Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն անդրադարձել է վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի հետ հարաբերություններում նկատվող դրական զարգացումներին՝ ասելով, որ այլ պետությունների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակական բնույթ է կրելու։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Հաթայ այցելած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջիկա ծրագրերին՝ նշելով, որ իր կառավարությունը կփորձի շարունակական դարձնել այլ պետությունների հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես դա արեց Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության պարագայում։
Անդրադառնալով Թուրքիայի արտաքին քաղաքականության ներկայիս մարտահրավերներին՝ Յըլդըրըմն ասել է. «Մեկ-մեկ կարգավորում ենք Թուրքիայի համար խնդրահարույց երկրների հետ հարաբերությունները։ Ռուսաստանի և Իսրայելի հետ մեր հարաբերությունները վերադառնում են բնականոն ընթացք։ Հույս ունեմ, որ Սիրիայում պատերազմը կավարտվի, կրկին կվերադառնանք լավ օրերի, նույնը կլինի նաև Իրաքի և Եգիպտոսի պարագայում, որովհետև այս տարածաշրջանում պետք է իշխի եղբայրությունը, բարեկամությունը, միությունն ու միասնականությունը»։