Ռուսական Gazeta.ru-ն անդրադարձել է «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին ու դրա հնարավոր ազդեցությանը։
Ռուսական պարբերականի պնդմամբ՝ հակաօդային միավորված համակարգի ամենամեծ թերությունն այն է, որ որևէ մեկը չգիտի, թե ով է ղեկավարելու այն։
Համաձայնագրի վավերացմանն ու դրա հետևանքներին անդրադարձել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը, նշելով, որ Բաքուն մտավախություն ունի, թե «Հայաստանը կարող է խաբել ռուսական ղեկավարությանը» և դրդել նրան՝ խոցել ադրբեջանական ինքնաթիռներ. «Հիմա 1990-ականները չեն, երբ ադրբեջանական բանակը շատ խնդիրներ ուներ։ Մեր երկրի տիրապետության տակ հիմա մեծ քանակով տարբեր տեսակի ռազմամթերք կա՝ շնորհիվ Ռուսաստանից, Իրանից, Պակիստանից, Իսրայելից կատարված գնումների»։
Թեմային անդրադարձել է նաև ռուս փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ նշելով, որ Հայաստանը նախկինում էլ էր օգտվում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգից և եթե ռազմական ինքնաթիռներ ներխուժեն Հայաստանի օդային տարածք՝ ռուսները կարող են խոցել դրանք։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2016թ. հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն 102 կողմ, 8 դեմ համամասնությամբ վավերացրեց «2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: