Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցածր հաճախականությունների» վրա

Հուլիս 02,2016 10:00

Այս շաբաթ հասարակությունը եւ հատկապես ֆեյսբուքյան օգտատերերն ահագին զվարճացան պատգամավորական «սքեթչերով» եւ պատասխան «ռեպլիկներով»: Ասել, որ դա համաշխարհային խորհրդարանական պրակտիկայում արտառոց բան է, իհարկե, չափազանցություն կլիներ: Մյուս կողմից՝ ոչ նորմատիվ բառապաշարն, իհարկե, չի նպաստում ոչ մեր, ոչ էլ որեւէ այլ խորհրդարանների վարկանիշին: Չնայած հավանողներն էլ են շատ` «հալալ ա, քեզ», «խզարեցիր», «սրանց բոլորին պետք ա…» եւ այլն:

Բայց ես ուզում եմ խոսել փոքր-ինչ այլ բանի` տատանումների («վիբրացիաների») մասին: Ինձ թվում էր, որ Հռոմի պապի այցը գոնե մի քանի օրով մարդկանց հոգիները կտրամադրի այլ՝ ավելի բարձր «տատանումների» կամ «հաճախականության»: Ինչ-որ բանից, ի վերջո, պե՞տք է երեւա, որ մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք: Թե՞ պարզապես «տղաներ» ենք ու «աղջիկներ», որոնք բախտի ինչ-որ քմահաճույքով հավաքվել են մի փոքրիկ հողատարածքում` հատուկ իրար խոցելու համար:

Փողոցում մի քաղաքացի «բռնացրել էր» Հրանտ Բագրատյանին եւ արտասանում էր 25 տարի կրկնվող, ավանդական տեքստերը՝ «թալանեցիք, զավոդները փակեցիք» եւ այլն: Ի՞նչ պետք է դրան պատասխանի նախկին վարչապետը, Ազգային ժողովի պատգամավորը, գիտությունների դոկտորը: Ինձ թվում է՝ նա պիտի քաղաքացուն խաղաղություն, երջանկություն եւ առողջություն մաղթեր: Բայց ոչ, պատգամավորն սկսում է նույն կրքով բացատրել, որ նա չի թալանել եւ գործարաններ է բացել (որն, ի դեպ, տվյալ դեպքում ճիշտ է): Պարզ է, որ պրոֆեսորը եւ փողոցում «մուննաթ էկող» քաղաքացին հայտնվել են նույն «հաճախականության» վրա, որի պարագայում կոնֆլիկտն ու հրմշտոցն անխուսափելի են: Շատ բաներում նրանք տարբեր են, բայց նրանց միավորում է այն, ինչ կոչվում է «հոգու վիբրացիաներ»: (Հոգեբանները, հոգեւոր կյանքի հետազոտողները կարող են տալ դրա գիտական բացատրությունները): Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Վահրամ Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանը՝ անկախ նրանից, թե ով է ճիշտ կամ սխալ, ով է ավելի կամ պակաս կարդացած, նրանք բոլորն իրենց շփումներում գտնվում են դանդաղ, «ծանր» տատանումների ոլորտում:

Որպեսզի մինչեւ վերջ պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, եկեք պատկերացնենք, որ փողոցով քայլում է Տիգրան Մանսուրյանը, եւ նրան մոտենում է մի բորբոքված քաղաքացի ու սկսում է կրքոտ տոնով մեղադրել՝ «դու վատ երաժշտություն ես գրում»: Կոմպոզիտորը դրան պատասխանելու է մոտավորապես այսպես՝ «հա, ջանիկս, ճիշտ ես ասում, կաշխատեմ հետագայում ավելի լավ գրել»: Որովհետեւ նա այլ «հաճախականության» վրա է գտնվում: Որովհետեւ նրա ուշքն ու միտքը երաժշտություն գրելն է, ոչ թե խոցվելը կամ ուրիշին խոցելը:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մտավորականը իր մասնագիտական կամ էլ ոչ մասնագիտական բնագավառներում հաջողությունների մեծ փորձ ունի, նա այդ հաջողություններին հասել է սեփական թուլությունները հաղթահարելու հզոր ոգու շնորհիվ, որն էլ ի հայտ է գալիս հզոր բնազդային սկզբունքի դեպքում, երբ է՛լ նահանջելու տեղ չկա ու միակ փրկությունը՝ հաղթանակն է, դա այն աստվածային հրաշքն է, երբ քո հաղթանակին նպաստում են նույնիսկ քո չկամ նախանձ թշնամիներն, էլ չեմ ասում անկեղծ քո հաջողությամբ ուրախացողները։ Դրա համար էլ իսկական մտավորականը հանգամանքներից, թշնամիներից ու կառավարությունից չի բողոքում, ինքն իր հզոր ոգով, իր անսասան սկզբունքով համոզված է իր աստծու ու իր հաջողության հարցում։ Մնում է, որ մեր տաղանդավոր մտավորականները գործեն ու իրենց հաջողությամբ օրինակ ծառայեն ու դաստիարակեն բողոքականներին։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031