընթացը, հայոց ցեղասպանության ճանաչումը կորցրեց իր քաղաքական և քարոզչական նշանակությունը. «Գրեթե ամեն տարի փորձ է արվում հարցը բարձրացնել Իսրայելի խորհրդարանում, բայց այն լուրջ հանգուցալուծում չի ստանում: Տրամաբանական է եւ ենթադրելի, որ այս տարի եւս այդպես կլինի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031