Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ մուրացկաններն ու միայնակ կենսաթոշակառուներն են սննդից հարկվում Հայաստանում

Հուլիս 02,2016 10:50

Ավելացած արժեքի հարկը՝ ԱԱՀ-ն 20 տոկոս է Հայաստանում: ԱԱՀ կիրառում են նաև գրեթե բոլոր եվրոպական երկրները, որոնց տնտեսավարման մոդելը մենք՝ հայերս հավանում ենք և ցանկանում ենք ընդօրինակել: Նրանցից մի քանիսի ԱԱՀ-ն 20 տոկոսից ավելի է, օրինակ՝ Հունգարիայում 27 տոկոս է, Խորվաթիայում և Դանիայում՝ 25, Ֆինլանդիայում և Հունաստանում՝ 24, բայց այդ երկրների մեկ շնչին ընկնող համախառն արտադրանքի ցուցանիշը, որը որոշում է երկրի աղքատության մակարդակը, շատ անգամ ավելի բարձր է, քան Հայաստանում:

Հաշվի առնելով նաև, որ Հայաստանի շրջափակման մեջ գտնվելն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, ինչպես նաև լարված պատերազմական վիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև Արցախի ազգային-ազատագրական պայքարի պատճառով, ԱԱՀ-ն ահավոր ծանր բեռ է դարձել հայ քաղաքացու համար, հատկապես սննդի և վառելիքի առումով: Պետական բյուջեն պետք է ծառայի ժողովրդին՝ բարելավի նրանց կյանքի պայմանները, հատկապես՝ սոցիալապես անապահով հատվածինը, ուրեմն ի՞նչ իմաստ ունի աղքատության բավականին բարձր մակարդակ ունեցող Հայաստանում նույնիսկ ուտելիքից ու վառելիքից ԱԱՀ վերցնել ու հետո իբրև՝ որպես սոցիալական օժանդակություն նորից վերադարձնել ժողովրդին…

Ամերիկայի Միացյալ Նահանգները, Արաբական Միացյալ Էմիրություններն ընդհանրապես ԱԱՀ չեն կիրառում: Դեռ ավելին, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ուտելիքից բացարձակապես ոչ մի տեսակի հարկ չեն վերցնում ժողովրդից: Բացի դրանից, եթե մարդը եկամուտ չունի, կամ էլ այն ցածր Է, ապա ստանում է ամսական՝ մոտ 175 դոլարի չափով դրամական օգնություն՝ սննդի քարտի (food stamp) ձևով: Այդ պատճառով այնտեղ քաղցած մարդ տեսականորեն չկա: Մենք՝ հայերս հավանում ենք նաև ամերիկյան տնտեսավարման մոդելը, որտեղ փաստորեն ԱԱՀ չկա, իսկ սնունդն էլ ոչ մի կերպ չի հարկվում, այդ դեպքում՝ ինչո՞ւ չընդօրինակել այն: Դրանից կշահի թե՛ ժողովուրդը, և թե՛ պետությունը:

Իհարկե, տարօրինակ կլիներ, որ Հայաստանը չկիրառեր ԱԱՀ, քանի որ հարկերը՝ հայաստանյան իշխանությունների շքեղ գոյատևման և պահպանման, ինչպես նաև երկրի բնակչության՝ մեծամասնության սոցիալական հարցերի մասնակի լուծման՝ աղքատիկ թոշակներ ու նպաստներ, անվճար ամբուլատոր բուժումներ և այլնի, ապահովման հիմնական միջոցներն են:

Հայաստանի իշխանությունները պետական բյուջեն լցնելու միակ միջոցը համարում են հարկերը: Այդ է վկայում նրանց վարած քաղաքականությունը՝ անընդհատ փոփոխվող հարկային օրենսդրություն՝ բնականաբար միտված հարկերն ավելացնելուն, պասսիվ ներդրումային քաղաքականություն թե՛ ներքին, և թե՛ արտաքին ներդրողների համար, անբարենպաստ պայմաններ փոքր բիզնեսի համար, մաքսային կոշտ քաղաքականություն, ինչպես նաև մենաշնորհային հովանավորչություն՝ ցայտուն արտահայտված կոռուպցիայի դրսևորում, քանի որ այդ մենաշնորհները գնվում են:

Բոլորին է հայտնի շաքարավազի, վառելիքի, հացահատիկի և այլ կարևոր նշանակություն ունեցող ապրանքատեսակների մենաշնորհային դիրքերը հայկական շուկայում, քանզի յուրաքանչյուր քաղաքացի օգտվում է դրանցից, ընդ որում անխղճորեն թալանվելով՝ հսկայական եկամուտով ապահովելով մենաշնորհ գնած տնտեսավարողներին: Այսպես կոչված՝ հայաստանյան տնտեսավարման քաղաքականությունը չի կարող հրապուրել ներդրողներին, հատկապես՝ արտասահմանցիներին, այդ թվում նաև սփյուռքահայերին: Ներդրում կատարում են կայուն տնտեսություն ունեցող, հարկային մեղմ քաղաքականությամբ, չկոռումպացված երկրներում: Այն երկրներում, որտեղ հարկային օրենսդրությունը փոփոխվում է անընդհատ, ըստ որում ի վնաս տնտեսավարողների՝ երբեք ներդրողներ չեն հայտնվի:

Հայաստանում ԱԱՀ կիրառվում է բոլոր ապրանքների, ծառայությունների և ուտելիքի նկատմամբ՝ սահմանված 20 տոկոսի չափով: Դա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացին ստիպված է դժվարությամբ ձեռք բերվող իր սննդի համար վճարվող գումարի 1/5-ը նվիրել պետությանը: Նա ստիպված է նաև գազի, և էլեկտրականության համար ոչ միայն վճարել շատ բարձր գին՝ մեկնարկային գնից մոտ երկու անգամ ավելի, որն իբր ծախսվում է տեղափոխման և շահագործման ծախսերը հոգալու համար, այլ նաև հավելյալ վճարել, առանց այն էլ այդ բարձր գներին ԱԱՀ, այսինքն՝ իր ծախսած էլեկտրաէներգիայի և գազի 1/5-ի չափով:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքացին հատկապես շատ էլեկտրականություն և գազ է ծախսում աշնան, ձմռան և գարնան ամիսներին՝ պարզապես ցրտից չսառչելու համար: Երևի երկրի իշխանություններն ափսոսում են, որ ամռան էլ ցուրտ չէ Հայաստանում, որպեսզի աստղաբաշխական եկամուտներ ստանային նաև ամռան ամիսներին: Առանց չափազանցնելու՝ դրանք աստղաբաշխական եկամուտներ են: Օրինակ՝ բնակչության սննդից հարկվող եկամուտներից, միայն ԱԱՀ-ի շնորհիվ, պետությունը ստանում է օրական մոտ 1,2 մլն դոլարի եկամուտ (եթե մեկ շնչին ընկնող օրական սննդի ծախսը հաշվենք նվազագույնով, այն է՝ 1000 դրամ կամ 2 դոլար, բնակաչության թիվը՝ 3 մլն), ամսական՝ 36 մլն դոլարի, իսկ տարեկան՝ 432 մլն դոլարի: Մի՞թե սրանք աստղաբաշխական թվեր չեն, այն դեպքում, երբ ԱԱՀ հարկվում է բոլորից՝ նույնիսկ մուրացկաններից, միայնակ թոշակառուներից ու հաշմանդամներից:

Ցուրտ եղանակին մեկ ընտանիքի գազի և էլեկտրականության ծախսերն ամսական կազմում են նվազագույնը՝ 100 հազար դրամ կամ մոտ 200 դոլար ամսական, որի ԱԱՀ-ն 20 տոկոսով հաշված կազմում է ամսական 40 դոլար, ամբողջ ցուրտ սեզոնի ընթացքում, որը տևում է մոտ 5 ամիս, դա կազմում է 200 դոլար: Քանի որ ՀՀ-ում կա մոտավորապես 750 հազար ընտանիք և նրանց 1/3-ը աղքատ է՝ ըստ պաշտոնական տվյալների, ապա 500 հազարը միայն կարող է տաքանալ, այսինքն` ինտենսիվորեն վճարել գազի և էլեկտրականության համար ցուրտ եղանակներին, այսինքն՝ պետության ստացած եկամուտը տարեկան կկազմի մոտ 100 մլն դոլար: Փաստորեն գազի գնի բարձրացումը ձեռնտու է պետությանը:

Միայն ուտելիքի և վառելիքի վրա դրված ԱԱՀ-ի շնորհիվ պետությունն ավելի քան 532 մլն դոլար է քերթում ժողովրդից, ներառյալ աղքատներից, որոնք կազմում են բնակչության ավելի քան 1/3-ը, այսինքն` աղքատները տարեկան մոտ 140 մլն դոլար եկամուտ են ապահովում պետությանը՝ իրենց սննդի վրա կիրառվող ԱԱՀ-ի պատճառով: Սա չափազանց ցայտուն արտահայտված անարդարություն է՝ կիրառված օրվա հացի կարոտ մարդկանց նկատմամբ:

Եթե, իրոք, Հայաստանի կառավարությունն ուզում է պայքարել աղքատության դեմ և նվազեցնել աղքատների թիվը երկրում, նվազեցնել արտագաղթը, ապա առաջին հերթին, առանց վարանելու, պետք է դադարի անխղճորեն թալանել բոլոր թոշակառուներին և նպաստառուներին: Նրանք, փաստորեն իրենց աղքատիկ թոշակների և նպաստների 1/5-ը վերադարձնում են պետությանը ԱԱՀ-ի տեսքով: Պետությունը պարտավոր է 20 տոկոս հավելավճարի չափով ավելացնել նրանց տրվող գումարները՝ որպես ԱԱՀ հատուցում:

Ընդհանրապես պետք է հետևել Ամերիկայի Միացյալ Նահանգների օրինակին և հանրապետությունում հանել սննդի վրա կիրառվող բոլոր տեսակի հարկերը, ներառյալ ԱԱՀ-ն, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և գազի վրայից, և դրա համար չպետք է հորինել հարկի ուրիշ տեսակներ, այլ զարգացնել տնտեսության կարևորագույն ուղղությունները, ինչպիսիք են ռազմական արդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաների կիրառման ու մշակման ոլորտը, գյուղատնտեսությունը, թեթև արդյունաբերությունը, էլեկտրոնային տեխնիկան և այլն, նաև ստեղծել բարենպաստ պայմաններ փոքր բիզնեսի, օտարերկրյա և ներքին ներդրումների համար:

Ցավոք սրտի, պետությունը ճիշտ հակառակ ձևով է վարվում՝ ամեն կերպ խեղդում է փոքր բիզնեսը՝ ի օգուտ խոշոր բիզնեսի, ինչպես նաև օրեցօր վատթար ներդրումային քաղաքականություն է վարում: Այսպիսի տնտեսական քաղաքականությունը շատ ձեռնտու է խոշոր բիզնեսին և օլիգարխներին, բայց կործանարար է հայաստանյան տնտեսության ընդհանուր ու համաչափ զարգացման համար: Մենաշնորհներն ու կոռուպցիան ամբողջությամբ բացառում են բաց և մրցակցային շուկայի զարգացումը Հայաստանում:

Հատկապես՝ կարևոր է զարգացնել ռազմական արդյունաբերությունը, քանի որ մենք շրջապատված ենք Ադրբեջանի և Թուրքիայի նման թշնամի երկրներով, բացի դրանից ռազմամթերքն ամենասպառվողն է ամբողջ աշխարհում և կարող է մեծ եկամուտ բերել Հայաստանին: Դա նաև համաշխարհային շուկայի միակ բնագավառն է, որտեղ գրեթե մրցակցության չկա, քանի որ սպառողը հաշվի է առնում ապրանքատեսակների միայն ցածր գները, բնութագրերն ու հուսալիությունը:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում զենքի խանութները եզակի արտոնյալ դիրք ունեն շուկայում: Այսինքն՝ զենքի և զինատեսակների նույնիսկ մանրածախ առևտուրն է զարգացած: Մարդիկ շաբաթներով սպասում են իրենց հերթին, որպեսզի գնեն իրենց ընտրած զինատեսակը: Ամերիկյան շուկայում նույնիսկ ռազմամթերքի դեֆիցիտ կա… Ամերիկացիները մեծ հաճույքով կգնեին ռազմամթերք նաև Հայաստանից: Չէ որ, նրանք գնում են Ռուսաստանից, Գերմանիայից, Իտալիայից և նույնիսկ զարգացող երկրներից:

Ռազմական արդյունաբերության զարգացումը Հայաստանում հնարավորություն կտա նաև մեծ թվով աշխատատեղեր բացել, որտեղ փաստացի գործազրկությունը 30 տոկոսից ավելի է: Գոնե ուշացումով պետք է ստեղծել ռազմական արդյունաբերություն Հայաստանում: Այն պետք է ինքնուրույն զարգանա, ինչպես տնտեսության առանձին ճյուղ, ունենա իր սեփական գործարանները և ենթարկվի միայն շուկայական օրենքներին, և չպետք է ենթարկվի անգամ պաշտպանության նախարարությանը՝ իր գլխավոր սպառողին և հանրապետության նախագահին:

Հայերը խելոք են և աշխատասեր, բայց չունեն պետական մտածողություն, առանց որի հնարավոր չէ դրսևորել հայրենասիրություն: Բոլորովին վերջերս պարզվեց, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները 1994թ. զինադադարից ի վեր զենք չեն գնել՝ հույսը դնելով պատերազմի տարիներին ձեռք բերված, 80-ականներին արտադրված, բնականաբար, այժմ հնացած զինատեսակների վրա: Ցավալի է, բայց փաստ, որ գրեթե բոլորը, ովքեր բարձր պաշտոններ ունեն, պատահականորեն են հայտնվել այդ դիրքերում, պաշտոններ նշանակելիս էլ հաշվի չեն առնվում մարդու կրթությունը, ընդունակությունները, մտավոր ունակություններն ու արժանիքները: Պատասխանատու պաշտոններ գրաված մարդիկ չպետք է միաժամանակ զբաղվեն բիզնեսով: Դրա համար հորդորները, նախազգուշացումները և այլ բարոյա-խրատական միջոցառումները բավական չեն, այլ պետք են խիստ, չափազանց խիստ քրեական պատասխանատվությամբ օրենքներ սահմանել նման, պետությանը կործանող, երևույթները բացառելու համար: Ըստ որում` պատժի չափը պետք է ուղիղ համեմատական լինի պետությանը հասցված նյութական և բարոյական վնասին:

Ոչ մի հայ չէր ցանկանա, որ Հայաստանը հայտնվեր հայտնի անեկդոտում նկարագրվող կարգավիճակում, որտեղ ասվում է. «Գողանալը դա հանցագործություն է, շատ գողանալը՝ բիզնես, իսկ ժողովրդին թալանելը՝ քաղաքականություն»:

Մարտին ՇԻՐԻՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Միայն էմոցիաներ են եւ ի վնաս մեզ համեմատություններ: Մինչդեռ կարելի է լրիվ տրաբանական հարց տալ. ինչո՞ւ պետք է քաղաքացին անուղղակի հարկ վճարի եւ ի՞նչ միջոցներից պետք է վճարի: Հենց որ այս հարցին պատասխան տրվի (իսկ անշահախնդիր եւ տրամաբանված պատասխանելու դեպքում պատասխանը միակը կլինի)՝ կտեսնենք, որ բոլոր անուղղակի հարկերը ինքնաբերաբար կվերանան:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031