Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի պապը Հայաստանն ընդունում է որպես սրբատեղի. «Ազգ»

Հուլիս 02,2016 10:18

Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան եւ նրա տված գնահատականները, մեր կարծիքով, բոլորովին նոր տեղ են հատկացնում Հայաստանին համաշխարհային պատմության մեջՙ սկսած հին շրջանից մինչեւ մեր օրերը: Դրա համար հիմք են ծառայում երեք գործոններ եւ դրանց վերաբերյալ պոնտիֆիկի համապատասխան տեսադրույթները:

Առաջին, արժանի են ամենաբարձր գնահատականի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետեւողական ջանքերըՙ վերահաստատելու եւ համայն մարդկության սեփականությունը դարձնելու այն ճշմարտությունը, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ 301թ. Քրիստոնեությունը հռչակել է պետական կրոն: Դա, իհարկե, հայտնի էր նեղ մասնագետներին, սակայն ոչ օտար ժողովուրդներին, առավել եւս լայն խավերին:

Այդ տեսակետի հաղթանակի եւ նրա տարածման համար բացառիկ նշանակություն ունեցավ 2015թ., ապրիլի 12-ին Վատիկանում, Սբ. Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատարագը, որի ընթացքում նա նշեց , որ հայերն առաջինն ընդունեցին քրիստոնեական հավատը:

Այդ տեսադրույթին նա կրկին եւ ավելի հիմնարար կերպով անդրադարձավ իր երեւանյան այցի ժամանակ, հարստացնելով այն նոր մոտեցումներով: Այդ հարցը նա այնքան էր կարեւորում, որ նախքան Երեւան ժամանելը ուղերձով դիմեց մարդկությանը, խնդրելով օրհնեն նրան դեպի աշխարհում առաջին Քրիստոնեությունն ընդունած երկիրՙ Հայաստան ուխտագնացության գնալու ճանապարհին: Սա ֆանտաստիկա է:

Ավելացնենք, որ բոլոր քրիստոնեական հարանվանություններն ընդունում են, որ ուխտագնացությունը կապված է սրբավայրերի, սրբատեղիներ այցելելու հետ: Դրանով իսկ Հռոմի պապը Հայաստանն ընդունում է որպես սրբատեղի: Դա, իհարկե, բացառիկ, իր զուգահեռը չունեցող հասկացողություն է, բայց այդպիսին է Հռոմի պապի մոտեցումը:

Երկրորդ, Հռոմի պապը համաշխարհային պատմության մեջ Հայաստանի տեղի ու դերի մասին խոսելիս, Հայաստանի աշխարհում առաջին քրիստոնեական պետությունը լինելու գործոնից հետո, անդրադարձավ հայկական քաղաքակրթության եւ մշակույթի գործոնին: Նա Հայաստանը դասում է իր սեփական եւ ինքնատիպ քաղաքակրթությունը ստեղծած սակավ երկրների շարքը: Դեռ ավելին. հայերի, նրանց սկզբնաղբյուրների շնորհիվ է, որ այսօր գաղափար ենք կազմում նաեւ հնում ձեւավորված , իսկ հետո պատմության փոշիներում անհետացած այլ քաղաքակրթությունների մասին: Եվ իր ելույթներում Հռոմի պապը կարողացավ տեղ հատկացնել առանձին հայ մեծերի, որոնք անջնջելի հետք են թողել համաշխարհային մշակույթի փառավոր էջերում:

Հռոմի պապը էկումենիկ արարողության եւ խաղաղության աղոթքի ժամանակ հիշատակից Մեծ Հայերին, հայոց քաղաքակրթության պանծալի դեմքերին , ազդարարելով. «Մեծ Հայերի շարքին ուզում եմ ակնարկել սուրբ Ներսես Շնորհալի Կաթողիկոսին: Նա արտակարգ սեր էր տածում իր ժողովրդի եւ նրա ավանդույթների հանդեպ եւ միաժամանակ հակված էր մյուս եկեղեցիներին , անխոնջ միության փնտրտուքին ՙ Քրիստոսի կամքը իրականացնելու փափագով»: Հռոմի պապը Շնորհալուն համարում է սուրբ, որը ձգտում էր ընդօրինակել Քրիստոսի սիրո ոճը: Ինչպիսի համեմատություն, որը վկայում է Հայոց քաղաքակրթության տիեզերական անսահմանության մասին: Եվ դիմելով հայ երիտասարդներին, նա կոչ արեց նրանց. «Ամբարեք ձեր մեծերի իմաստությունը»:

Հռոմի պապը Հայ քաղաքակրթության մյուս կարկառուն դեմքը համարում է հանճարեղ Սուրբ Գրիգոր Նարեկացուն, «Քրիստոսի խաղաղության մեծ վկային եւ գործչին, որին ես Եկեղեցու Վարդապետ հռչակեցի»: Դա առաջին դեպքն էր, երբ ոչ կաթոլիկ եկեղեցուն պատկանող սուրբ գիտնականը հռչակվեց Տիեզերական Վարդապետ: Հռոմի պապը Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» գիրքը համարում է «Հայ ժողովրդի հոգեւոր սահմանադրություն»: Եվ, վերջապես, նա վկայակոչեց Եղիշե Չարենցին, որն անսպասելի էր եւ շատ մեծ տպավորություն գործեց:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Երեւանում կաթոլիկ եկեղեցու անունից արեց մի կարեւոր հայտարարություն. «Եկեղեցիները պետք է հավասար լինեն, մեկը մյուսին չպետք է կլանի, մեկը մյուսին չպիտի ենթարկվի»: Մենք դա համարում ենք «Երեւանյան հռչակագիր», որը եթե իրագործվի, ապա նոր իրադրություն եւ մթնոլորտ կստեղծվի եւ նոր հնարավորություններ կբացվեն եկեղեցիների համաշխարհային համագործակցության ճանապարհին:

Երրորդ, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Թեեւ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր դեռեւս 2015թ. ապրիլին Վատիկանի Սբ. Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության Հարյուրամյակի տարելիցի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ, այդուհանդերձ, շատերն անհասկանալի պատճառով, անհամբեր սպասում էին արդյոք պոնտիֆիկը կրկին կհիշատակի՞ Հայոց ցեղասպանության մասին: Հատկապես այդ հարցը մտահոգում էր արտասահմանյան մի շարք պետական, քաղաքական եւ հասարակական գործիչների, լրատվամիջոցների եւ այլն: Պոնտիֆիկը, այնուամենայնիվ, օգտագործեց այդ եզրը:

Պրոֆ. Նիկոլայ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    —և Սերժ Սարգսյանին էլ ամենամեծ սուրբը ապրողների և մեռյալների մեջ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031